Վերջին տարիներին պետական համակարգը բոլոր հնարավոր և անհնար եղանակներով կասեցնում է Սևանա լճի մակարդակի բարձրացման բնականոն ընթացքը: Ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը տասնյակ տարիներ հետևել է Սևանի մակարդակի տատանումներին և հաշվարկների արդյունքներում պարզել, որ լճից շատ ավելի մեծ քանակությամբ է ջուր բաց թողնվում, քան իրականում ներկայացնում են պաշտոնական մարմինները…
Ստորեւ ներկայացնում ենք այդ ամենի մասին Սերգեյ Հաջինյանի հոդվածն ամբողջությամբ:
Սևանա լիճը շարունակում է մնալ «հոգեվարքի» վիճակում
Տեղյակ լինելով մեր հանրության լայն շրջանակներում տարիներ շարունակ և օրեցօր աճող մտահոգությանը, տագնապին ու մշտապես տանջող հարցերին` կապված Սևանա լճի լրջորեն խաթարված էկոհամակարգի հետ, դրան անմիջականորեն առնչվող` վերջին տարիներին հաճախակի դարձած լճից, օրենսդրորեն նախատեսված չափից (170 մլն խմ) ավելի, լրացուցիչ ծավալի ջրառի գործընթացին, ինչպես նաև ջրի բացթողման ժամկետային գրաֆիկի մշտական խախտումներին (ժամկետից ամիս, ամիսուկես շուտ), ուղղակի հնարավոր չէ չարձագանքել հանրության արդարացված վրդովմունքին, բողոքին, ինչու ոչ, նրա վախին` իսպառ կորցնելու վերջին տասնամյակում լճի «արյան գնով», «կաթիլ-կաթիլ» պաշարված քաղցրահամ ջրի մեր տարածաշրջանի միակ շտեմարանը:
Դեռևս 15 տարի առաջ մեր իշխանությունները, ի շահ Սևանա լճի, հրաշքով փրկված սուղ պաշարների խնայման, նրա` մոտ 20 մետր իջած մակարդակի հետագա հնարավոր բարձրացման նպատակով, լճից բաց թողնվող ջրի տարեկան ծավալները կրճատեցին մինչև 120 մլն խմ-ի: Ամրագրվեց նաև ջրի բացթողման ժամկետային գրաֆիկ (հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը, 4,5 ամիս կամ 138 օր), ինչն անվիճելիորեն տվեց իր դրական արդյունքը: Ընդամենը 6 տարում (2002-2007 թթ.) լճի մակարդակի բարձրացավ` մոտ 2,5 մետրով:
Սակայն, ցավոք, հետագայում մարեց իշխանությունների ընդգծված ուշադրությունն ու հոգատարությունը լճի նկատմամբ: Նախ 120 մլն խմ ջրառն ,աճեցե մինչև 170 մլն խմ-ի, այնուհետև` տարբեր պատճառաբանություններով սկսվեց` ջրի լրացուցիչ բացթողումների, նրա ժամկետային գրաֆիկի երկարաձգումների պարբերաբար կրկնվող «շարանը», որի պատճառով կտրուկ կրճատվեց լճի մակարդակի միջին տարեկան աճը:
Դա է հաստատում այն փաստը, որ վերջին 12 տարվա (2002-2013 թթ.) երկրորդ կեսին` առաջին կեսի համեմատ, լճի մակարդակի աճը նվազել է 2,1 անգամ: Իսկ վերջին 3 տարում այն բարձրացել է ընդամենը 26 սմ-ով, ինչը 5 անգամ քիչ է, քան առաջին 3 տարում: Եվ վերջապես վերջին 2 տարում այն բարձրացել է ընդամենը 3 (երեք) սմ-ով, որը ճիշտ 30 անգամ պակաս է, քան առաջին 2 տարում: Եվ, պատահական չէ, որ 2012-ին, վերջին 12 տարում առաջին անգամ արձանագրվեց լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ:
Հարկ է նշել, որ մթնոլորտային տեղումների ծավալները Սևանի ավազանում այդ երկու ժամանակահատվածում շատ քիչ են տարբերվում միմյանցից: Նշենք նաև, որ մակարդակի չափերի փոփոխման` վերը բերված տվյալներում հաշվի չի առնված` ծովի մակերևույթից Սևանա լճի մակարդակի` մինչև 01.01.2011-ը` նախկինում միջազգայնորեն ընդունված (հաստատուն) բարձրության նիշի` նոր, ճշտված` 20սմ-ով ավելացված չափը, ինչն արհեստականորեն` 20 սմ-ով բարձրացնում է լճի ներկայիս իրականում եղած մակարդակը:
Այս բոլորը հասկանալի է դառնում, երբ վերջին 5-6 տարիների բաց թողնվող ջրի ծավալները Սևան-Հրազդան ջրանցքում (հատկապես` նրա սկզբնամասում) համադրում և համեմատում ես «մութ ու ցուրտ» տարիների` լճից հարկադրաբար բացթողումների ծավալների և ջրանցքում ջրի մակարդակի հետ, որոնք այս տարիներին ակներևորեն մոտեցել են այդ հիշաչար տարիների համապատասխան ցուցանիշներին և անկասկած համարժեք են նրանց առնվազն 2/3 մասին, և՛ ծավալներով, և՛ մակարդակով, ջրանքում:
