Հայաստանում 2.1 անգամ աճել է ծայրահեղ աղքատության ցուցանիշը

Լուսանկարը՝ AP

Հայաստանում 2021 թվականին ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.5 տոկոս, որը 2.1 անգամ ավելի է 2020-ին արձանագրված ցուցանիշից՝ 0.7 տոկոս: Ինչ վերաբերում է երկրում աղքատության մակարդակին ընդհանուր առմամբ, ապա այդ ցուցանիշը թեպետ շարունակում է երկնիշ մնալ, սակայն էական փոփոխություն չի կրել՝ մեր երկրում աղքատության մակարդակը 2021-ին կազմել է 26.5 տոկոս և նախորդ տարվա 27 տոկոսից նվազել է 0.5 տոկոսային կետով: Այս ցուցանիշները նոյեմբերի 30-ին հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն (ՎԿ)՝ ներկայացնելով երկրի սոցիալական վիճակը:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այս ցուցանիշին, և եզրակացրել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հակաճգնաժամային միջոցառումները եղել են «խիստ հասցեական»:

«Այսինքն՝ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ քովիդը ավարտվել է և հակաճգնաժամային ծրագրերն էլ ավարտվել են ըստ էության, ցուցանիշը մի փոքր ավելացել է: Մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք և նաև աղքատության հաղթահարման ռազմավարությունը պետք է մշակենք մեր գաղափարաբանության շրջանակներում: Իսկ գաղափարաբանությունն այն է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Այլ տարբերակ չկա», -ասել է վարչապետ Փաշինյանը:

ՎԿ-ն հրապարակած աշխատության մեջ բացատրում է՝ Հայաստանի բնակչությունը, ըստ աղքատության կարգավիճակի, բաժանվում է աղքատ և ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են` շատ աղքատներ, և նրանց թվում` ծայրահեղ աղքատներ:

Այսպես, աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից. այս մակարդակը Հայաստանում կազմում է 45.7 տոկոս, և, ըստ ՎԿ-ի՝ այս խմբի մարդիկ սպառում են ամսական 57.744 դրամ:

Շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից. այս մակարդակը Հայաստանում 10.5 տոկոս է՝ ամսական 38.548 դրամ սպառմամբ: Ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 1.5 տոկոս, ամսական 26.500 դրամ սպառում:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության 54.3 տոկոսը ոչ աղքատ բնակչությունն է: Երևանում աղքատ է բնակչության 15.9 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատ՝ 0.2 տոկոսը:

Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է: Ըստ ՎԿ-ի՝ աղքատության հարաբերական ռիսկն աճում է տնային տնտեսության չափին զուգահեռ. բազմանդամ տնային տնտեսություններն ունեն ավելի շատ երեխաներ, հետևաբար՝ եկամուտ ստացողների ավելի ցածր մասնաբաժին, ինչն էլ հանգեցնում է նրանց սպառման ցածր մակարդակի:

Օրինակ՝ 2021-ին 7 և ավելի անդամ ունեցող տնային տնտեսությունների 5.7 տոկոսը եղել է ծայրահեղ աղքատ, իսկ աղքատ՝ 49.1 տոկոսը: 1 անդամ ունեցող տնային տնտեսությունների 6.3 տոկոսն է աղքատ, 2 անդամ ունեցողների՝ 13.5 տոկոսը: Ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների 1.6 տոկոսի դեպքում գլխավորը տղամարդն է, իսկ 1.2-ի դեպքում՝ կինը: Հատկանշական է, որ աղքատ տնային տնտեսությունների 27.4 տոկոսի դեպքում գլխավորը տղամարդն է, 23.5 տոկոսի դեպքում՝ կինը: Ընդ որում՝ այն տնային տնտեսությունները, որտեղ կինը գլխավոր է և և ապրում է մինչև 6 տարեկան երեխաների հետ, կազմել է 39.1 տոկոս:

ՎԿ-ի եզրակացությամբ՝ համեմատաբար բարեկեցիկ տնային տնտեսություններն ավելի մեծ հաջողությամբ են վերականգնվում ու հաղթահարում աղքատությունը, մինչդեռ ծայրահեղ աղքատ և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների պայմանները 2021-ին մնացել են նույնը կամ թերևս նույնիսկ վատացել են:

Նշվում է, որ այս միտումների վրա հնարավոր ազդեցություն է ունեցել բարձր գնաճը, հատկապես պարենային ապրանքների և վառելիքի մասով, «քանի որ գների բարձրացումները հակված են աղքատ և խոցելի տնային տնտեսությունների վրա ռեգրեսիվ և անհամաչափ ազդեցություն ունենալ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am