Բաց նամակ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի պատասխանատու Էրիկ Ռուբինին. Արա Պապյան

Բաց նամակ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի պատասխանատու Էրիկ Ռուբինին. Արա Պապյան
Բաց նամակ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի պատասխանատու Էրիկ Ռուբինին. Արա Պապյան

Բաց նամակ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի պատասխանատու Էրիկ Ռուբինին

Մեծարգո պարոն Ռուբին,

Հայաստանի Հանրապետության վերջին աղմկալի անցուդարձի մեջ գրեթե աննկատ մնաց Ձեր ավելի քան մեկ շաբաթ առաջ արված կարևորագույն հայտարարությունը առ այն, որ Միացյալ Նահանգները ծրագրում են   «համագործակցություն զարգացնել Հայաստանի Հանրապետության հետ ռազմական և անվտանգության հարցերում»: 

Անձամբ ես ողջունում եմ Միացյալ Նահանգների այդ որոշումը, քանի որ, ինչպես Դուք իրավացիորեն նշել եք. «Հայաստանը և ընդհանրապես Հարավային Կովկասը, շատ մոտ են աշխարհի ամենվտանգավոր շրջաններին»: 

Լրացուցիչ անվտանգությունը տվյալ դեպքում բնավ  ավելորդ չէ:  Թեև ինձ համար դեռևս պարզ չէ, թե ի՞նչ կերպավորում է ունենալու այդ համագործակցությունը, բայց արդեն ակնհայտ է, որ այն շատ բան է փոխելու տարածաշրջանում:  Որպես նախկին դեսպան և ողջ կյանքը քաղաքականությանբ զբաղվող անձ, ես լավ եմ հասկանում, որ նման համագործակցությունը Հայաստանի համար կարող է նորանոր հնարավորություններ ստեղծել, բայց միևնույն ժամանակ այն իր մեջ ունի հավելյալ մարտահրավերներ:  Տարածաշրջանի հարևանությամբ գտնվող երեք երկրներից յուրաքանաչյուրը՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ունեն իրենց շահերը Հարավային Կովկասում և մասնավրապես Հայաստանում:

Որպես ՀՀ քաղաքացի ես բնավ չէի ուզի, որ մեր երկրների ռազմական և անվտանգության համագործակցությունը լիներ ի վնաս կամ ընդդեմ մեր՝ Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած ավանդական համագործակցության:  Առավել ևս չէի, ուզի, որ Միացյալ Նահանգները փորձեին Հայաստանի Հանրապետության հետ ռազմական ու անվտանգության համագործակցություն զարգացնել միջնորդավորված՝  Թուրքիայի միջոցով:

Մեծարգո պարոն Ռուբին,

Կարծում եմ կհամաձայնեք, որ մեր և հարակից տարածաշրջանը գտնվում են մեծագույն փոփոխությունների շեմին: Թերևս նման մի բան եղել է գրեթե հարյուր տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմից  հետո:  Առաջին աշխարհամարտից հետո  Միացյալ Նահանգները ստանձնեցին Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին պատսպարելու և խնամելու գործը:   Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում դա:

Միևնույն ժամանակ հայ ժողովուրդը չի մոռացել Միացյալ Նահանգների մեկ այլ կարևորագույն քայլի՝  ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի մասին (22 նոյեմբերի, 1920թ. ): Աշխարհաքաղաքական լրջագույն հեղաբեկումների պատճառով այդ վճիռը չիրագործվեց և անկատար է մնացել առ այսօր: Ուզում եմ հիշեցնել, որ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը կատարման համար պարտադիր միջազգային իրավական փաստաթուղթ է, որը կյանքի է կոչվել Փարիզի խաղաղության վեհաժողովի հայցի հիման վրա և որպես այդպիսին պարտադիր է բոլոր հայցատու երկրների համար: Վճիռը կրում ԱՄՆ Մեծ կնիքը և հենց այդ պատճառով  հանդիսանում է Միացյալ Նահանգների օրենսդրության բաղկացուցիչ մաս:

Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում սույն վճիռի դերն ու նշանակությունն ըստ արժանվույն  արժևորվել է  համահայկական ամենաներկայացուցչական մարմնի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված միջոցառուները համակարգող պետական հանձնաժողովի և սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերի կողմից ընդունված համատեղ հռչակագրում (Երևան, Ծիծեռնակաբերդ, 29 հունվարի 2015թ.):

Մեծարգո պարոն Ռուբին,

Այսօր Եվրոպայում ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկզբնավորված և մի քանի տասնամյակ ընդհատված գործընթացը: Ուզում եմ հավատալ, որ այդ գործընթացի ավարտը վերջնական քաղաքական կայունություն, տնտեսական բարգավաճում ու իրական ժողովրդավարություն կբերի այդ երկրների ժողովուրդներին: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Միջին արևելքում թափ են հավաքում գործընթացներ,  որոնք նույնպես սկսվել են Առաջին համաշխարհայինի ավարտից, բայց չեն հասել իրենց տրամաբանական ավարտին: Վստահ եմ, որ սույն տառապյալ տարածաշրջանը կթևակոխի խաղաղության, կայունության ու բարգավաճման փուլ միայն այն դեպքում, երբ կհարգվեն տարածաշրջանի բազմաթիվ ժողովուրդների,  էթնիկ ու կրոնական խմբերի՝ քրդերի, ալևիների, զազաների, իսլամացած հայերի, ասորիների, եզդիների և այլոց,  իրավունքները:

Այս տեսանկյունից առավել կարևորվում  է Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով de jure Հայաստանի Հանրապետությանը պատկանող, բայց de facto Թուրքիայի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքի վրա նոր վարչաձևի հաստատումը, որը ներկայացուցչական միջազգային վարչակազմի ներքո կկարողանա համադրել Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանարապետության, ինչպես նաև  տեղի բնակչության շահերը:

Խորին հարգանքով՝ 

Արա Պապյան,

Մոդուս վիվենդի հետազոտական կենտրոնի ղեկավար,

Երևան, 20 փետրվարի 2015թ.