Իշխանության գործողությունների հետևանքը պետականության կորուստն է լինելու, գուցե այս պահին դա չի զգացվում. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, ՀՀ Ազգային ժողովը չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը։ Հիշեցնեմ, որ խմբակցությունը պնդում էր, որ Սեդա Սաֆարյանը, ԱԺ-ի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 16-ից պաշտոնը ստանձնելով, պահպանել է իր անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը մինչև 2023 թվականին հունվարի 27-ը: Մինչդեռ օրենքի պահանջի համաձայն՝ իր ընտրվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այդ կարգավիճակը: Ինչպե՞ս եք գնահատում իշխող ուժի այս քայլը, եթե նկատի ունենանք հանգամանքը, որ այսօրվա նիստի ժամանակ նրանցից ոմանք ևս ընդունեցին, որ խնդիր, այնուամենայնիվ, կա։

– Այսօրվա նիստին չեմ հետևել, հետևել եմ դրան նախորդող գլխադասային հանձնաժողովի քննարկմանը, ու այդ պահից արդեն ինձ համար հասկանալի էր, որ գործող իշխանությունը փորձում է կիրառել նախկին հանցավոր ռեժիմի գործիքակազմը․ ձևական առումով ընդունում են, որ կա խնդիր, իսկ խնդիր իրականում կա, բայց փորձում են դա քողարկել բառախաղերի տակ։ 

Իրականում, եթե կա խնդիր, ու այդ խնդիրն Ազգային ժողովի լուծման խնդիրը չէ, այլ՝ ՍԴ-ինը, հետևաբար պետք է օգնեին, որ գործը գնար ՍԴ, ու այնտեղ քննարկում լիներ։ Սա, ցավալիորեն, դատական համակարգի հերթական արժեզրկման պրոցեսն էր, որովհետև այսքան, ինչքան գործող իշխանությունները տարբեր ձևերով, կիսագործողություններով, միջամտություններով, օրենսդրական ակտերով, իրենց հռետորաբանությամբ, խոսքով միջամտեցին դատական իշխանության գործունեությանը, երևի ոչ մեկն այսքան չէր միջամտել։ 

Այնպես չէ, որ նախկինում միջամտություններ չէին լինում, բայց դրանք արվում էին հասարակության աչքից հեռու, գործող իշխանությունները ժողովրդավար երևալու համար դա անում են հանրային հարթակում, բայց սրանով վնասեցին ու վարկաբեկեցին դատական համակարգն ավելի, քան մինչև այս պահը վարկաբեկված էր եղել։ 

– Դուք խոսում եք դատական համակարգն ավելի վարկաբեկելու մասին, բայց օրեր առաջ, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ամփոփում էր իր պաշտոնավարման առաջին կիսամյակը, նշեց, թե պայքարում են, որ որևէ վարկաբեկված դատավոր տեղ չունենա համակարգում, որ բարեփոխումներին, որի մասին ասել են, հավատարիմ են մնում։

– Չեմ հետևել այդ ելույթին, որովհետև այն պահին, երբ քաղաքական գործիչ, կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը դարձավ ԲԴԽ նախագահ, այդ կառույցն ինձ համար վերջնականապես կորցրեց իր հետաքրքրությունը, բայց դրան զուգահեռ ես տեսել եմ, թե ինչպես էին դատավորները, որոնց վերաբերյալ մենք նաև պարբերաբար տեղեկատվություն էինք հրապարակում, ԲԴԽ անդամներից շնորհակալագրեր ստանում։ Շնորհակալագիր էին հանձնում այնպիսի դատավորների, որոնց մասին, վստահաբար եմ ասում, հենց մեկը՝ Կարեն Անդրեասյանը, տեղեկացված եղել է։ 

Այս ֆոնին խոսել ինչ-որ պայքարի արդյունավետության մասին, չգիտեմ, էլի, այնքան անտրամաբանական են գործողությունները, այնքան անհետևողական, ու սա հետևանք է այն բանի, որ չունեն հստակ ծրագիր, թե ինչպես պետք է բարեփոխել արդարադատության համակարգն առհասարակ, սրա պատճառն այն է, որ ընդամենը ձևական, հասարակության աչքին թոզ փչելու համար ինչ-որ իրավիճակային գործողություններ են անում, պատրանք են ստեղծում, թե փոփոխությունների են գնում, իրականության մեջ այս դատական համակարգը նաև այս իշխանություններին է ձեռնտու։ Ունենալ այսպիսի խոցելի, ոչ պրոֆեսիոնալ համակարգ՝ իրենց էլ է ձեռնտու։ 

– Ինչո՞ւ, տիկի՛ն Կարապետյանց։

– Ոնց ուզեն՝ այդպես էլ կկառավարեն այդ համակարգը։ Ունենալ խոցելի դատավոր՝ ցանկացած իշխանության երազանքն է, որովհետև խոցելի դատավորին կարողանում ես նաև կառավարել։ Նախկինում շատերը հասարակության մեջ, ովքեր չէին առնչվել դատական համակարգին, դրա խոցելիության աստիճանի կամ դրա ոչ պրոֆեսիոնալ լինելու կամ վաճառված լինելու մասին ուղղակի չգիտեին: 

Իրենք խնդիրը հանրայնացրեցին ավելին, քան կարելի էր պատկերացնել, բայց լուծումներ չտվեցին, փոփոխությունների չգնացին, արդյունքում՝ հասարակությունն էլ է մտածում՝ լավ, որ փոփոխությունների չեն գնում, այս ամենը հանրայնացնելու իմաստը ո՞րն էր։ Դատական համակարգում հիմա տոտալ քաոս է տիրում, տոտալ քաոս, իսկ սա ամենավտանգավոր պրոցեսն է, որը կարելի է պատկերացնել արդարադատության համակարգի հետ կապված։

– Այդ ամենի հետևանքն ի՞նչը կարող է լինել։

– Առաջինը՝ հասարակության կողմից պետական կառույցների ու հատկապես արդարադատություն իրականացնող համակարգերի նկատմամբ բացարձակ անվստահության ձևավորումն է, ինչի հիմքերը կան, իսկ դա հասարակության մասով բերելու է նրան, որ մերժելու է պետական մարմիններին, օրենքները, այդ ամենը չհարգելուն, այսինքն՝ դա տանելու է պետականության կորստի, գուցե այս պահին դա չի զգացվում, բայց դրա հետևանքը հենց պետականության կորուստն է լինելու։ 

Հասարակության մեջ միտք է ձևավորվում, որ, միևնույն է, մենք անգամ հեղափոխություն անելուց հետո ի վիճակի չենք խնդիրներ լուծել, հետևաբար մենք կարող ենք առանձին սուվերեն պետություն չունենանք էլ, մեկը կգա, մեզ կկառավարի, որոշումներ կընդունի, մասնավորապես՝ միութենական պետության մասին են խոսում, թող Մոսկվայից հրամանները գան, մենք այստեղ մի կերպ յոլա կգնանք։ Ես հասկանում եմ, որ թռիչքը շատ մեծ է ստացվում, բայց հասարակության մոտ հենց այդ միտքն է ծագում, որ մենք չենք էլ կարողանում պետություն պահել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am