Հետաքրքիր է՝ երկրորդ նախագահը ի վերջո երբ է անդրադառնալու ամերիկացի նախկին համանախագահի տեղեկություն-«մեղադրանքին»․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հետաքրքիր է. Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 4-ին ասուլիս է տալիս, ինչը տեղի է ունենում ՀՀԿ համաժողովից եւ Սերժ Սարգսյանի ելույթից հետո: Սարգսյանի ելույթի վերաբերյալ նկատել էի հանգամանքը, որ նա փաստորեն Ալիեւին «թասիբի» է գցում այսպես ասած նախկին նախագահների հանդեպ:

Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում բարձրաձայնում է Սերժ Սարգսյանին տարածքների դիմաց 5 միլիարդ դոլար առաջարկի մասին եւ նշում, թե այդ առաջարկը եղել է նաեւ 2018-ից հետո: Եթե այստեղ հիշենք եւ այն, որ երկրորդ նախագահը տարբեր առիթներով մի շարք անգամներ անգամ գրեթե ուղիղ իմաստով Սերժ Սարգսյանին կասկածել է 2018-ի իրադարձություններ առնչությամբ, ապա ՀՀԿ համաժողովից եւ Սերժ Սարգսյանի ելույթից հետո Ռոբերտ Քոչարյանի ասուլիսըստացվում է «պատասխան քայլ»:

Իհարկե մեզ համար շատ բարդ կլինի հասկանալ, թե հատկապես ինչին, քանի որ մեղմ ասած քիչ բան է հայտնի թե բանակցային պատմության, թե այսօր տեղի ունեցողի մանրամասներից: Այդ կապակցությամբ, ի դեպ, հետաքրքիր է՝ երկրորդ նախագահը ի վերջո երբ է անդրադառնալու ամերիկացի նախկին համանախագահի տեղեկություն-«մեղադրանքին», որ Քոչարյանն ու Ալիեւն են եկել «տարածքների փոխանակման գաղափարին», իսկ իրենք ընդամենը ձեւակերպել են նրանց համաձայնությունը»: