Գիրք նվիրելու տոնին հայաստանյան հրատարակչությունները մեկ հարթակում ներկայացրին լավագույն գրքերը

Գիրք նվիրելու օրվա առթիվ «ՋիԷսԷմ», «Էդիթ Պրինտ», «Զանգակ» հրատարակչությունները վերջին շրջանում լույս ընծայած լավագույն ստեղծագործությունները ներկայացրին մեկ հարթակում՝ Խնկո Ապոր անվան ազգային գրադարանում:

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում «ՋիԷսԷմ»-ի հիմնադիր տնօրեն Սմբատ Գյուրջյանն ասաց, որ Գիրք նվիրելու օրը կարևոր ավանդույթ է համարում. Նշանակալի տոն, որն արմատավորվել է մեր հասարակությունում: «Կար մի շրջան, երբ գիրքը երկրորդ պլան էր մղված, բայց նման նախաձեռնությունների շնորհիվ գրքի, ընթերցանության հանդեպ մարդկանց սերը վերականգնվում է: Առանց գրքի, առանց կրթության ապագա չունի ոչ մի սերունդ, ոչ մի ազգ»,-ընդգծեց Գյուրջյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց հրատարակչությունը գրքի տոնին ներկայացրել է փոքրիկների համար նախատեսված յուրատիպ, յուրահատուկ գրքեր, խաղ-խճանկարներ, որոնք անտարբեր չեն թողնի ոչ ոքի: «ՋիԷսԷմ»-ի գրքերը խոսում են, երգում են: Ցուցադրված էին Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Խնկո Ապոր և ալ հեղինակների գրքեր, որոնք երեխան կարող է ոչ միայն ընթերցել, այլև ներկել, նկարել և այլն:

Գրող, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանն էլ շեշտեց, որ տոնի շրջանակում երեք նոր գրքի շնորհանդես են նախաձեռնել: Ներկայացնելու են ժամանակակից գրողներ Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո», Հայկ Սիրունյանի «Ադամամութ», Արամ Ալավերդյանի  «Զգուշավոր բաս» գրքերը: «101 բիզնես գաղտնիքներ» գրքի շնորհանդեսն է նախատեսվում նաև: Վերահրատարակվել են «Աշխարհի իմաստուն հեքիաթներ», «Հայ ժողովրդական հեքիաթներ»  գրքերը՝ համալրումներով և նոր նկարազարդումներով:

Նա ընդգծեց, որ «Էդիթ Պրինտ»-ը շատ է անդրադառնում Հովհաննես Թումանյանին, հրատարակում է գրքեր, որոնք վերաբերում են հեղինակի մանկությանը, ընտանիքին, ներկայացնում են քննադատ, հանրագիտակ Թումանյանին: «Կարծում եմ՝ փոքր տարիքից պետք է սկսել ընթերցել: Եթե ընթերցասեր սերունդ ունենանք, երկիրն ավելի զարգացած կլինի: Կարդացած մարդուն խաբել հնարավոր չէ: Յուրաքանչյուր ծնող պետք է օրինակ ծառայի իր երեխաներին, ոչ թե նրանց ստիպի կարդալ, բայց ինքը չընթերցի»,-շեշտեց Սամվելյանն ու հավելեց, որ ուրախանում է, որ շատ ծնողներ երեխաների ձեռքը բռնած գալիս են գրադարան՝ նշելու այս գեղեցիկ տոնը. կամաց-կամաց գրադարանային կյանքը վերականգնվում է, գրադարանները համալրվում են ու այցելուները շատանում:

«Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով՝ փետրվարի 19-ը կարևոր նշանակություն ունի, քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, Գիրք նվիրելու տոնն է: «Շատերը կարծում են, որ այն համաշխարհային տոն է, բայց մենք գիտենք, որ Գիրք նվիրելու օրը Լևոն Անանյանի նախաձեռնությամբ է կյանք ստացել մեր երկրում և տարիների ընթացքում էական դեր խաղացել հատկապես հրատարակչական և գրական աշխարհում: Այս օրերին մամուլի ուշադրությունն էլ ավելի է սևեռվում հրատարակչական ոլորտին, տարբեր միջոցառումներ, շնոհանդեսներ են կազմակերպվում»,-ասաց հրատարակչության գործադիր տնօրենը:

Մանրամասները՝ այստեղ