Այդ ակնհայտ և անհերքելի փաստը կարող է հաստատել մեր հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում ապրող յուրաքանչյուր ոք (հատկապես Սևանի ավազանի բնակիչ), ով հանգամանքների բերումով վերջին տարիներին հաճախակի է ականատես լինում (ոռոգման սեզոնին) ջրանցքում ջրի` միջինից բարձր մակարդակին:
Այժմ փորձենք հաշվել, թե որքան ջուր է բաց թողնվել Սևանա լճից այս վերջին տարիներին:
Եթե այդ «մութ ու ցուրտ»` 1993-94 թվականներին (ջրի ընդհանուր բացթողումները 2 տարում` 2704 մլն խմ) միջին օրական ջրառի ծավալը Սևանա լճից կազմել է 3,7 (2704:730) մլն խմ, ապա ստացվում է, որ այս վերջին տարիներին (ջրառի սեզոնին) լճից օրական միջին հաշվով բաց է թողնվել մոտ 2,46 (3,7×2/3) մլն խմ ջուր: Սա նշանակում է, որ առանց ժամկետային գրաֆիկի խախտման (138 օր) և առանց լրացուցիչ ծավալի ջրառի դեպքում, որքան էլ զարմանալի թվա, լճից բաց է թողնվել ոչ թե 170, այլ մոտ 340 (2,46×138) մլն խմ ջուր:
Պարզաբանման կարգով նշենք, որ ջրանցքի առավելագույն, նախագծային թողունակությունն է 60 խմ/վրկ կամ օրական մոտ 5,1 մլն խմ: Դա նշանակում է, որ այդ նույն ժամկետային գրաֆիկով (138 օր) ջրանցքն իր առավելագույն թողունակության ռեժիմով (օրական 5,1 մլն խմ) գործելու դեպքում կարող է բաց թողնել մոտ 700 մլն խմ ջուր կամ մոտ 4 անգամ ավելին, քան 170 մլն խմ-ը:
Այսպիսով, բանից պարզվում է, որ Սևանա լճից օրենսդրորեն թույլատրված` 170 մլն խմ ծավալի ջուր վերցնելու համար բավական է` ժամկետային գրաֆիկով նախատեսված ժամանակահատվածում (138 օր) ջրանցքով բաց թողնել նրա առավելագույն թողունակության ծավալի ընդամենը քառորդ մասը միայն կամ, գուցե, քիչ ավելին (ջրանցքի թողունակությունը չի որոշվում միայն ջրի ծավալի անմիջական և միակ փոփոխությամբ, այլև` կախված է նաև ջրանցքում տվյալ ծավալով ջրի հոսքի արագությունից):
Սակայն, քանի որ իրականում ջրառը Սևանից վերջին տարիներին սկսում է ժամկետից ամիս, ամիսուկես շուտ և օրական բաց է թողնում միջինը` մինչև 2,46 մլն խմ (ըստ վերը բերած հաշվարկի), ապա այդ դեպքում, մինչև ոռոգման սեզոնի վերջը շատ հնարավոր է, որ լճից բաց է թողնվում մոտ 400 մլն խմ ջուր:
Իսկ ահա այն տարիներին, երբ ջրառի ժամկետային գրաֆիկի երկարաձգումներից բացի, լճից բաց է թողնվում նաև օրենքով թույլատրված` լրացուցիչ ծավալի ջուր և դրան էլ գումարած` ևս որոշ քանակի լրացուցիչ ծավալի ջուր` ատոմակայանի աշխատանքը պարբերաբար դադարեցման ժամանակ (մեկ, երկու ամսով, այն էլ, հիմնականում` ոչ ոռոգման սեզոնին), Սևան – Հրազդան հէկերի կասկադն աշխատացնելու նպատկով, ապա բնականաբար բաց է թողնվում շատ և շատ ավելի մեծ ծավալների ջուր:
Ակնհայտ է, որ վերոհիշյալ բոլոր դեպքերում Սևանից ջրի միջին տարեկան բացթողումների ծավալները, մեղմ ասած, չեն համապատասխանում պաշտոնական կառույցների չափից ավելի «համեստ»` մոտ 2 անգամ պակաս տվյալների իսկությանը: Միգուցե լճից դուրս եկող ջրի ծավալը հսկող ջրաչափերի էլեկտրոնային ավտոմատ սարքավորումները «սարքին» չեն և տվյալները Երևան «հասնելու» ճանապարհին կրկնակի անգամ նվազում են: Տպավորություն է ստեղծվում, որ այդ տվյալները նախօրոք` կրկնակի, եռակի անգամ «սրբագրվում», «ճշգրտվում» են` լճից բաց թողնվող ջրի ծավալների իրական տվյալները հանրությունից թաքցնելու նպատակով: Արդյո՞ք այդ տվյալները թաքցվում են նաև երկրի բարձրաստիճան այրերից…
Շատերին է հայտնի, թե ինչու է վերջին տարիներին այդպիսի մեծ ինտենսիվությամբ «դատարկվում» Սևանա լիճը, զրկելով նրան` իր գոյատևման ու ապաքինման համար նորին մեծության բնության կողմից իրեն պարգևած չափազանց անհրաժեշտ և թանկարժեք ջրի մեծ պաշարների լիարժեք կուտակման առաքելությունը.
