«Անավարտ հեղափոխության ուրվականը անընդհատ մեզ նեղություն է տալու, ուշացած քայլեր են անում»․ Եղիշե Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը

– Պարո
՛ն Պետրոսյան, բավականին լարված ժամանակներ են։ Ազգային ժողովը օրերս փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն։ Ձեր կարծիքով՝ սա ինչ գործընթաց է՝ քաղաքակա՞ն, թե՞ իրավական։

– Ինչում որ մեղադրվում է Ծառուկյանը՝ առնվազն մի քանի տասնյակ մարդ մենք գիտենք,, որ նմանատիպ մեղադրանքներով կարող են ներգրավվել զանազան քրեական գործերի մեջ։ Բայց, ա՛յ, այն կողմերում ծպտուն չկա։ Տեսնես ինչո՞ւ․․․

Եթե այսպիսի պրոցեսներ նախաձեռնվեին երկու տարի առաջ՝ իշխանափոխությունից անմիջապես հետո, և կրեին համակարգային բնույթ, դա կլիներ հեղափոխություն։

– Քաղաքական գնահատական, անցումային արդարադատություն, տնտեսական լյուստրացիա չլինելու պատճառով այսօր կարծիք կա, որ քաղաքական հետապնդում է, ոչ թե իրավական դաշտում է։ 

– Ժողովուրդը հստակորեն մերժել է հին համակարգը, որն իր էությամբ եղել է քրեաօլիգարխիկ։ Այն մեծ վերապահումով կարելի էր համարել քաղաքական։ Այնուամենայնիվ, քաղաքական գնահատականով և, որպես նրա տրամաբանական շարունակություն՝ անցումային արդարադատությամբ մենք պետք է սկսեինք նրա կազմալուծումը, որը և կարող էր բերել հավասարակշռության։ Գողոնը պետք է վերադարձվեր, արդարությունը վերականգնվեր, ժողովուրդը համոզվեր, որ հեղափոխությունը շարունակվում է։ Երկու տարի կորցնելուց հետո այս քայլն արդեն հիմա կարծիքներ է ծնում՝ «վայ, քաղաքական հետապնդում է»։ 

– Ինչո՞ւ չարվեց, և ինչո՞ւ այս գործընթացները հիմա սկսվեցին։

– Այդ հարցը երևի թե արժի տալ Ազգային ժողովի 88 պատգամավորներին, որովհետև իրենք ունեն ժողովրդի մանդատը և պետական ողջ գործիքակազմը հեղափոխություն անելու, իրագործելու ժողովրդին տված խոստումները։ Ժողովուրդը լիազորել է կոնկրետ գործողություններ կատարելու, երկիրը մաքրելու և զարգացման տանելու, երկիրը կայացնելու, այնինչ մենք երկու տարի դոփում ենք տեղում ոչ կոմպետենտության, երբեմն՝ անվճռականության պատճառով և հազար ու մի փորձությունների ենք ենթարկում երկիրը։ 

Առնվազն մի քանի տասնյակ մարդիկ պետք է անցնեին այս նույն քավարանով։ Քանի դեռ մենք չենք մաքրել քաղաքական դաշտը, միշտ նույն կետին ենք գալու։ Տնտեսական, գործակալական լյուստրացիա չի եղել, անցումային արդարադատություն չի եղել, մենք անընդհատ բախվելու ենք զանազան մարտահրավերների, ինչպիսին Սահմանադրական դատարանի թնջուկն է։ Հիմա էլ, պարզվում է՝ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի լիդերի հարցն է։ Քաղաքական ուժ՝ լավ է ասված․․․ Անավարտ հեղափոխության ուրվականը անընդհատ մեզ նեղություն է տալու։

– Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ընդգծեց, որ հեղափոխությունից անցել է 2 տարի, արածը քանդվել է, ձախողվել է, տնտեսությունը վատ վիճակում է, և պետք է կառավարությունը հրաժարական տա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

– Մեր վատ տնտեսության մեղավորներից մեկն էլ Ծառուկյանն է, որովհետև նա եղել է անցյալ համակարգի վառ, ես կասեի՝ էտալոնային ներկայացուցիչը։ Եվ նրա նման շատերը դեռ գործում են, չեմ ուզում նրան առանձնացնել։ Դուրս գաք փողոց, տասը մարդու հարցնեք, տասը մարդ ձեզ կտա գոնե մի 30 անուն, որոնք անմիջական մասնակցություն ունեն մեր երկիրը այսպիսի աղետալի վիճակի հասցնելու գործում։

– Այս իրավիճակում ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Չգիտեմ՝ այս պրոցեսը շարունակակա՞ն կլինի, թե՞ մեկանգամյա։ Եթե համակարգային մոտեցում լինի, ես իմ շնորհակալությունը կհայտնեմ իշխանություններին։ Պետականաշինության պրոցեսին խանգարող ցանկացած խոչընդոտ պետք է վերացվի, որպեսզի մենք կարողանանք մեջքներս ուղղել և երկիր արարել։ Ինչքա՞ն կարելի է այսպես ստորաքարշ գոյատևել։

– Այսօր աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ։ Ամեն օր Հայաստանում մի քանի հարյուր նոր վարակակիրներ են հայտնաբերվում։ Շատ քննադատվեց այն, որ բոլոր ուժերը համախմբելու և վիրուսի դեմ պայքարելու փոխարեն միմյանց դեմ դուրս եկան։ Ըստ ձեզ՝ ի՞նչ իրավիճակի ենք մենք ականատես լինում այսօր և ինչո՞ւ։

– Մեր երկրում բոլոր ոլորտները թալանված էին ի սկզբանե, ծանոթ-բարեկամ-խնամիով համալրված պաշտոնյանե՞րը պետք է կարողանային որևէ առողջական մարտահրավերի դեմն առնել։ Մեզ մոտ ամեն ինչն է քայքայված, բոլոր ոլորտները ապականված են՝ սա է իմ ասածը։ Սա մեկ տարում չի արվել, արվել է երկար ժամանակ, մենք իշխանություններին լիազորել ենք, որ հերթով լուծեն, հերթով՝ ոչ թե մեկումեջ։

– Հեղափոխությունից 2 տարի անց ձեր սպասելիքները որքանո՞վ արդարացան, ո՞ր ոլորտում ձախողեցինք կամ հաջողեցինք։

– Մի 3%-ով ենք հաջողել։ Չկա որևէ ոլորտ, որ թռիչք ապրի։ Մեզ մոտ ֆեյսբուքյան երկիր է, վիրտուալ կյանք։ Ֆեյսբուք է և վերջ։

– Այսօրվա իրադարձություններից հետո ի՞նչ եք սպասում։

– Ինձ համար նախընտրելի կլիներ, որ շարունակական լիներ այս պրոցեսը, սա կարևոր բան է։ Կարևորը, որ հեղափոխությունը անպայման շարունակություն ունենա, որպեսզի մենք իրականում մոտենանք մեր իղձերի կատարմանը, սպասումների իրագործմանը։ Առայժմ ես դա չեմ տեսնում։ 

Արփինե Արզումանյան

MediaLab.am