«Մենք հույս ունեինք, մտածում էինք՝ գուցե մի հրաշք կատարված լինի»․ 7 ամիս սպասելուց հետո չորս երեխաների մայր Աիդան հողին հանձնեց ամուսնուն

41-ամյա Աիդա Ավագյանը 7 ամիս, ամեն օր, առավոտից երեկո, սպասում էր պատերազմ մեկնած ամուսնուն՝ հույսով, որ նա գուցե գերի ընկած կլինի, գուցե ինչ-որ կերպ փրկված կլինի ու կվերադառնա։ Սակայն պատերազմից մի քանի ամիս անց Աիդան վերապրել է դժոխքը. օրեր առաջ ստացել են ԴՆԹ-ի պատասխանը, ինչը հաստատում է, որ 49-ամյա Համլետ Առաքելյանը մահացել է:

Համլետ Առաքելյանի մասին «Մեդիալաբը» ավելի վաղ պատմել էր, ներկայացրել պատերազմի հետևանքով նրա ընտանիքին պատուհասած դժբախտությունը և թե ինչպես էին ամեն օր նրա կինն ու չորս երեխաները սպասում նրա՝ գերության մեջ, բայց կենդանի լինելու մասին լուրին:  

«Մայիսի 24-ին Երևանից՝ ԴՆԹ կենտրոնից զանգեցին, ասեցին՝ ԴՆԹ-ն համապատասխանել է, մոտիկացեք։ Մի քիչ էլ ճանաչելի էր, հագուստի թևին խաչ ուներ դաջած, պահպանվել էր մի քիչ»,- հուզվում է կինը։

Ասում է՝ ինքն չի տեսել ամուսնու դին, ամուսնու մորեղբայրն է մոտեցել, լուսանկար արել, Աիդային ուղարկել, որ խաչը տեսնի ու հաստատի։ 

«Մենք հույս ունեինք, մտածում էինք՝ գուցե մի հրաշք եղած լինի։ Գերիներից մեկը, որ վերադարձել էր, ամուսնուս հետ 15 օր անցկացրել էր Արցախում, մեզ ամիսներ առաջ ասեց, որ սնայպերով խփել են գլխին: Բայց մենք մտածում էինք՝ գուցե վիրավոր կլինի»,- ասում է նա։

41-ամյա կինը վերջին անգամ ամուսնու հետ խոսել է հոկտեմբերի 14-ին, 2 օր անց դեպքը տեղի է ունեցել. «Ինքը 106 հոգու մեջ էր: Ես հիշում եմ՝ Ֆիզուլիի հատվածից հանեցին դիերը, փետրվարից սկսած արդեն գտնվում էին ու ճանաչվում, Համոյինը շատ երկար տևեց։ Ես մտածում եմ, որ սնայպերից բացի սմերչ էլ էր խփել, որովհետև մարմինը ամբողջությամբ մասնատվել էր»։

Աիդան ասում է՝ անտանելի ծանր է կորստի ցավը։ Չնայած ամուսնուն հողին են հանձնել, բայց հույսը չի մարում, շարունակում է սպասել։ Երեխաները ևս չեն հաշտվում, սպասում են հորը: «Լսում ենք՝ գերի կա, ասում ենք՝ կարո՞ղ ա Համոն լինի, բայց որ սենց նայում ես, մտածում ես՝ սկի գերի էլ չունենք, գերիներին չեն վերադարձնում»,- նշում է նա։

Աիդան ասում է՝ երեխաներն առանց հոր մնացին, ամուսինը կյանքը տվեց հայրենիքին, բայց հիմա նույնիսկ հիշող չկա:

«Ճիշտ ա, երեխեքս հերոսի երեխեք են, բայց, դե, ամեն դեպքում, նայում են՝ չկա իրանց պապան, շատ դժվար ա: Բայց ամենադժվարն էն ա, որ մեր շրջանի (Քաշաթաղի.- հեղ․) ղեկավարը մի հատ «ցավակցել» բառը ափսոսաց՝ ասի։ Էսքան ժամանակ, բացի գյուղապետից, ոչ մեկը Արցախի կառավարությունից դուռս չբացեց, որևէ մեկը չզանգեց, ասեր՝ ցավակցում ենք»,- հուզված ասում է կինը։

Նա ծանր վիշտը փորձում է մոռացության տալ առօրյա կենցաղային գործերի մեջ. զբաղվում է հողագործությամբ, մշակում է փոքրիկ ջերմոցը, հոգում ընտանիքի հոգսը: Չորս երեխաները՝ երեք աղջիկն ու մեկ տղան, այսօր նրա միակ լուսավոր կետն են, կյանքում առաջ գնալու շարժիչ ուժը։ 

«Էս 10 օր ա՝ Համոյին հուղարկավորել ենք Կոռնիձորում՝ իրա հայրական հողում: Շատ դժվար ա, ինձ հավաքում եմ, որ երեխեքս չկոտրվեն։ Փոքր տղաս հատկապես ծանր ա տանում, հենց ուզում եմ Համոյի սիրած երաժշտությունը միացնեմ՝ «Գետերումս ջուր չկա», Շահենս ասում ա՝ մա՛մ, պապայի՞ն ես կարոտում, հեսա կգա։

Համլետ Առաքելյանը ու որդին՝ Շահենը։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Մի աղջիկս 17 տարեկան ա, հաշմանդամություն ունի, հենց մի քիչ նեղվում եմ, ասում ա՝ մամ, չեմ ասել՝ պապան հեսա գալու ա, իրա խաթեր սուս եմ անում։ Ես մի անգամ գիշերը լացում էի, արթնացավ տեղից, թե բա՝ մա՛մ, մի՛ լացի: Ով գալիս ա մեր տուն, պատմում ա՝ մաման գիշերը չի քնել, գիշերը լացում էր։ Ուզում եմ ինձ պինդ պահեմ՝ գոնե հանուն իրա, որ չընկճվի»,- ասում է մայրը։

Նշում է՝ մինչև պատերազմը երջանիկ ապրում էին, դժվարություններ, ճիշտ է, եղել են, չարչարանքով աշխատել են ու ստեղծել, բայց բոլորով միասին էին ու խաղաղ ապրում էին։ Հիշում է՝ ամուսնու հետ հաճախ տան մոտակայքում գտնվող գետի ափն էին գնում, երկու բաժակ սուրճ տանում, վայելում ժամանակը միասին։ Իսկ հիմա՝ չարաբաստիկ պատերազմից հետո, երջանիկ օրերից մնացել են միայն հիշողություններ։ 

«Միշտ սիրում էր գետի ափ գնալ, մանավանդ էս վերջերս, որ ուզում էինք նստել, ասում էր՝ երկու բաժակ կոֆե վերցրու, գնանք էնտեղ, գետի ափ, մի քիչ նստենք: Ասում էի՝ է՛հ, Համլետ, գործերը մնում են, ասում էր՝ ինչ ենք տանելու էս աշխարհից: Կարծես սիրտը վկայեր, որ տենց էր լինելու»,- կարոտով հիշում է կինը։

Ասում է՝ ամուսինը չափազանց աշխատասեր էր, ինչի վկայությունն էլ տան ամեն անկյունում տեղադրված նրա ձեռքի աշխատանքներն են:

«Շինարար էր, էս փողոցի 10 տունը ինքն էր սարքել, որ մայիսին տներ բաժանեցին, դրանցից էլ էր սարքել։ Չկա մի բան, որ իրենից չհիշեմ։ Ամեն ինչ իրան ա հիշեցնում։ Երջանիկ էինք ապրում, իսկ հիմա ամեն ինչ միանգամից փոխվեց, մանավանդ հիմա՝ նայում եմ շուրջս՝ ինչեր են կատարվում՝ սահմանները, Հայաստանի էս քաղաքական վիճակը, ավելի եմ նեղվում»,- նշում է Աիդան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am