Ռուսաստանը ՄԱԿ-ի համաժողովում արգելափակեց միջուկային զենքի վերաբերյալ եզրափակիչ փաստաթղթի ընդունումը 

Ռուսաստանը ՄԱԿ-ի համաժողովում արգելափակեց միջուկային զենքի չտարածման պայմանագիրը կատարելու մասին ամփոփիչ փաստաթղթի ընդունումը, քանի որ այնտեղ խոսք կար Ուկրաինայի իրավիճակի մասին։

Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Փաստաթուղթը լուրջ մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի էլեկտրակայանների, ներառյալ պատերազմի սկզբում ռուսական ուժերի կողմից գրաված Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողությունների կապակցությամբ։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Վիշնևեցկին հայտարարել է, որ փաստաթուղթն ընդունելու համար կոնսենսուս չկա։

«Մեր պատվիրակությունը պատրաստ է կառուցողական աշխատանքի, բայց եթե մի շարք հարցերի շուրջ համաձայնություն չկա, ուրեմն կոնսենսուսը բացակայում է, և այդ փաստաթուղթը չի կարող ընդունվել»,- ասել է նա։

ՄԱԿ-ի 4-օրյա համաժողովը ուրբաթ երեկոյան ավարտվեց առանց եզրափակիչ փաստաթղթի ընդունման։