ԱԻ նախարարի վերջին հայտարարությունը

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Արտակարգ իրավիճակների նախարարության

հարգելի՛ աշխատակիցներ,
հարգելի՛ վետերաններ,
սիրելի՛ քաղաքացիներ

Իր գործառույթները շուրջ երեք տասնամյակ կառուցվածքային տարբեր ձևաչափերով իրագործելուց հետո ԱԻ նախարարությունն այսուհետ իր գործունեությունը ծավալելու է Ներքին գործերի նախարարության կազմում՝ հավատարիմ մնալով իր կարևորագույն արժեքներին, սկզբունքներին և նպատակներին։

Սկիզբ առնելով Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տիրող ճգնաժամային իրադրության պայմաններում՝ կառույցը սկսել է գործել որպես ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, իսկ 1991թ. հուլիսից ստեղծվում է ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի նպատակն է դառնում կազմակերպելու բնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությունը։

Երկրի համար պատմական և քաղաքական դժվար պայմաններում հնարավոր է լինում ոչ մի պահպանել վարչության առաջնային կառուցվածքն, այլև զարգացնել և ընդլայնել ենթակառուցվածքները, այդ թվում արագ արձագանքման փրկարարական ջոկատները, որոնք հիմք են դառնում ԱԻ նախարարության ձևավորմանը։

2008 թվականի ստեղծվում է ԱԻ նախարարությունը, որն իր մեջ ներառում է փրկարար ծառայությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հայպետհիդրոմետը, Պետական ռեզերվների գործակալությունը և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը։

Ստեղծման օրվանից ի վեր գերատեսչությունը կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները, նպաստել քաղաքացիական պաշտպանության ձևավորմանը, իրագործել մի շարք կրթական նախագծեր՝ նպաստելով բնակչության շրջանում բարձր քաղաքացիական գիտակցության ձևավորմանը՝ ներառելով նախակրթարաններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Անցնող տարիների ընթացքում գերատեսչությունը ունեցել է մի շարք ձեռքբերումներ, շենքային, գույքային, տեխնիկական վերազինում և բարելավումներ։ Միջազգային գործընկերների հետ պարբերաբար շփումների, հանդիպումների, փորձի փոխանակման և համատեղ իրականացած բազմաթիվ աշխատանքները նպաստել են ԱԻ նախարարության աշխակակիցների զարգացմանը, որի արդյունքում այսօր նրանք կարող են աշխարհի ցանկացած կետում կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Նախարարության անխափան աշխատանքի և հասարակության շրջանում բարձր վստահության ձեռքբերման գրավականը եղել և մնում են գերատեսչության նվիրյալ աշխատակիցները, ովքեր անցնող տարիների ընթացքում իրենց անձնուրաց աշխատանքի ինչու չէ կյանքի գնով ապացուցել են, որ մշտապես պատրաստ են առաջինն օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուր իրավիճակում։

ԱԻ նախարարության այսօրվա հաջողությունների մեջ իրենց անուրանալի դերն են ունեցել յուաքանչյուրը՝ փրկարարը, սեյսմոլոգը, տեխանվտանգությանը մասնագետը, հոգեբանը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցը, կրթական մասի պատասխանատուները, վարչական մասի աշխատակիցը․․․ ԲՈԼՈՐԸ, քանի որ ամբողջի հաջողությունը պայմանավորվում է անհատների անմնացորդ և պարտաճանաչ աշխատանքով։

Ցանկանում են խորին շնորհակալություն հայտնել այս տարիներին ԱԻ կայացմանը նպաստած գործընկերներիս հիմնավոր ժառանգության համար, ինչպես նաև իմ ղեկավարման ժամանակաշրջանում իմ գաղափարների իրագործմանը նպաստած աշխատակիցներին և գործընկերներին:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԻ նախարարության ղեկավարումն ինձ վստահելու, գերատեսչությանը մշտապես աջակցելու համար, շնորհակալություն օրենսդիր, գործադիր և պետական այլ կառույցների գործընկերներիս համատեղ կատարած աշխատանքի համար, շնորհակալություն միջազգային մեր գործընկերներին և նախարարության հետ համագործակցած պետություններին։

Դե իսկ ամենամեծ շնորհակալությունը ՀՀ քաղաքացուն, ով մշտապես գնահատել և արժևորել է այս մարդասիրական կառույցի կատարած աշխատանքը»,-նշվում է հայտարարության մեջ։