ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել. տեղում աշխատում են իրավապահները

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին հայտարարել են նրա ընկերները՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ թեև սկզբում հայտնել էին, որ լուսաձայնային նռնակ է եղել, սակայն հետագայում պարզվել է, որ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել: Մեքենան կայանած է եղել Հակոբյանի տան դիմաց:

Ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ է ստացվել՝ Մուրացանի 176/1 հասցեում կայանված մեքենայի տակ նռնակ նետելու վերաբերյալ: «Ահազանգի հանգամանքները պարզվում են, տեղում աշխատում են իրավապահները: Մեքենան վնասվել է, ըստ նախնական տեղեկությունների, տուժողներ չկան»,-նշել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: