Շահավետ իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի համար. անորոշ ու ձգձգվող ներքաղաքական դիվիդենտներ շահելու ժամանակը

Շահավետ իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի համար. անորոշ ու ձգձգվող ներքաղաքական դիվիդենտներ շահելու ժամանակը
Շահավետ իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի համար. անորոշ ու ձգձգվող ներքաղաքական դիվիդենտներ շահելու ժամանակը

Նախագահական ընտրություններից հաշված ամիսներ առաջ ներքաղաքական անորոշ և լղոզված իրավիճակում, ԲՀԿ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նախաձեռնությունը, ըստ վերլուծաբանների, վարկանիշային առումով դիվիդենտներ շահելու միտում ունի:
Անցյալ շաբաթ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության նախաձեռնությունը` կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին դեռևս պասիվ ներքաղաքական դաշտի քննարկումների և գնահատականների առիթ դարձավ:
Կուսակցությունը թեև արդեն իսկ սկսել է բանակցությունների շարքը ընդդիմադիր դաշտի տարբեր կուսակցությունների հետ, իսկ ՀՅԴ-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա, այնուամենայնիվ, պարզ չէ, թե «երկրում լրջագույն համակարգային փոփոխությունների» ԲՀԿ ձգտումն ի՞նչ հանգրվանի կհասնի:

Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանն ասում է, որ ԲՀԿ-ն լավ հաշվարկ է արել և գիտի, որ այդ առաջարկությունների հետ կապված միևնույն միտումներն ունեն ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»:

«Իհարկե, ես այստեղ նաև նախընտրական տարր եմ տեսնում, ու ԲՀԿ-ն պատահական չի ընտրել այս ժամանակահատվածը: Բայց ֆորմալ առումով պետք է ասենք, որ իր նախընտրական ծրագրերում ԲՀԿ-ն ուներ նման կետ և, այս պահին առաջարկությամբ հանդես գալով, փորձում է այն դնել շրջանառության մեջ, որպեսզի կոնսոլիդացիոն կենտրոն ստեղծի քաղաքական դաշտում»,- ասում է Բոզոյանը:

Բոզոյանի կարծիքով` այդ համախմբման կարիքը կա քաղաքական դաշտում, որը և կլինի այլընտրանքային ուժ նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության դեմ, իսկ իշխանությունը բավականին ուժեղ է, եթե հաշվի ենք առնում, թե ինչ վարչական ու ֆինանսական ռեսուրսների է տիրապետում:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, գնահատելով ԲՀԿ-ի վերջին քայլերը, բնավ չի կիսում այն տեսակետը, որ կուսակցությունը փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել` համարելով, որ «ԲՀԿ-ն այսօր դրա կարիքը չունի»:

«Չեմ կարծում, որ այսօր հասարակությունը համակարգային խնդիրների լուծման կարիք ունի, մարդկանց այլ խնդիրներ են հետաքրքրում, այս պահին հասարակության համար կարևոր չեն ոչ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգը և ոչ խորհրդարանական կառավարման անցնելու ձևը»,- ասում է Բադալյանը:

Այնուամենայնիվ, եթե նախաձեռնությամբ ԲՀԿ-ին հաջողվի նախագահական ընտրություններից առաջ համախմբել քաղաքական ուժերին, ըստ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանի, ապա «դա Հայաստանում կլինի արտառոց դրական երևույթ»:

«Եթե ԲՀԿ-ին դա հաջողվի, շատ լավ կլինի»,- «Մեդիալաբին» ասում է Թևանյանը:

Սակայն մինչ նոր զարգացումները, քննարկումների և համաձայնությունների փուլում գտնվող ԲՀԿ նախաձեռնությունը «հարձակման» ենթարկվեց երբեմնի գործընկերների կողմից:

Իշխանական կոալիցիայի նախկին գործընկերոջ նախաձեռնության մասին խոսելիս ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը որակեց այն որպես «պարզունակ քայլ»:

«Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է»,-հայտարարեց Շարմազանովը` ենթադրաբար այս ամենի հետևում տեսնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերը:

Վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացած Ռոբերտ Քոչարյանի պատասխանը չուշացավ. նոյեմբերի 12-ին իր իսկ ոչ պաշտոնական կայքէջում` www.2rd.am-ում, «Նոր հարցազրույց» վերտառությամբ հրապարակված հարցազրույցում նա, հերքելով ԲՀԿ նախաձեռնության հետ իր կապը, այնուամենայնիվ հավանության արժանացրեց այն:

Քաղաքագետ Բոզոյանն ասում է, որ, բնականաբար, երկրորդ նախագահը պետք է հերքեր իր անձի հետ կապված խոսակցությունները, բայց չի կարծում, որ նա դեմ կլիներ քաղաքական հարթակում ԲՀԿ նախաձեռնությամբ առաջ քաշվող համախմբմանը:

«Քոչարյանի համար այդ կոնսոլիդացիան նույնպես շահավետ է, որքան էլ որ նա փորձի այսօր հայտարարել, թե ինքը կապ չունի այդ ամենի հետ»,- համոզված է վերլուծաբան Բոզոյանը:

© Medialab.am