ա) Սևանա ջրերն ընդհուպ մոտեցել են օլիգարխ – իշխանավորների բավականին թանկարժեք «արքունիքների» և դղյակների շեմին, ողողման վտանգի ենթարկելով դրանք:
բ) Խիստ պակասել են Արարատյան դաշտի արտեզյան ջրերը և չեն բավարարում կիսաանապատ Հայաստանում արագ զարգացող, նույն օլիգարխներին պատկանող հույժ շահույթաբեր «ձկնարդյունաբերությանը»:
գ) Հավելյալ էլէներգիայի արտադրությունը, որի խիստ պահանջարկը, ի դեպ, երկրում այսօր դեռևս չի զգացվում:
Իշխանությունների կողմից Սևանա լճի ջրի բացթողման միակ, արդարացված և օրինական պահանջարկը, դրա օգտագործումն է ոռոգման նպատակներով: Սակայն ջրի նման մեծ ծավալների բացթողումից հետո էլ պարզվում է, որ շատ և շատ գյուղացիական տնտեսություններ մնում են ջրի «կարոտ»: Ու դա այն դեպքում, երբ հանրապետության գյուղական շատ համայնքներ շարունակվում են դատարկվել արտագաղթի պատճառով:
Այնպես որ, ոռոգման անվան տակ Սևանից բաց թողնվող ջրի մեծ մասն օգտագործվում է բոլորովին այլ նպատակներով, դրանով իսկ միաժամանակ «ապահովելով» լճի մակարդակի հետագա բարձրացման լրիվ, «անխափան» կասեցումը, որքան էլ որ դա կործանարար լինի Սևանա լճի համար:
Կարծում ենք, որ եթե իշխանություններն ամեն առիթով և պատրվակով արհեստականորեն չարգելակեին, չխոչընդոտեին լճի մակարդակի ինքնաբուխ, թերևս, բնականոն ընթացքով բարձրացումը, ինչպես և Արփա-Սևանի «օգնությունը», ապա նրա մակարդակն առնվազն 1,2-1,5 մետրով բարձր կլիներ ներկայիս եղած մակարդակից: Եվ ընդամենը 6-7 տարում, այսինքն, 2020-21թթ. (10 տարի նախատեսվածից շուտ) այն կհասներ հաշվարկային 1903,5մ մակարդակին (նայեք ներկայացված գրաֆիկը):
Միակ ճանապարհը, որը կկանգնեցնի ապազգային, լճի նկատմամբ դավադիր ուժերի կողմից օտարված, այսօր լրիվ անպաշտպան և հեշտ խոցելի Սևանա լճի դեմ սկսված «խաչակրաց արշավանքը», դա մեր ժողովրդի առաջադեմ և համարձակ հատվածի ողջամիտ պայքարն է, որը կստիպի այս իշխանություններին, այսուհետ, հաշվի առնել մեր բարձրակարգ բնապահպան-մասնագետների կարծիքը, պահանջներն ու առաջարկությունները, երկրի բնապահպանական դժվարին և բարդ խնդիրների լուծման գործում:
Հակառակ պարագայում մենք և մեր սերունդները վերջնականապես և ընդմիշտ կկորցնենք, ոչ միայն մեր ազգային անվտանգության առաջնահերթ երաշխիք հանդիսացող Սևանա լիճը, այլև մեր երկիրը:
Եթե, հավատանք, որ իրոք, ջուրն ունի ոչ միայն հիշողություն, վերականգնվելու, վերամաքրվելու, այլև պաշտպանվելու և, ինչու ոչ, նաև պատժելու հատկություն, ապա պետք է ենթադրել, որ Սևանա լիճը երբեք չի ների նրանց, ովքեր ժամանակին (1930-ականներին) «մահվան դատապարտեցին» նրան, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր շարունակում են խոչընդոտել լճին` թույլ չտալով նրան «ոտքի կանգնելու», վերագտնելու իր երբեմնի զորությունը, ընդմիշտ հարատևելու ի բարօրություն մեր սերունդների:
Հ.Գ. – Քանի որ, այս տարի ջրառը Սևանից սկսվեց ապրիլի 23-ին (53 օր նախատեսվածից շուտ), և նախատեսվում է ջրի լրացուցիչ` 100 մլն խմ ծավալի բացթողում, ապա հնարավոր է, որ բաց թողնվող ջրի ծավալները լճից շատ և շատ ավելի մեծ չափերի հասնեն, առավել ևս, որ խոսք է գնում նորից կանգնեցնելու ատոմակայանը: Հետևապես, չի բացառվում, որ այս տարվա վերջին նույնպես գրանցվի լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ:
Հոդվածը տրամադրել է Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ)