«Արցախում արդեն սկսվել է համաժողովրդական շարժ, երբ մարդիկ ինքնակազմակերպվում են և միանում հանուն Արցախի պաշտպանության գաղափարի». Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– Պարո՛ն Հակոբյան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից ի՞նչ առանցքային կետեր կառանձնացնեք, ընդհանուր ելույթն ինչպե՞ս եք գնահատում։

Առաջին հանգամանքը, որ աչքի զարնեց ու անհանգստացրեց՝ որպես արցախցիներ, այն էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայի ամբիոնից Հայաստանի վարչապետը հնչեցնում է ոչ թե «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ», էլ չենք խոսում «Արցախի Հանրապետություն», այլ խոսում է «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին», որը կարծես թե Ադրբեջանի դարավոր երազանքն է, շրջանառության մեջ դնել այդպիսի եզրույթ։

Դրանով իսկ նա ապացուցեց ու ևս մեկ անգամ հաստատեց, որ իր համար արդեն վաղուց փակված է Արցախի հարցը, և Հայաստանի իշխանություններն այսօր հրաժարվել են այդ հարցից, ու դա, կարծես թե, դարձել է Ադրբեջանի ներքին հարցը, սակայն, կարծում եմ, ելույթը միայն այդ մասով չէր խնդրահարույց։

Բազմաթիվ հարցեր՝ սկսած նրանից, որ այդպես էլ չհամարձակվեց պատերազմ որակել այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, այլ մի քանի անգամ կրկնում էր «ագրեսիա» եզրույթը։ Ընդհանրապես չխոսեց ներքին տեղահանված անձանց մասին, որն ավելի ծանր իրավաբանական տերմին է, քան ուղղակի «տեղահանված» բառակապակցությունը, որն ընդհանրապես կապ չունի պատերազմական գործողությունների հետ, որովհետև այդ մարդկանց տեղահանման միակ ու բուն պատճառը եղել է թշնամու կողմից իրականացված պատերազմական գործողությունները։

Խնդրահարույց է նաև այն, որ Հայաստանը վերածել է 29800 քառակուսի կիլոմետրանոց տարածքի ու անընդհատ խոսում է դրա մասին, հաշվի չառնելով, որ, փաստորեն, լռելյայն հանձնել է Տիգրանաշենը ու այն բոլոր գյուղերը, որոնք վիճարկվում են Ադրբեջանի կողմից, ու, ընդհանրապես, այդպիսի անպատասխանատու ելույթ երկրի ղեկավարի կողմից, կարծում եմ՝ աշխարհը դեռևս չի տեսել, ու դրա գագաթնակետը դարձավ այն, երբ նա թշնամի երկրի նախագահից խնդրում է քարտեզ, որտեղ կա Հայաստանը, և խնդրում է ցույց տալ, թե ինչպիսի Հայաստան է թշնամին պատկերացնում։

Այս ամենը ևս մեկ անգամ բերում է այն համոզման, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները բացառապես սնանկ վիճակում են, տապալել են բոլոր տեսակի գործառույթները, որը պետք է պետությունը իրականացնի։ Որևէ ակնկալիք ունենալ նման իշխանությունից միամտություն է։

– Այդ դեպքում դեպքերի ինչպիսի՞ զարգացում ակնկալենքմիջազգային հանրության քիչ թե շատ եղած աջակցությունը, որը կա այս խնդիրները կարգավորելու հարցում, չի՞ օգնելու։

– Իրադարձությունները, որոնք պետք է այսօր զարգանան Հայաստանում ու Արցախում ընդհանրապես, այլևս բացառապես կախված չեն հայաստանյան իշխանություններից, ու նրանք պասիվ դերում սպասում են, թե այդ նույն միջազգային հանրությունը կամ տարածաշրջանում դերակատարություն ունեցող գերպետությունները ինչ որոշումներ են կայացնելու, ու այս իշխանությունը զավթած խմբակը ուղղակի վավերացնելու է այն որոշումները, որոնք կկայացվեն։

Սա շատ ցավալի արձանագրում է, որովհետև որքան էլ երկիրը ծանր վիճակում լինի, պարտություն կրած լինի, այս աստիճան հրաժարվել սուբյեկտայնությունից, ինքնիշխանությունից, անկարելի է։ Կարծում եմ, սա հատուկ արված գործընթաց է, որի համար էլ 2018-ին այս թիմը եկավ իշխանության։

Այսինքն՝ գործող իշխանության որդեգրած այս քաղաքականության մեջ միտո՞ւմ եք տեսնում, պարո՛ն Հակոբյան։

– Այս իշխանությունը պատերազմից հետո սկսեց հայ ազգի մեջ մտցնել երկու կործանարար թեզ․ առաջինը, որ մեզանից ոչինչ կախված չէ, որ մենք ոչինչ չենք կարող անել, երկրորդը, որ մեր փոխարեն ամեն ինչ արդեն որոշված է։

Այս թեզերը սիստեմատիկաբար նստեցրեցին ժողովրդի մեջ, ու այսօր շատ-շատերը մտածում են, թե ոչինչ հնարավոր չէ անել, որովհետև գերտերություններն արդեն իսկ որոշել են, կամ ոչինչ չի կարելի անել, որովհետև մեզնից ոչինչ կախված չէ։

Այս մտածողությունը այս իշխանությունների կողմից հատուկ բերված էր, որպեսզի չկարողանանք որևէ կերպ դիմակայել այսօրվա մարտահրավերներին։ Իհարկե, ցանկացած իրավիճակում կա իրավիճակը բեկելու ու ցույց տալու, որ անկախ 44-օրյա պատերազմի ելքից ու նրանից, թե ինչ հավակնություններ ունեն մեր հայրենիքի նկատմամբ գերտերությունները, ազգանվեր իշխանությունները կարող են իրենց դեմքը ցույց տալ ու բեկել իրավիճակը, ինչն այս իշխանության մոտ չի երևում։

Այս իշխանությունը հլու-հնազանդ կատարում է մեր թշնամիների պահանջը, և ժամանակ առ ժամանակ մեզ վախեցնում են կա՛մ թշնամու «Բայրաքթարներով», կա՛մ միջազգային հանրության պահանջներով։ Սա չի կարող միամտության, ոչ կոմպետենտության հետևանք լինել, սա հետևանք է սիստեմատիկաբար հատուկ տարվող ծրագրի։

– Եթե իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին է, այդ պարագայում տարածաշրջանում դերակատարություն ունեցող գերտերություններն ի՞նչ զարգացումներ են կանխատեսել Հայաստանի ու Արցախի համար։

– Մենք չենք կարծում, թե իշխանությունների տարածած այդ թեզը, որի մասին ասացի, իրականությանը համապատասխանում է։ Մենք չենք կարծում, որ Հայաստանում ամեն ինչ որոշված է, որ Հայաստանի քաղաքացիները ոչինչ չեն կարող անել։ Թե ինչպիսի շահեր ու նպատակներ ունեն մեր հայրենիքի նկատմամբ գերտերությունները՝ երկրորդական է, շատ ավելի կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, թե մենք ի՞նչ ենք ուզում այս ամբողջ պատմության մեջ, ո՞րն է մեր շահը, և մենք պետք է կարողանանք այդ հայկական շահը բարձրացնել վերև ու փորձել համադրել այն գերտերությունների շահերին, որոնք համընկնում են մեր նպատակների հետ։

Ասել, թե արդեն ամեն ինչ վերջացած է, ու մենք ոչինչ չունենք՝ կործանարար է, որն այսօր մտցրել են Հայաստանում։ Հայ ժողովուրդը պետք է կարողանա համախմբվել՝ նկատի ունեմ և՛ Արցախի, և՛ Հայաստանի ժողովրդին, ժողովուրդը պետք է դառնա գործոն ու կարողանա ցույց տալ իր պահանջները և՛ այդ գերտերություններին, և՛ միջազգային հանրությանը, և՛ սեփական իշխանություններին, որպեսզի վերջիններս առաջին հերթին վախենան հենց ժողովրդի գործոնից։ Իշխանությունը այսօր առաջին հերթին պետք է վախենա իր ժողովրդի ցասումից ու դատաստանից։

