Սիրիահայերից շատերը «վայրկյան առաջ» ուզում են հեռանալ Հայաստանից. «Ըստեղ ապրելու երկիր չի, դուք ո՞նց եք եկել ըստեղ ապրում»

Սիրիահայերից շատերը «վայրկյան առաջ» ուզում են հեռանալ Հայաստանից. «Ըստեղ ապրելու երկիր չի, դուք ո՞նց եք եկել ըստեղ ապրում»
Սիրիահայերից շատերը «վայրկյան առաջ» ուզում են հեռանալ Հայաստանից. «Ըստեղ ապրելու երկիր չի, դուք ո՞նց եք եկել ըստեղ ապրում»

Պատերազմի հետևանքով սիրիահայ Ժիրայր Հելվաջյանի ընտանիքը բնակություն է հաստատել Հայաստանում, սակայն, ինչպես նրանք են նշում` «փոշմանել են»:
Պատերազմի արհավիրքի, հայրենի տան կորստի կողքին Հելվաջյանների ընտանիքը` սոցիալական խնդիրներից զատ, ամանորի շեմին բախվել է ևս մի դժբախտության:
Դեկտեմբերի 26-ին` Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող «Մարաշ» հացատանն աշխատող Ժիրայրի կնոջ` 38-ամյա Երանուհի Ջիմբաշյանի ողնաշարը հացատան վերելակի ընկնելու հետևանքով լրջորեն վնասվել է:
Երանուհին ներկա պահին բուժվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որից հետո վերականգնողական բուժման կտեղափոխվի Կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոն:
Ժիրայր Հելվաջյանն ասում է, որ կնոջ ողնաշարի բուժման համար հսկայական գումարներ պահանջվեցին. մի մասը հարազատներն ուղարկեցին, մի մասը հատկացրեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, մասամբ էլ ծախսերը հոգաց առողջապահության նախարարությունը:

Սակայն, հացատան ղեկավարությունը, որը, ըստ սիրիահայերի, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին, այդպես էլ որևէ բանով ձեռք չի մեկնել տուժողներին: (Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան «Մեդիալաբի» հերքեց, որ որևէ առնչություն ունի հացատան հետ` խորհուրդ տալով «օբյեկտում» հարցերի պատասխանը գտնելը: Այնուամենայնիվ, սիրիահայերը պնդում են, քանի որ աշխատանքի ընդունվելիս հենց նրա հետ են խոսել, պայմանավորվել:)

«Ոչ մի օգնություն չցուցաբերեց, ոչ զանգեց, ոչ եկավ, ոչ գնաց: Մինչև այսօր էլ չի հետաքրքրվել: Ասեց՝ իրա մեղավորությունն է, իրան ո՞վ է ասել, որ նստի լիֆտն ու բարձրանա վերև»,- «Մեդիալաբին» տեղի ունեցածի մասին ասաց Ժիրայրը:

Նա պատրաստվում է դիմել համապատասխան մարմիններ՝ օբյեկտի տիրոջից փոխհատուցում ստանալու համար: Ասում է, որ շատ է զղջում Հայաստան գալու համար:

Պատմում է, որ Հալեպի Նոր գյուղ հայկական թաղամասում հարգված մարդ է եղել, բոլորն իրեն ճանաչել են մականունով` Սենդվիչ Ժիրոն: Առաջին անգամ Հայաստան է եկել 20 տարի առաջ, իսկ երբ նախորդ տարի երկարատև դադարից հետո կրկին հայրենիք է եկել, տեսել է, որ երկիրը շատ է փոխվել, զարգացել ու որոշել է ընտանիքը Հայաստան տեղափոխել:

«Առերես զարգացում կա, բայց հարգանք չկա, խոսելաձև ու վարվելաձև չկա, գործ չկա, փող չկա, լիքը ճաշարաններ ու ռեստորաններ կան, բայց իմ համար գործ չկա: Հայաստանը շատ փոխված էր, ուրախացա, որ փոփոխություն կա, բայց մինչև ժողովուրդի հետ չես շփվում, չես իմանում: Եկել ու շատ փոշմանել եմ: Ինձ թվում էր, որ ես էս աստիճանի չպետք է հասնեի, ես Հալեպում հարգված ու սիրված եմ եղել»,- պատմում է Ժիրայրը:

Ժիրայր Հելվաջյանն այժմ գործազուրկ է: Պատմում է, որ Հայաստանում վեց ամիս աշխատել է արևելյան խոհանոցում, ամսական 200 հազար դրամ աշխատավարձ է ստացել, սակայն այլ աշխատանքի անցնելու խոստումով դուրս է եկել աշխատանքից ու մնացել անգործ:

Ժիրայրը մասնագիտությամբ ավագ խոհարար է, տիրապետում է արևելյան խոհանոցի գաղտնիքներին: Ասում է, որ Հալեպում ամսական 400 դոլար աշխատավարձ է ստացել, ինչը կազմել է 20 հազար սիրիական դրամ:

Նա ասում է, որ այդ գումարն այնտեղ մեծ արժեք է ունեցել:

«Այդ փողով ընտանիքս էի պահում, հանգստի էինք գնում, լավ ապրում էինք: Հայաստանում փողն արժեք չունի, 400 դոլարը 160 հազար դրամ է, որով ապրել չի լինի»,- զուգահեռներ է անցկացնում Ժիրայրը:

Ժիրայրը հարազատ Հալեպը ցավով հիշելով` պատմում է, որ երբեք պարտք չի արել, բայց այստեղ մշտապես չի կարողանում տան վարձը վճարել:

«Հիմի ես ներկա դրությամբ անցած ամսվա տան վարձը չեմ փակվել, պարտք եմ: Տանտերն ասում է՝ տունս ազատեք»,- ասում է նա:

Թեև սփյուռքի նախարարությունը Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին պարբերաբար աշխատանք է առաջարկում, այնուամենայնիվ Ժիրայրը նշում է, որ բազմաթիվ խնդիրներ կան այս ճանապարհին:

«Մենք սովոր ենք, որ 70 տարեկան մարդը աշխատում է, էդ մարդը սովոր է, չի կարա նստի: Հիմի էստեղ զանգում ես գործի համար, ասում ա՝ արի, ախպեր ջան, գնում եմ, հարցնում են՝ ի՞նչ մասնագետ ես, ասում եմ՝ շեֆ պովր: Քանի՞ տարվա մասնագետ ես, ասում եմ՝ 25 տարվա, ասում են՝ լավ ա: Հարցնում են՝ քանի՞ տարեկան ես, ասում եմ՝ 51 տարեկան: Ասում են՝ համարդ տուր, մենք կզանգենք: Եվ չեն զանգում: Ինձ համար, իմ ծանոթ-բարեկամների համար տարիքը դարձել է պրոբլեմ, լրիվ անգործ են»,- նշում է սիրիահայը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բնակվող սիրիահայերից շատերը «վայրկյան առաջ» ուզում են գնալ այստեղից:

«Ժողովուրդից են խուսափում, խաբեբայությունից, անգործությունից: Ես շատ մարդ եմ ճանաչում, որ փողատեր են, փող ունեն, բայց չեն ուզում գործ դնեն ըստեղ»,- ասում է նա:

Նշում է, որ ինքն էլ անձամբ իր ծանոթ սիրիահայերին խորհուրդ է տալիս զգուշանալ հայաստանցիներից, չասել, որ փող ունեն, որ չխաբվեն: Ասում է, որ դեռ 20 տարի առաջ է նկատել, որ հայաստանցիները «քցող» են, իսկ հիմա ավելի են կատարելագործվել:

Ժիրայր Հելվաջյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է Հայաստանում այսքան խնդիր կուտակվել:

«Ում հարցնում եմ, ասում ա՝ պետությունս պետություն չի, երկիրս երկիր չի: Այդ է պատասխանը: Ուրիշ պատասխան չստացա ես մինչև հիմա: Ինչո՞ւ են մարդիկ գնում երկրից, որովհետև նայում ես` լրիվ ֆաբրիկաները չկան, լրիվ դատարկ, քանդված վիճակ, երիտասարդը գործ չունի, ի՞նչ են տալիս աշխատավարձ՝ 60 հազար, 70 հազար, այդ փողով ինչպե՞ս կըրնա ամուսնանալ էդ երիտասարդը: Բոլորն ասում են՝ Ժիրո ջան, ըստեղ ապրելու երկիր չի, դուք ո՞նց եք եկել ըստեղ ապրում»,- դառնացած ասում է նա:

Հալեպում ապրող հարազատներից ոչ մի լուր չունի: Ավելի քան 20 օր է` չի կարողանում կապ հաստատել եղբոր ընտանիքի հետ, այնտեղ հոսանք ու կապի միջոց չկա:

Ժիրայրի դուստրը՝ Վարդենին, սովորում է երևանյան դպրոցներից մեկում՝ իններորդ դասարանում: Զարմացած է այստեղի բարքերի, հատկապես տղաների պահվածքի վրա:

Պատմում է, որ դասարանի տղաները հաճախ են աղջիկներին նեղացնում, ինչը Հալեպում չի տեսել:

«Հետո տղաները տարբերվում են այստեղ, երկար մազեր ունեն, չոլկա, սպորտային հագուստով են տեղ գնում»,- ասում է Վարդենին:

Նա նշում է, որ Հալեպում դպրոցահասակ երեխան իրավունք չունի հեռախոսով դպրոց մտնել, ուր մնաց` դասի ժամին հեռախոսով ինտերնետ մտնի:

Ժիրայրի որդին էլ՝ Հովսեփը, ասում է, որ վաղուց է երազել Հայաստան գալու մասին, չնայած ընկերներին Հալեպում է թողել: Նա մտադիր է բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, բայց մտահոգվում է, որ միգուցե լավ աշխատանք չկարողանա գտնել այստեղ:

Խոսելով Հալեպում հայերի կենցաղի մասին՝ Ժիրայրն ասում է, որ մուսուլմանները բնավորությամբ ավելի հանգիստ են, քան Հայաստանի հայերը:

«Սիրիայում մենք` հայերս, շատ լավ էինք ապրում, շատ-շատ լավ: Մենք որևէ մեկ ազգի հետ ոչ մի պրոբլեմ չունեինք: Ընդհակառակը` մենք ավելի սիրված ու հարգված էինք, քան թե տեղացի մուսուլմանը»,- պատմում է նա:

Հայերը Հալեպում աշխատում ու արարում էին, արժանապատիվ կյանք վայելում, ինչը Ժիրայր Հելվաջյանը Հայաստանում չի տեսնում: Նա ասում է, որ Հայաստանում իրենց օտար են զգում, քանի որ ամեն առիթով իրենց հարցնում են՝ պարսի՞կ եք: Նաև պատմում է, որ սիրիահայերի վրա շուկայում ապրանքներն ավելի թանկ են վաճառում:

«Իրենք գիտեն, թե սիրիահայերը միլիոնչիկ են: Մենք հոգով միլիոնչիկ ենք, սրտով, մենք հարգանք ու պատիվ ունենք Սիրիայում: Հայերին համատարած հարգում են, հայը պատիվ ունի, զարգացած է, կուլտուրա ունի, իսկ այստե՞ղ, իսկ դո՞ւք»,- դառնացած հարցնում է նա:

© Medialab.am