«Բոլորն էլ գիտեն, որ դա ձևական է». պաշտոնյաները մեկնում են արձակուրդ

«Բոլորն էլ գիտեն, որ դա ձևական է». պաշտոնյաները մեկնում են արձակուրդ
«Բոլորն էլ գիտեն, որ դա ձևական է». պաշտոնյաները մեկնում են արձակուրդ

43 պաշտոնատար անձ ՀՀ նախարարություններից ու մարզերից, համաձայն գործող օրենսդրության, արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները գտնվելու են արձակուրդում:
Ըստ 2012-ի մարտի 29-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարության` նախընտրական գործընթացներում ներգրավված հայեցողական պաշտոն զբաղեցող անձինք պետք է արձակուրդ ձևակերպելու դիմում ներկայացնեն, որպեսզի իրենց դիրքն ու հնարավորությունները չօգտագործեն նախընտրական գործընթացներում:
Ցուցակում ներգրավված են ՀՀ բոլոր մարզպետերն իրենց տեղակալների հետ, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի, կրթություն և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, քաղաքաշինության և ֆինանսների նախարարների տեղակալները:

Այդ թվում ընդգրկված են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահները:

Սակայն, հաշվի առնելով մշտապես նախընտրական գործընթացներում պաշտոնյաների ներգրավվածությունը՝ բոլոր հնարավոր ու անհնար վարչական լծակներն ի գործ դնելով հանդերձ, շատերն այս հաղորդագրությանն այնքան էլ լուրջ չեն մոտենում և զուտ ձևական են համարում:

«Արձակուրդ ձևակերպելու այդ դիմումը միանշանակ ձևական բնույթ է կրում: Քանի որ արձակուրդում գտնվելու դեպքում մարզպետը իր աշխատանքային ենթականերին ինչ որ գործառույթներ է ասելու անեն, և նրանք անելու են: Քարոզարշավի ընթացքում օգտվելու է ուղղակի կերպով իր ծառայողական մեքենաներից: Բոլորն էլ գիտեն, որ այդ արձակուրդը ձևական է, մեկ ամիս հետո նա նորից մարզպետ է լինելու»,- ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Թեև պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, սակայն արդեն իսկ արձանագրվել են խախտումներ:

Արթուր Սաքունցը «Մեդիալաբին» տեղեկացնում է, որ Լոռու մարզպետը հանդիպումներ է ունենում դպրոցներում, կոչ անելով ՀՀԿ-ին և դա ինքնին քարոզարշավ է:

«Կառավարող քաղաքական ուժը անհամեմատ գտնվում է նպաստավոր դիրքում: Իսկ օրենսդրությունը թույլ չի տալիս դրա նվազեցման ուղղությամբ քայլեր կատարել: Վարչական ռեսուրսների օգտագործումն ի սկզբանե գոյություն ունի»,- ասում է Սաքունցը,- «Կան նաև տեղեկություններ, որ որոշակի մարդկանց պատասխանատու են նշանակում 30 կամ 50 անձի համար, որպեսզի հավաքագրեն: Սրանք բոլորը դրամական որոշակի փոխհատուցման մեխանիզմներ են»,- նշում է Սաքունցը:

Ընտրախախտումների մասին է վկայում մայրաքաղաքում ու մարզերում արդեն իսկ ձևավորված նախընտարական շտաբերն ու քաղաքական ուղղակի կոչեր կրող ցուցանակները:

Այս առումով օրեր առաջ ՀԱԿ-ը ԿԸՀ դիմում-բողոք էր ներկայացրել, նշելով, որ հանրապետության ողջ տարածքում ՀՀԿ-ն արդեն իսկ կազմավորել է նախընտրական շտաբեր և իրականացնում է քարոզչություն:

«Տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը: Ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով` միջնորդում եմ օրենքով սահմանված ժամկետում պարտավորեցնել վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում, նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր եք համապատասխան հայցով դիմել դատարան կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով»,- նշված էր ՀԱԿ-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանի ներկայացրած դիմում-բողոքում:

ԿԸՀ-ն մերժել է ՀԱԿ-ի ներկայացրած դիմումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ընտրական օրենսգրքում սահմանված չափանիշներով ցուցանակները չպետք է լինեն 6 քմ-ից մեծ, իսկ դրանում առկա գրության բովանդակությունն իր մեջ չպետք է պարունակի ուղղակի կողմ կամ դեմ լինելու կոչ: Ըստ Մուկուչյանի`ՀՀԿ կարգախոսը չի կարող դիտվել քարոզչություն, ինչպես պնդում է ՀԱԿ-ի նախընտրական շտաբի պետը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am