«Սահմանափակումների թուլացումը լավագույն լուծումը չէ, բայց հակառակը կարող էր լինել սոցիալական պայթյունը՝ անկանխատեսելի հետևանքներով». Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

Տիկի՛ն Զոհրաբյան, Կառավարությունը որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, բայց միաժամանակ՝ սահմանափակումները թուլացվում են։ Այն դեպքում, երբ կորոնավիրուսով հիվանդացության օրական դեպքերը ավելանում են, որքանո՞վ էր նպատակահարմար նման քայլի գնալ ընդհանրապես։

– Այստեղ խնդիրը երկբևեռ է։ Հասկանալի է, որ մենք կորոնավիրուսի հետ ապրելու ենք երկար, շատ երկար, ընդհուպ այսօր իմ կողմից շատ հարգված վիրուսոլոգներից մեկը նշեց՝ մինչև 2, 3, 4 կամ 5 տարի։ 

Հիմա մենք պետք է հասկանանք՝ ունի՞ Հայաստանը նման ռեսուրս՝ պարալիզացնել տնտեսությունը անհասկանալի և անորոշ ժամանակով։ Կարծում եմ՝ ոչ։ 

Եվ նույն Եվրոպական միության անդամ երկրները կարծես գնում են նույն ճանապարհով, այսինքն՝ սահմանափակումները թուլացնում են և դրա հետ միասին ուժեղացնում են հսկողությունը։ 

Մենք պետք է հասկանանք, որ այսօր հսկայական թվով գործազրկության տոկոս կա։ Մենք պետք է հասկանանք, որ տնտեսության բազմաթիվ ճյուղեր ուղղակիորեն տևական ժամանակ չեն կարողանալու վերականգնել իրենց աշխատանքային ռիթմը, մասնավորապես, զբոսաշրջության, սպասարկման ոլորտները, որովհետև սպառում չկա և չի լինելու։

Բազմաթիվ ձեռնարկություններ կամ փակման շեմին են կանգնելու, կամ ուղղակիորեն փակվելու են, մասնավորապես, փոքր ու միջին բիզնեսի ոլորտից։ 

Հիմա, այս պայմաններում կարո՞ղ է Հայաստանի կառավարությունն իր վրա վերցնել այդ լայնամասշտաբ, տևական, շատ երկար կամ անորոշ ժամանակ ձգվող հնարավոր փոխհատուցումների բեռը։ Իհարկե ո՛չ։ 

Ես հասկանում եմ, որ սահմանափակումների այս թուլացումը լավագույն լուծումը չէ, բայց հակառակը կարող էր լինել սոցիալական պայթյունը, սոցիալական լարվածությունը՝ իր բոլոր հնարավոր անկանխատեսելի հետևանքներով։ Ուստի, ես կարծում եմ, այս որոշումն ըստ էության պարտադրված որոշում էր՝ վատի և վատթարագունի միջև։

Կառավարությունն արդյոք ի վիճակի՞ է այնպիսի վերահսկողություն իրականացնել, որպեսզի անվտանգության կանոնները պահպանվեն։ Այս ընթացքում մենք տեսել ենք, որ արտակարգ դրության շրջանում սահմանված կանոնները խախտվել են։ Հիմա ասվում է` մարդիկ էլ պետք է պատասխանատվություն ստանձնեն։ Բայց միայն մարդկանց վրա չպետք է թողնել, չէ՞, ինչպե՞ս խստացնել վերահսկողությունը։

– Գիտեք, կառավարությունը նրա համար է, որ պատասխանատվություն ստանձնի։ Հիմա՝ կարո՞ղ է այս կառավարությունը ստանձնել անվտանգության պատասխանատվությունը, թե՞ ոչ՝ դա կերևա։

Համենայնդեպս, այստեղ ես համաձայն եմ ձեզ հետ, որ ողջ պատասխանատվությունը չպետք է դնեն քաղաքացու վրա, այլ պատկան մարմինները, իրավապահ մարմինները յուրաքանչյուրն իր հստակ պարտականությունը և ֆունկցիան պետք է կատարի, հետո նոր մենք իրավունք կունենանք պահանջել քաղաքացուց։

Ես ամեն երեկո զբոսնում եմ Երևանի փողոցներում և տեսնում եմ այդ սրճարանները՝ լցված մարդկանցով, որտեղ անվտանգության որևէ նորմ պահպանված չէ։ Անկեղծ ասած, ես բացարձակ լավատես չեմ, որ մենք այս ռեժիմների թուլացումից հետո չենք ունենա վարակի շատ ավելի մեծ տեմպ։ Ուստի, այստեղ ես կարծում եմ՝շատ կարևոր նշանակություն պետք է ունենա իրազեկումը։

Թե՛ հանրային, թե՛ մասնավոր հեռուստաընկերություններով պետք է ամեն օր սոցիալական ճիշտ ու գրագետ հոլովակներ պատրաստվեն ու ցուցադրվեն, որպեսզի քաղաքացին հասկանա, որ չպահպանելով անվտանգության կանոնները՝ ինքը վտանգում է ոչ միայն իր, այլ նաև իր երեխայի, իր ծնողների, իր սիրելիների կյանքը։

Այդ սոցիալական հոլովակները պետք է կարողանան իսկապես գրագետ պատրաստել, որ փողոցում դիմակ կրելը, պարետատան հայտարարություններին հետևելը լինեն ոչ թե պարտադրված, այլ յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պարտավորությունը։

Կկարողանա՞նք դա անել՝ կկարողանանք ժամանակի ընթացքում կոտրել վարակի օղակը, չե՞նք կարողանա՝ կշարունակվի այն, ինչ ես ամեն օր տեսնում եմ փողոցներում ու խանութներում։ Ցավոք սրտի, այդ դեպքում մենք ունենալու ենք շատ վատ ու վտանգավոր զարգացումներ։ 

– Ընդհանրապես ինչի՞ հետևանք եք համարում հիվանդացության տարածման ավելացումը, այսօր էլ փոխնախարարն ասաց, որ վիրուսի տարածումն արդեն հնարավոր չէ վերահսկել։ Չնայած կիսով չափ կարծես պատասխանեցիք այդ հարցին։

– Այսօր ես խոսում էի մեր լավագույն վիրուսաբաններից մեկի՝ Հասմիկ Ղազարյանի հետ։ Ինքը որպես այս վիրուսի տարբերակիչ՝ նշեց դրա շատ ագրեսիվ տարածման ունակությունը։

Բայց այստեղ մենք հասկանում ենք, որ տարածումը մեծապես կախված է նաև նրանից, որ անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվում։ Եվ համաձայն եմ երևի փոխնախարարի հետ, որ մենք հասել ենք մի փուլ, երբ այլևս վերահսկել այս տարածումը միգուցե շատ դժվար է, բայց անհնար չէ։

Եվ այստեղ, նորից եմ կրկնում՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ինքը պատասխանատու է ոչ միայն իր առաջ, այլ նաև իր հարազատների, մերձավորների համար։ Ես հասկանում եմ, որ դա մեր մենթալիտետի համար մի քիչ բարդ ընկալելի է, որովհետև մենք սովոր ենք ապրել այնպես, ինչպես ուզում ենք։

Բայց երևի թե այս կորոնավիրուսը ինչ-որ տեղ նաև մեր ավանդույթների, ապրելակերպի մեջ պետք է կարողանա այդ ճշգրտումներն անել, որպեսզի մենք հասկանանք, որ եթե կա վտանգ, պետք է կարողանանք հաշվի նստել վտանգի խաղի կանոնների հետ, ինչքան էլ այն մեզ դուր չգա։

– Հանրային տրանսպորտի, մոլերի, հանրային սննդի կետերի աշխատանքի վերսկսումը կարո՞ղ է լրացուցիչ ռիսկեր ստեղծել։

– Այո՛, հանրային տրանսպորտը, մոլերը, սննդի կետերը՝ դրանք վարակի տարածման ամենաակտիվ միջոցներն են։ Ուստի, այստեղ պետք է ասեմ այն, ինչ արդեն ասել եմ։

Կամ մենք պետք է կարողանանք լինել պատասխանատու, մյուս կողմից՝ կառավարության յուրաքանչյուր օղակ պետք է կարողանա իր գործառույթը ճիշտ կատարել, ոչ թե մեղքը գցել մյուս օղակի վրա, կամ կունենանք այնպիսի անկանխատեսելի իրավիճակ, ինչպես եղավ եվրոպական մի քանի երկրներում։ Սա է փաստը, սա է իրականությունը։

Մեր առողջահության համակարգի կարողություններն ինչպե՞ս եք գնահատում` զերծ մնալու անվերահսկելի վիճակից։

– Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում ներկայացրեց, թե այսօրվա դրությամբ մինչև քանի վարակակիր կարող ենք հիվանդանոցներում ապահովել մահճակալով, մինչև քանի տեղ ունենք վերակենդանացման բաժանմունքում։ Առայժմ համակարգը դիմանում է վարակի ճնշմանը։

Բայց ես նորից եմ կրկնում՝ արտակարգ դրության սահմանափակումները երկուշաբթի օրվանից էականորեն թուլանում են, և մայիսի 18-ից հետո առաջին հինգ օրերի ընթացքում պարզ կլինի դինամիկան՝ մենք ինչպիսի զարգացում կունենանք։ Դրանից կախված՝ կարող ենք գնահատել՝ մեր առողջապահության համակարգի անվտանգության բարձիկները կարո՞ղ են դիմանալ այդ ճնշմանը, թե՞ ոչ։

Դուք նաև բարձրացրել էիք հարցը, որն դիմակների համատարած կիրառման պայմաններում դրանց բարձր գները խնդիրներ կարող են ստեղծել մարդկանց համար։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը, որպեսզի գները վերահսկվեն կամ նվազեցվեն։

– Այո՛, ես պարետի առաջ բարձրացրեցի դիմակների հարցը, որովհետև բժշկական ամենաանորակ դիմակներն անգամ այսօր վաճառվում են 200-ից դրամից սկսած մինչև 350 դրամ։

Հիմա, եթե մենք տևական ժամանակ պարտադրված ենք լինելու ամեն օր կիրառելու այդ դիմակները, որոնք ըստ բժշկական ցուցումների՝ պետք է 2-3 ժամը մեկ փոխվեն, այդ դեպքում գնային քաղաքականությունն ինչպե՞ս պետք է կարգավորվի։

Գնային քաղաքականությունը պետք է կարգավորվի, և այստեղ կառավարությունն իր պոզիտիվ ճնշման մեխանիզմները պետք է կիրառի՝ այդ դիմակների գները քրիստոնեական վիճակի բերելու համար։

Եվ ես կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև սոցիալապես խոցելի խավերին անվճար դիմակներ տրամադրելու հարցը։ Այլապես մարդկանց ասել, որ՝ կարող եք տան շալը, ադիալները կամ շարֆերը բերաններին փաթաթել ու դուրս գալ, ես կարծում եմ՝ սա լուրջ խոսակցություն չէ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am