Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս:
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը` Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվել է Հորդանան գետի ջրերում։

Տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին տարավ մանուկ Հիսուսի մոտ։

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: