«Պատերազմի ժամանակ Համոն զանգում-ասում էր՝ չլքես գյուղը, իսկ հիմա պետք ա լքեմ Աղավնոն»․ Աիդան՝ անորոշ ապագայի հետեւից

42-ամյա Աիդա Ավագյանը 44-օրյա պատերազմում ամուսնուն կորցնելուց հետո չէր կարող պատկերացել, որ իր կյանքը կրկին տակնուվրա է լինելու։ 

Աիդան ճամպրուկները հավաքել, երեխաներին և տան գույքի մի մասը ուղարկել է Հայաստան ու սրտի դողով սպասում է օգոստոսի 24-ին՝ կառավարության կողմից տրված վերջնաժամկետին, երբ Աղավնո գյուղի մյուս բնակիչների հետ պետք է լքի գյուղն ու հեռանա՝ անորոշ ապագայի պատկերացումով։

«Պատերազմի ժամանակ Համոն զանգում-ասում էր՝ մնա, ջերմոցը ջրի, չլքես գյուղը, ես արեցի իրա ասածով, իսկ հիմա խաղաղ պայմաններում պիտի լքեմ։ Շատ վատ եմ զգում, որ չկարողացա Համոյի ասածն անեմ»,- հուզմունքով ասում է Աիդան և նշում, որ երբ իմացան գյուղից հեռանալու որոշումը, սկզբում չէին հավատում, փորձում էին ընդդիմանալ, սակայն Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ եթե չլքեն գյուղը մինչ օգոստոսի 25-ը, ապա որևէ մեկը չի կարող պաշտպանել «Բայրաքթարի» հարվածից։

Սույն թվականի օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։

https://www.facebook.com/story.php?story_fbid=370444908606109&id=100069218079912

«Ամսի 4-ին էր, մեր գյուղապետին կանչել էին Ստեփանակերտ ժողովի, մենք իմացանք, որ մեր գյուղապետը հետ ա գալիս վատ լուրով, չէինք հավատում։ Մեր գյուղապետը եկավ շատ անտրամադիր։ Ժողով եղավ, գյուղապետը չկարողացավ խոսել, ավագանիներից ասեցին՝ մի ամիս կամ երկու, կամ հինգ ամիս, ու մենք ստեղ անելիք չունենք, մենք մտածեցինք՝ գուցե մեկ կամ երկու ամիս մի բան կփոխվի։

Հաջորդ օրը Խանումյանը եկավ ու ասեց՝ ժողովուրդ, մինչև ամսի 25-ը ռուսը դուրս ա գալիս, ադրբեջանական զինուժը մտնելու է Աղավնո, դուք պետք ա 20-ին դուրս գաք։

Մեզ ասեցին՝ դուք անելիք չունեք, եթե մնաք, զոհեր կունենաք։ Մենք մեծերով ուզում ենք մինչև վերջին օրը գյուղում մնանք, տեսնենք՝ ինչ որոշում ա լինելու»,- ասում է Աիդան։

Աիդան պատմում է, որ թեպետ ինքը որոշել է մինչև վերջին օրը գյուղում մնալ, սակայն երեխաներին և տարիների ընթացքում ստեղծած գույքի ու տեխնիկայի հիմնական մասը տեղափոխել է ապահով վայր։

«Շատ մեծ ցավ ենք ապրում, մենք էդ երկու օրը ո՛չ քնել ենք, ո՛չ էլ, հետո ուժ հավաքեցինք, զգացինք՝ այլ տարբերակ չունենք, իրերը դասավորեցինք, մեր ջերմոցը առաջին հերթին տեղափոխեցինք, Համոյի սիրած ջերմոցը․․․ Ինչո՞վ կռվենք, զենք էլ չունենք, ինչ կռվես, վեևից թափվում ա, ինչի դեմ ես պայքարելու, Աղավնոն մենակ ա լրիվ»,- ցավով ասում է Աիդան։

Աիդա Ավագյանը ամուսնու՝ Համլետ Առաքելյանի և չորս երեխաների հետ 2016 թ․-ից Աղավնոյում էր ապրում։ Աիդայի ամուսինը Աղավնոյի նորակառույց տներն է վերանորոգել, հավանել է տները ու ընտանիքի հետ որոշել են Կոռնիձորից տեղափոխվել Քաթաշաղի շրջանի Աղավնո գյուղ։

Աղավնո գետը ամենասիրելին է ինչպես Աիդայի ընտանիքի, այնպես էլ համագյուղացիների համար։ Աիդայի խոսքով՝ ամուսնու զոհվելուց հետո հաճախ էր գնում գետ հարևանների ու երեխաների հետ, մի փոքր կտրվում ծանր մտքերից ու ապրումներից։ 

«Մեր գետի ափը մի ամբողջ գեղեցկություն արժեր, օրվա երկու ժամը էնտեղ հավաքվում-նստում էինք, էրեխեքը լողում էին, որ շատ էինք մտամոլոր մնում, հարևաններով իջնում էինք էնտեղ, ցրվում»,- ասում է Աիդան ու հուզմունքով նշում՝ չի պատկերացնում՝ ինչ է լինելու իրենց վաղվա օրը։

«Բնակիչները համարյա հանել են իրենց գույքը, մենք ինքներս ենք կազմակերպում տեղափոխումը։ Տները չեն թողնում քանդենք, ասում են՝ տունդ քանդես, փոխհատուցում չես ստանալու»,- նշում է Աիդան ու ասում, որ կառավարությունից տեղեկացրել են, որ զոհվածների ընտանիքներին 20 միլիոն դրամի սերտիֆիկատ են տրամադրելու, որ տուն գնեն, իսկ մյուս ընտանիքներին՝ 10 միլիոն դրամի սերտիֆիկատ։ «Մարդիկ շատ դժգոհ են, գումարն առձեռն չեն տալիս, բանկն էլ, օրինակ՝ գա, տունը գնահատի 6 միլիոն, 4 միլիոնը որտեղի՞ց հետ ստանան մարդիկ։ Շատ խնդիրներ կան»,- ասում է Աիդան ու լռում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am