«Ամուսինս երևի մի ամիս ուշքի չէր գալիս էդ սթրեսից ու տենց վիրավոր՝ սաղ օրը Եռաբլուրում, սաղ օրը իր եղբոր մոտ»․ Մարիամ Մնացականյանն ասում է՝ արդեն չեն զգում, թե ինչպես են ապրում

Մարտակերտից 23-ամյա Մարիամ Մնացականյանն ասում է, որ Արցախյան պատերազմը այնպիսի անսպասելի դժվարություններ ու ողբերգություններ բերեց, որ իրենք էլ զարմանում են, թե ինչպես են այդ ծանր բեռան տակ ապրում: «Մարդ ապրում ա էնքան որ երեխեքի համար»,- հուզմունքով նշում է նա։

Մարիամի ամուսինը Մարտակերտում հայրենիքը պաշտպանելիս ծանր վիրավորում է ստացել, երեք վիրահատությունից հետո դեռ մեկն էլ պետք է անցնի, որին կհաջորդեն բուժումները: Ամուսնու 20-ամյա եղբայրը զոհվել է Թալիշում, պատերազմի ժամանակ զոհվել է նաև Մարիամի քրոջ ամուսինը։ Մարիամն ասում է՝ այնքան ծանր են ապրումները, որ անհնար է նկարագրել:

«Մենք չէինք պատկերացնում, որ էսքան դժվարությունների միջով կանցնենք, երևի ով զգացել ա, մենակ ինքը կհասկանա։ Ամուսինս երևի մի ամիս ուշքի չէր գալիս էդ սթրեսից ու տենց վիրավոր՝ սաղ օրը Եռաբլուրում, սաղ օրը իր եղբոր մոտ։ Եղբայրն ազատ ոճի ըմբշամարտիկ էր, Թուրքիայում եղել է բրոնզե մեդալակիր։ Շատ ցավալի է։

Քույրիկիս ամուսինն էլ զոհվեց, ամուսնու զոհվելուց հետո քույրիկս մինչև հիմա ոնց որ ուղեղը կորցրած լինի, չգիտի՝ ինչ անի, ոնց անի։

Ամեն հարցում ես եմ իրան աջակցում, լավ ա՝ մենք էլ կանք, թե չէ լրիվ կգժվեր: Ինքը որ տունը կորցրեց, ասում էր՝ ջհանդամ, մենակ ամուսինս ողջ լիներ, երեխեքիս գլխին լիներ, մնացածը ոչ մի բան պետք չէր։ Մենք զարմանում ենք մեր վրա, թե ոնց ենք ապրում, արդեն չենք զգում, ամեն ինչ սովորական ա դառնում»,- հուզմունքով ասում է Մարիամը։

Մարիամն ասում է՝ վատն էն է, որ էսքան  կորուստներից և ողբերգությունների միջով անցնելուց հետո էլ ապագան շարունակում է անորոշ է ու մտահոգիչ լինել:

«Մտածում եմ, թե նորից պատերազմ ա լինելու, թե դեռ ոչինչ կարգավորված չի, քանի որ մեր հողերը իրենց մոտ ա, ու դրանից ավելի ես ցավ ապրում»,- նշում է նա։

Մարիամն ասում է, որ պատերազմում վիրավորում ստանալուց հետո ամուսնուն հեռացրել են աշխատանքից՝ համարելով ծառայության համար ոչ պիտանի, ինչն է՛լ ավելի է դժվարացնում նրանց կյանքը նաև ֆինանսական առումով:

«Ամուսինս ոտքի բեկորային վիրավորում է ստացել հոկտեմբերի 27-ին։ Ներկա պահին շշերով ա հավաքված ոտքը, դեռ էլի վիրահատություն պետք է անցնի, մի քանի ամիս էլ դեռ պիտի բուժվի։ Իրեն աշխատանքից անգամ հեռացրել են, ինքը զինծառայող էր, իրեն նշանակեցին ոչ պիտանի ու չեն թոշակավորում, արդեն զինգրքույկում գրած ա՝ ոչ պիտանի»,- մտահոգ ասում է կինը։

Մարիամ Մնացականյանը ամուսնու հետ

Մարիամն ասում է՝ քանի որ իրենց տունը կանգուն է և չի անցել թշնամուն, մտադիր են ամուսնու լիարժեք ապաքինումից հետո տեղափոխվել Արցախ, բայց վախն ու անհանգստությունը սրտում են:

«Ուզում ենք վերադառնանք Արցախ։ Ստեղ տարբերակ չկա, տուն չունենք, պիտի վարձով մնանք, դրա համար էլ մտածում ենք վերադառնալ, գոնե էնտեղ տունը կա։
Վախն էնտեղ ավելի մեծ կլինի, քանի որ ավելի մոտիկ կլինենք»,- ընդգծում է Մարիամը։

Ասում է, որ այժմ միակ երազանքը խաղաղությունն է, այս դժվարություններն էլ կհաղթահարեն, միայն թե էլ պատերազմ չլինի:

«Ապագան չգիտեմ ո՛նց կլինի, աշխատանք էլ չունենք, բայց կարևորը՝ պատերազմ չլինի, մի ձև կապրենք»,- հուզմունքը զսպելով ասում է Մարիամը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am