«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը
– Պարո՛ն Նորիկյան, հայտնի դարձավ, որ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։ Ի՞նչ է ենթադրում այս որոշումը, ՀՀ Կառավարությունն ի՞նչ պետք է անի այս որոշումից հետո:
– Մեղմ ասած, այս դատական ակտը շառաչուն ապտակ է՝ ուղղված ՀԷՑ-ի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հեղինակներին:
Նման դատական ակտի հրապարակումը վկայում է, որ ՀՀ Կառավարությունը մինչև հայտնի որոշումներ կայացնելը չի հաշվարկել հնարավոր ռիսկերն ու իրավական հետևանքները, լրջորեն չի ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունները, վտանգի տակ է դրել Հայաստանի բիզնեսի ու ներդրումային միջավայրի հեղինակությունը, իսկ ավելի հստակ՝ իր դիլետանտ գործունեությամբ հիմնավորել է, որ առաջնորդվել է բացառապես կամայական քմահաճույքով, որը հիմնված է զուտ քաղաքական հաշվարկի վրա։
Ես մեծագույն ցավ եմ ապրում, որ մեր երկրում որոշումները կայացվում են նման անպատասխանատու ձևով՝ թքած ունենալով մեր պետության իմիջի ու միջազգային վարկանիշի վրա։
Որոշ մարդկանց թվում է, թե ղժղժալով հնարավոր է լուծել բոլոր հարցերը։ Հայաստանում հնարավոր է դեռևս, սակայն Հայաստանից դուրս էլ կյանք կա, ինչպես ասում են: Շառաչուն ապտակի տեսքով այսպիսի որոշումները, ենթադրվում է, որ սթափեցնող են, որպեսզի հնարավոր լինի կանգ առնել՝ վերջնական տապալումից խուսափելու համար։
Բայց սա վտանգավոր է նաև մեկ այլ տեսանկյունից․ այս ամենը ցույց է տալիս, որ մեր երկիրը չի ղեկավարվում ՀՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, այս ամենը ցույց է տալիս, որ մեր երկիրը ղեկավարվում է մեկ մարդու քմահաճույքով, որը հայտնվել է ցուգցվանգի վիճակում, մեկը մյուսի հետևից գործում է սխալներ, որոնք ճակատագրական են Հայաստանի համար:
Եթե ՀՀ Կառավարությունը համաձայն չէ այս որոշման հետ, ապա «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է դիմի դատարան ու կասեցնի Ստոկհոլմի այդ որոշումը մինչև դատարանի վճիռը: Սա բարդ, ժամանակատար պրոցես է, Կառավարությունը պետք է ապացուցի իր գործունեության անխոցելիությունը, որն առերևույթ չի երևում:
Ակնհայտ է, որ ՀԵՑ-ի պետականացման գործընթացը բացառապես քաղաքական հաշվարկների վրա է հիմնված է, հիմա տեսնենք, թե Կառավարությունը զուտ իրավական հարթության վրա կդիմի՞ դատարան այդ վճիռը անվավեր ճանաչելու համար կամ ինչ հակափաստարկներ կբերի:
Այս հարցը կարգավորվում է մի քանի իրավական ակտերով՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով ու Հայաստանի և Կիպրոսի միջև 1995-ին ստորագրված ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրի դրույթներով: Խնդիրը նաև հետևյալի մեջ է, քանի որ այդ վճռի բովանդակությունը ամբողջովին հասանելի չէ, ու չենք կարող ծանոթանալ, պետք է բավարարվենք այն հրապարակումներով, որոնք արվել են:
– Այս վճիռը պարտադիր կատարման ենթակա՞ է, թե՞, ինչպես նշել է արդարադատության նախարարը, կարող են և չկատարել:
– Այո՛, այդպես է, Կառավարությունը պարտավոր է կատարել, բայց կա մեկ ուրիշ խնդիր. Կառավարությունը մեկ ուրիշ ձևով է մեկնաբանում այս ամենը, ասում է՝ այո՛, մենք նշանակել ենք ժամանակավոր կառավարիչ, ինչը լրիվ ուրիշ բանի մասին է, մեր գործողություններն այլ բանի մասին են: Այսինքն՝ իրենք շրջանցում են, ասում են՝ մեր արածը այլ բան է:
Այս վճիռը, ինչպես ասացի, նաև ՀՀ ներդրումային ոլորտի համար է բացասական հետևանքներ ունենալու: ՀԷՑ-ը պետք է հաշվարկի, թե ինչ վնասներ է ինքը կրելու, ինչպես է այդ հարցերը կարգավորելու, նոր ներդրումների համար ևս այս ամենը խնդրահարույց է լինելու, որովհետև ոչ մի ներդրող չի համաձայնի ներդրում կատարել մի երկրում, որտեղ նման բաներ են կատարվում: Սա մի բարդ գործընթաց է, որին հստակ գնահատականներ տալ դժվար է հիմա, պետք է ուսումնասիրություններից հետո նոր ասել՝ ինչ է տեղի ունեցել ու ինչ տեղի կունենա: Դժվար է այսօր ասել, թե խնդիրն ինչ հանգուցալուծում կստանա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















