«Ոդիսականը» անվճար դիտելու խոստումը կարող է խարդախության թակարդ լինել. The Guardian

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական» ֆիլմի շուրջ մեծ հետաքրքրությունն օգտագործում են նաև խարդախները՝ ստեղծելով կեղծ հոսքային կայքեր, որոնք օգտատերերին խոստանում են ֆիլմը անվճար դիտելու հնարավորություն։ Իրականում նման հարթակներում ֆիլմ չկա, իսկ այցելուների անձնական և բանկային տվյալները կարող են հայտնվել հանցագործների ձեռքում։

Ինչպես գրում է The Guardian-ը, խարդախ կայքերը հաճախ ունենում են կեղծ դրական գնահատականներ և կարծիքներ, իսկ գրանցման ընթացքում օգտատերերից սկզբում պահանջվում է անուն և էլեկտրոնային հասցե, ապա՝ նաև բանկային քարտի տվյալներ՝ իբր անվճար փորձաշրջանն ակտիվացնելու համար։

Կայքերը ստեղծվում են տարբեր լեզուներով, իսկ որոշ դեպքերում նույնիսկ առաջարկում են ֆիլմի՝ օգտատիրոջ մայրենի լեզվով կրկնօրինակված տարբերակը։ Ըստ Kaspersky-ի՝ լեզուն կարող է ընտրվել՝ հաշվի առնելով օգտատիրոջ գտնվելու վայրը։

Մասնագետները զգուշացնում են, որ նման կայքերից օգտվելը կարող է հանգեցնել ոչ միայն գումարի կորստի, այլև սարքի՝ վնասաբեր ծրագրերով վարակման և հետագայում ֆիշինգային հարձակումների թիրախ դառնալու։

Kaspersky-ի ներկայացուցիչ Օլգա Ալտուխովան խորհուրդ է տալիս հատկապես զգուշանալ, երբ նոր թողարկված և դեռ կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմը հասանելի է դառնում անծանոթ հարթակում։ Ընկերությունը խորհուրդ է տալիս բովանդակություն դիտել միայն պաշտոնական ծառայությունների միջոցով և միշտ ստուգել կայքի հասցեն։

Խարդախության զոհ դառնալու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անմիջապես կապվել բանկի հետ, փոխել կարևոր հաշիվների գաղտնաբառերը և միացնել բազմագործոն նույնականացումը։