Տավուշի սահմանամերձ երկու գյուղերից արտահանվել է 650 տոննա թուզ

 Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Այգեձոր գյուղերը 2019-ին արտահանել են 650 տոննա թուզ: Մարզը զարգացնում է այգեգործությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«2020-ի մեր հիմնական ուղղությունը շարունակելու է լինել այգեգործությունը: Կարծում ենք, մեր ամենամեծ պոտենցիալն առկա է այդ ոլորտում: 2019-ին միայն երկու բնակավայր՝ Չինարին և Այգեձորը արտահանել են 650 տոննա թուզ: Ընդ որում, թուզը մթերվել է հիմնականում 1 կիլոգրամը 600-750 դրամով: Սա բավականին մեծ եկամուտ է ապահովել այդ երկու սահմանամերձ գյուղերի բնակիչների համար»,-ասաց նա ու նշեց՝ 2018-ին այդ ցուցանիշը եղել է ընդամենը 400 տոնա:

Չոբանյանը շեշտեց՝ 2020-ին գյուղատնտեսության ոլորտում իրենց թիվ 1 կարգախոսը գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, խոշոր գյուղացիական տնտեսությունների ստեղծումն է:  

Դրանում պետական մասնակցությունը հատկապես լինելու է ենթակառուցվածքների տեսքով, հատկապես ոռոգման համակարգերի բարելավմամբ ու ներդրմամբ: Տավուշի մարզում ոռոգման հնարավորությունները կարող են կրկնապատկվել, եռապատկվել: Մարզպետարանն այդ պահի դրությամբ արդեն մեծ աշխատանքներ է կատարում 2020 թվականին ոռոգման ենթակառուցվածքների մեծացման ուղղությամբ:

«Ընթացքի մեջ են 2000 հա-ից ավելի այգեգործական ծրագրերի ներդրման գործընթացներ՝ Ազատամուտի, Այգեհովիտի, Սևքարի, Բերդավանի շրջակայքում, Նոյեմբերյանի տարածաշրջանում»,-ասաց մարզպետը: