Ներդրումները նվազել են. այն, ինչի մասին լռում է կառավարությունը

2018 թ. չորրորդ եռամսյակում ներդրումները նվազել են։ Միգուցե սա է պատճառը, որ իշխանությունները դադարել են պարծենալ այս ցուցանիշով, ինչպես անում էին երրորդ եռամսյակի արդյունքներով։

Դեռևս տարեսկզբին ռուսական RBK հեռուստաալիքին տված հարցազրույցումվարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ներդրումների մասին հարցին, ասաց, որ 2018 թ․ երրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումները, 2017 թ․ համեմատ, աճել են 50%-ով։

Կառավարությունից Fip.am-ի հարցմանը պատասխանեցին, որ վարչապետը նկատի է ունեցել Կենտրոնական բանկի (ԿԲ) 2018 թ․ վճարային հաշվեկշռի «զուտ պարտավորություններ» հոդվածի 50% աճը։

Փաստերի ստուգման հարթակը, այս թեմային անդրադառնալով, գրեց, որ «Զուտ պարտավորությունը» վճարային հաշվեկշռի «ուղղակի ներդրումներ» տողի հոդվածներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչքան պարտավորություն է ստանձնել կառավարությունը կամ ԿԲ-ն ներդրողների առջև: Հետևաբար, այն չի արտացոլում ողջ ներդրումների իրական պատկերը, և այս դեպքում պարտավորության աճը ներկայացնել որպես ներդրում ո՛չ հիմնավոր է և ո՛չ էլ փաստարկված:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը արձագանքեց մեր հոդվածին՝ նշելով, որ ներդրումներ ասելով նկատի ունեն միայն «զուտ պարտավորությունների ստանձնում» տողը և, որպես ապացույց, օրինակ բերեց Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ամենամյա տվյալները, որոնք ապացուցում էին Թունյանի ասածի ճշմարտացիությունը։

Կենտրոնական բանկը վերջերս հրապարակել է 2018 թ. չորրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումների չափը։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է փոխվել այն 2017 թ․ համեմատ, ինչպես նաև համեմատեցինք 2017 և 2018 թվականների ցուցանիշները։

Ըստ ԿԲ հրապարակած արտաքին հատվածի վիճակագրական ցուցանիշների, 2017 և 2018 թվականների առաջին եռամսյակում ներդրումների աճը կազմել է 38,5%, երկրորդ եռամսյակում նվազել է 52,6%-ով, երրորդում աճել է 48,3%-ով, իսկ չորրորդ եռամսյակում նվազել է 30,6%-ով։

Հաշվի առնելով այն փաստը, որ նոր կառավարությունն իշխանություն է եղել նախորդ տարվա միայն երկրորդ կեսին, և դիտարկելով տարվա միայն երկրորդ կիսամյակը՝ կստացվի, որ 2018-ին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ներդրումները նվազել են 4,3%-ով: Ի տարբերություն երկրորդ կիսամյակի՝ առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ներդրումներն ավելացել էին 10,5%-ով, որի շնորհիվ էլ 2018 թ. ներդրումների աճ, այնուամենայնիվ, գրանցվեց (1.7%):

Սևադա Ղազարյան

fip.am