– Իսկ եթե ժողովուրդը, ինչպես դուք եք նշում, չի դառնում գործոն, ու իշխանությունը շարունակում է առաջնորդվել իր որդեգրած քաղաքականությա՞մբ։

– Կարծում եմ, որ ինչ-որ պահից սկսած ժողովուրդը ինքնակազմակերպվելու է, ու այդ գործընթացը մենք այսօր տեսնում ենք Արցախում։ Արցախում արդեն սկսվել է համաժողովրդական շարժ, երբ մարդիկ ինքնակազմակերպվում են և միանում են հանուն Արցախի պաշտպանության գաղափարի, որտեղ մարդիկ չեն փնտրում լիդերներ, քաղաքական դեմքեր կամ կուսակցություններ, այլ հասկանում են, որ հենց իրենք կարող են լինել ամեն ինչի շարժիչ ուժը։

«Հանուն Արցախի պաշտպանության» շարժման օրինակը կարող է վարակիչ լինել նաև Հայաստանի համար։ Մարդիկ պետք է կազմակերպված դուրս գան փողոց ու պահանջեն իշխանություններից կատարել այն, ինչը նպաստում է Հայաստանի ու Արցախի Հանրապետության շահերին, հակառակ դեպքում այսօրվա իշխանություններն այնքան են անցել եզրագիծը, որ այլևս չեն կարող դիմակայել թշնամի պետության պահանջներին։ Այսօր թշնամու պահանջների դեմ պայքարի միակ ձևը համաժողովրդական համախմբումն է ու նրա ցասումը։

– Երեկ տեղի ունեցած հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք ու ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը, չնայած տեղեկությունը շատ սուղ է ինչ-որ գնահատականներ հնչեցնելու համար, բայց, այնուամենայնիվ։

– Երեկվա հանդիպումը մեր ասած համաժողովրդական համախմբման կազմակերպման կոնտեքստում դիտարկվող երևույթ է, որը շատ ողջունելի է։ Այսօր յուրաքանչյուրը՝ սկսած Կաթողիկոսից, նախկին նախագահներից ու վերջացրած ամենասովորական քաղաքացուց պետք է մեկ հասկացություն համախմբի, որ հայրենիք ենք կորցնում, ու այստեղ որևէ տեսակի քաղաքական, անձնական ու այլ շահ պետք է մի կողմ դրվի, ու միակ շահը դառնա երկրի պաշտպանությունը՝ ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական առումով։

Բոլորս պետք է հասկանանք, որ երկրի տերը ոչ թե մեկ անձ է կամ քաղաքական ուժ, այլ այդ երկրում ապրող ժողովուրդն է, այդ երկիրը այդ ժողովրդի սեփականությունն է, և մենք շատ ուրախ կլինենք, եթե այդ տեսակի հանդիպումները իրենց արդյունքը տան, որովհետև երեկվա հանդիպմանը մասնակցած անձինք իրենց մեծ լուման են ունեցել այս երկրի կայացման մեջ, վայելում են որոշակի հեղինակություն ու վստահություն: Կարծում եմ՝ եթե նման հանդիպումները միասնականության առումով արդյունք տան, ապա մեր ասած ժողովրդական համախմբումն էլ ավելի արագ կլինի։

– Լիահո՞ւյս եք, որ արդյունք կտա, որովհետև 2020 թվականի պատերազմից հետո էլ հանդիպեցին, բայց էական արդյունք հանրությունը չտեսավ, պարո՛ն Հակոբյան։

Կարծում եմ, հանդիպման յուրաքանչյուր մասնակից պետք է հասկանա, որ մենք այլևս նահանջելու տեղ չունենք, հակառակ դեպքում հայրենիք ենք կորցնելու։ Դա պետք է լինի ոչ միայն իրենց բարի կամքի դրսևորումը, որպեսզի մի կողմ դրվեն բոլոր տարաձայնությունները, և միանան, այլ դա իրենց պարտքն է հայրենիքի հանդեպ, որը պետք է կատարեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am