ԵՄ երկրների բնակիչները Թուրքիային համարում են թշնամի, ոչ թե դաշնակից․ հետազոտություն.Factor


ԵՄ անդամ երկրների ավելի շատ բնակիչներ են Թուրքիային համարում հակառակորդ, այլ ոչ գործընկեր։

Այս մասին ասվում է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) կողմից արված հասարակական կարծիքի ուսումնասիրության մեջ, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Ըստ հարցման՝ եվրոպացիների 26 տոկոսը Թուրքիային համարում է հակառակորդ կամ երկիր, որի հետ առկա է հակամարտություն, իսկ 25 տոկոսը՝ անհրաժեշտ գործընկեր։

Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թվականից։

Անդամակցության հարցով բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի հոկտեմբերին, սակայն վերջին տարիներին կանգ են առել Թուրքիայի՝ ԵՄ անդամի թեկնածության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։

Հարցվածների միայն 4 տոկոսն է Թուրքիային համարել դաշնակից, որը կիսում է նույն արժեքներն ու շահերը։ Ի դեպ, Գերմանիայում գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը, որտեղ հարցվածների շուրջ 41 տոկոսը Թուրքիային հակառակորդ է համարել։

«Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ի տարբերություն Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի, որոնց եվրոպացիները համարում են ավելի պակաս սպառնալիք, այս արդյունքը բավականին մտահոգիչ է»,- ասվում է ECFR-ի ուսումնասիրության մեջ:

Բացի այդ, ըստ զեկույցի՝ եվրոպական չափանիշներին ու արժեքներին մերձենալու փոխարեն՝ Թուրքիայում հետընթաց է գրանցվել օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության, ինստիտուցիոնալ բարեփոխումների և առճակատվող արտաքին քաղաքականության առումներով։

Այս մասին հայտնում է Factor.am-ը