«Այստեղ  որեւէ  նվաստացման երևույթ չկա»․ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է իր պահվածքը դպրոցի տնօրենի հետ

«Այստեղ  որեւէ  նվաստացման երևույթ չկա»․ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է իր պահվածքը դպրոցի տնօրենի հետ
«Այստեղ  որեւէ  նվաստացման երևույթ չկա»․ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է իր պահվածքը դպրոցի տնօրենի հետ

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը համաձայն չէ, որ նախօրեին Երևանի դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ իր պահվածքը նվաստացուցիչ է եղել։

«Այյստեղ  որևէ  նվաստացման երևույթ չկա, և առհասարակ ինձ ով ճանաչում է, նվաստացման որևէ օրինակ չի կարող բերել»,– այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով իր պահվածքը ՝ ասել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ տնօրենների հետ ընդամենը անկաշկանդ, գործընկերային զրույց է եղել, երբեմն կատակներով, երբեմն շատ մտերիմ փոխադարձումներով:

Լրագրողների դիտարկմանը, թե դա խիստ տոնով ասված խոսք էր նախարարի կողմից, Արայիկ Հարությունյանը պատասխանել է․ «Ձեր եզրակացությունն է այդպիսին, որովհետև դուք միշտ սովոր եք եղել, որ նախարարը իր ենթակայության տակ գտնվող տնօրեններին վերևից նայի  և շեֆություն անի»:

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարևորել էր օտարալեզու խորացված ուսուցմամբ դպրոցների բացումը՝նշելով, որ ժամանակին ինքն էլ նման դպրոց է ավարտել, ինչին Արայիկ Հարությունյանն արձագանքել էր. «Ես վստահ եմ, որ հիմա այն տեքստը, որ դուք ասեցիք հայերեն, լինելով խորացված դպրոցի նախկին աշակերտ՝ այդ տեքստն անգլերենով չէիք ասի»: Ավելին՝ նա տնօրենին ստիպել էր բոլորի ներկայությամբ նույն հարցն անգլերեն ասել՝ կասկածի տակ դնելով տնօրենի գիտելիքները։ Տնօրենը հարցը տվել էր անգլերեն: Արայիկ Հարությունյանն ավելի հեռուն էր գնացել․ իր ճշմարտացի լինելն ապացուցելու համար հայտարարել էր, թե տնօրենն իր հայերեն հարցի բառացի թարգմանությունը չի ասում։ 

www.youtube.com/watch?v=5fjZX44N13Q

Լրագրողները  նախարարին հարցրել են՝ արդյոք նա կասկածո՞ւմ է ուսուցիչների կամ տնօրենների գիտելիքներին։

«Ոչ, այդպիսի մեկնաբանություն չի կարող լինել։ Իր ասածը ինչ էր. ասում էր՝ կարևոր են խորացված ուսուցմամբ դպրոցները ու ասաց, որ ինքն ավարտել է այդ դպրոցը։ Գործընկերային մթնոլորտում ասվել է, որ եթե ավարտել եք այդ դպրոցը, արդյոք այն, ինչ ասացիք հայերեն, կարող եք ասել անգլերեն։  Այսինքն խորքային գիտելիք տվե՞լ է այդ դպրոցը, թե ոչ»,- ասել է նա։