Բուրաստան գյուղում խոշոր վթարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է և ծանր վիճակում է

Ապրիլի 10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Սուրեն Խ., ծնված 1991 թ․) և «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Խաչատուր Ս., ծնված 1958 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Նելլի Մ., ծնված 1967 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ուղևորինը՝ բավարար։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz C-Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին: