Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգում:
Որոշման ընդունումը պայմանավորված է բազմաթիվ դիմումներով (նաև առաջարկությունների և բողոքների) բարձրացված հարցերին լուծումներ տալու անհրաժեշտությամբ: Միջոցառման գործող կարգով տրամադրվող սոցիալական աջակցությունից օգտվելու համար դիմող զինծառայողը պետք է ներկայացնի անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչը խնդիրներ է առաջացնում շահառու հանդիսացող այն զինծառայողների համար, ովքեր չունեն անձնագիր կամ նույնականացման քարտ:
Խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներին հնարավորություն տալ աջակցություն ստանալու համար դիմել՝ ներկայացնելով ծննդյան վկայականի տվյալները:
Առաջարկվում է նաև միջոցառումից օգտվելու համար սահմանված ժամկետը երկարացնել 1 ամսով՝ ապրիլի 15-ի փոխարեն սահմանելով մայիսի 15-ը, ինչով էլ պայմանավորված նշանակված և մահվան պատճառով չվճարված գումարի համար դիմելու ժամկետը մայիսի 15-ի փոխարեն առաջարկվել է սահմանել հունիսի 15-ը: