«Անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը լուրջ մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այդպիսի գործողությունները սպառնում են երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքին, հակասում են ընտանիքի ամրապնդման պետական քաղաքականությանը, ընտանիքի բոլոր անդամների փոխօգնության և միմյանց նկատմամբ ունեցած պատասխանատվության, ընտանեկան գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին»,- այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։
Ըստ այդմ՝ ԱՍՀ նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացում կատարել՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար պատիժը խստացնելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ անձը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։
Ավելի խիստ պատիժ է սահմանվում, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով: Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:
Իսկ, եթե հանցագրոծությունը կատարվի կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացնի տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատիժը կսահմանվի ազատազրկումը՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
«Ծնողական իրավունքներից հրաժարվելու դեպքում՝ երեխան զրկվում է զարգացման այն հնարավորություններից, որոնք ունենում են ընտանիքում ապրող երեխաները, նրանց մի մասը տեղափոխվում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն, որոնք, հետազոտությունների համաձայն, կարող են անդառնալի ազդեցություն ունենալ երեխաների կյանքի վրա այդ հաստատություններում նույնիսկ ամենալավ պայմանների առկայության պարագայում։ Քիչ չեն քաղաքացիների հայտարարություններն այն մասին, որ առողջական խնդիրներ (հատկապես Դաունի համախտանիշ) ունեցող նորածինների ծնողներին, հատկապես մայրերին, վիճակի խոցելիությունից օգտվելով կամ խաբեությամբ հորդորում կամ որևէ կերպ հարկադրում են հրաժարվել ծնողական իրավունքներից։ Այդ հանգամանքը պարզելով՝ հետագայում ծնողները դիմում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ակնկալելով ստանալ երեխայի կարգավիճակի, գտնվելու վայրի կամ որդեգիր ծնողների վերաբերյալ տեղեկություններ, ինչը, հիմնականում, անհնար է անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից»,- ասել է նախարարը:
Նշենք, որ փոփոխությունը բխում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից և դրան կից «Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ» կամընտիր արձանագրության հոդված 3-ից, Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա) հոդված 4-ից, ինչպես նաև Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ից, որը ստորագրվել է Հայաստանի կողմից 2008 թվականի նոյեմբերի 27-ին։
Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։