Բարեգործական ձու, հոգեհանգստի համար օղի ու սուրճ եւ ավելին. հանրային վերահսկման iDitord.org կայքը փորձելու են իրազեկել ընտրախախտումների մասին

Բարեգործական ձու, հոգեհանգստի համար օղի ու սուրճ եւ ավելին. հանրային վերահսկման iDitord.org  կայքը փորձելու են իրազեկել  ընտրախախտումների մասին
Բարեգործական ձու, հոգեհանգստի համար օղի ու սուրճ եւ ավելին. հանրային վերահսկման iDitord.org կայքը փորձելու են իրազեկել ընտրախախտումների մասին

«ՀՀԿ-ի կողմից Սուրբ Զատիկին ընդառաջ, որպես «բարեգործական ակցիա» Երեւանի Աջափնյակ համայնքում հավկիթներ են նվիրում», «Հայկաշեն գյուղում հոգեհանգստի ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների օղի եւ սուրճ բաժանում»:
Այս ահազանգերն ընդամենը երկուսն են արդեն հինգ տասնյակը գերազանցող ՀՀ տարբեր մարզերի քաղաքներից եւ գյուղերից ստացվող ահազանգերից, որոնց մասին խորհրդարանական ընտրությունների շեմին տեղեկացնում են հենց բնակիչները՝iDitord.org հանրային վերահսկում իրականացնող կայքի միջոցով:

Ահազանգերի քարտեզն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում, սակայն այն արդեն մի քանի տարվա պատմություն ունի. ստեղծվել է դեռեւս 2007-ին՝ Քենիայի նախագահական ընտրությունների ժամանակ:

«iDitord.org կայքը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին հաղորդել բոլոր անճշտություններն ու խախտումները կապված նախընտրական գործընթացների հետ»,-ասում է ծրագրի համակարգող, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության անվտանգության մասնագետ, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը:

iԴիտորդ ծրագիրն իրականացնում են «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները՝ ֆինանսական աջակցություն ստանալով Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից` Ինտերնյուզ ԱՄՆ, Եվրասիա համագործակցության հիմադրամի եւ Քաունթերփարթ Ինթերնեշնլ-Հայաստան կազմակերպությունների հետ:

Ապրիլի 6-ին կայացած պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշում է, որ այս գործիքը կկիրառեն նաեւ իրավապահ կառույցներն ու ընտրության վարչարարությամբ զբաղվող կառույցները` օրինաչափություններն ու աշխարհագրական առանձնահատկությունները վեր հանելու, ընտրական գործընթացը վերահսկելի ու արդյունավետ դարձնելու համար:

Կիրառությունը բավականին պարզ է: Անձը, մուտք գործելով կայք, ընտրում է վայրը, որտեղ որ եղել է խախտումը, նշում թե ինչ տիպի է այն եղել եւ կարող է ներբեռնել նույնիսկ լուսանկարներ ու տեսանյութեր` վերաբերվող ընտրախախտմանը:

iDitord-ի օգտատերը կարող է նշել նաեւ իր անուն, ազգանուն, հեռախոսահամարը, որի գաղտնիությունը պահպանվում է:

Այնուամենայնիվ, ահազանգերի այս քարտեզը, որը հնարավորություն է ընձեռում հավաքագրել մեծ թվով «վկայություններ», թույլ է տալիս վերլուծել եւ տալ եզրակացություն ընտրական ընթացքի մասին, նաեւ քննադատություների է արժանանում:

«Ուղղարկվող վկայությունները կարող են լինել ոչ հավաստի, որովհետեւ քաղաքացիներից շատերը կարող են ուղարկել ոչ ճիշտ ինֆորմացիա»,- ասում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսների» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը:

Նա նշում է, որ այդ վստահությունը դրվում է ԶԼՄ-ների վրա, որոնք վկայությունները, վերցնելով որպես տեղեկատվության աղբյուր, հղում կտան եւ կճշտեն քարտեզի վրա նշված, հաղորդված տեղեկատվությունը` փորձելով գտնել այդ անձանց:

«Մենք չենք կարող 100 տոկոս իմանալ` ստացված ահազանգը հավաստի է, թե ոչ: Այդ իսկ պատճառով մեզ մոտ ահազանգերը սկզբից դրվում են ոչ վստահելի խմբում: Եթե հետագայում ինչ որ լրատվամիջոց կամ կազմակերպություն այդ վկայության հետքով գնում է եւ նշում է նույն դեպքի մասին, մեզ մոտ այդ հղումը ավելացվում է եւ դառնում` վստահելի»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:

Այդուհանդերձ ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դիտարկմամբ` ահազանգերի հավաստիությունը ճշտելը անհասկանալի է, ինչպես պետք է իրականացվի:

«Կա ահազանգ, որ 500 քաղաքացին դուրս է մնացել ընտրացուցակներից: Բայց եթե չկա անուն, ազգանուն, հասցե, ինչպես իմանանք, որ դա ճիշտ է: Նույն ոստիկանությունը եւ նույն կայքի հեղինակը չի կարող հասկանալ թե որտեղ է դա, եւ ինչքանով է հավաստի այդ ահազանգը»,- ասում է Տիգրան Մուկուչյանը:

Ըստ նրա` եթե ահազանգերը վստահելի են դառնում ԶԼՄ-ների անդրադարձից հետո հղում տալով, ապա չպետք է մոռանալ, որ նույն ԶԼՄ-ներում շատ հաճախ հրապարակվող նյութերը հավաստի չեն լինում, կամ նշված ընտրախախտումն արդեն վերականգնված է լինում:

«Սա միայն իրավապահ մարմինների խնդիրը չէ, քանի որ սա վիճակագրություն է, այս թվերը հրապարակվում են եւ այս թվերի տակ լինում են տարատեսակ նկատառումներ»,- ասում է Մուկուչյանը:

Այս բոլոր հնարավոր ռիսկերին դիտորդական նախաձեռնության կազմակերպիչներն առաջարկում են նոր մեխանիզմներ ավելացնել, ըստ որի ճշգրտման դեպքում որոշ ահազանգեր կդառնան վստահելի:

«Մենք կփորձենք հնարավորությունների սահմաններում նվազագույնի հասցնել այդ ռիսկերը, բայց ոչ բացառել բոլորը»,- ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախագահ Սոնա Այվազյանը:

Նախաձեռնության շրջանակներում անցկացվել են եւ դեռ անցկացվելու են սեմինարներ մարզերում, որպեսզի քաղաքացիներին հասկանալի լինի, թե ինչպես է կայքն աշխատում եւ թե ինչպես կարող են ներգրավված լինել կարեւոր այս գործընթացում:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am