Ոստիկանության պետն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մայիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին։
Ողջունելով դեսպանին՝ ոստիկանության պետը շնորհավորեց նշանակման կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթեց։

Վահե Ղազարյանն ընդգծեց, որ սա Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն է ոստիկանություն, ինչը կնպաստի երկու կողմերի համագործակցության զարգացմանը։

Ոստիկանության պետը նշեց, որ երկու երկրների իրավապահ կառույցները ներկայումս համագործակցում են Ինտերպոլի շրջանակներում։ Ընդգծելով, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, Վահե Ղազարյանն այդ համատեքստում կարևորեց կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության դեմ պայքարի շրջանակներում, նաև պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ոլորտներում երկկողմ համագործակցություն ձևավորելու հնարավորությունը

Ֆուկուսիմա Մասանորը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում մասնավորապես կարևորեց ոստիկանության աշխատանքը։

Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
Կողմերը մտքեր փոխանակեցին նաև երկու երկրներում համավարակի դեմ պայքարի աշխատանքից։

Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից։