ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձանժողովներ: 7-րդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած՝ առաջարկում է կիսել Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը՝ դարձնելով 2 առանձին հանձնաժողով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման որոշման նախագիծ կարող են ներկայացնել խմբակցությունները:
ԱԺ հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու երկու նախագիծ է ներկայացվել: Մեկը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիրը», մյուսն՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
ՔՊ-ի նախագիծը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաև՝ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են 7-րդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:
«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման և խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումն է»,- ընդծեց Վլադիմիր Վարդանյանը:
Սամանադրոության համաձայն՝ հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
«Հաշվի առնելով, որ ՔՊ-ն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ, նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների թիվը՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ ՔՊ-ն և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա 1 անդամ առաջադրելու իրավունք»,-ասաց Վարդանյանը:
ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են.
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով
Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով
Տարածաշրջնային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով