Ադրբեջանը պետք է այդ պայմանագրի մեջ ռումբեր տեղադրի, որպեսզի իր հետագա գործողությունները դրանով պայմանավորի. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, քանի որ հայկական կողմը չի մանրամասնում, թե ի՞նչ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մասով, արդյոք ադրբեջանական կողմում խոսվում է, թե ի՞նչ առաջարկներ են ուղարկվել Հայաստան։

– Ադրբեջանի Միլլի մեջլիսի հայտարարությունը ցույց է տալիս, թե իրենք ինչ առաջարկներ են փորձում մտցնել, այսինքն՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը ուզում են արտացոլվի «խաղաղության պայմանագրում», որը հետագայում Ադրբեջանի ձեռքին լուրջ գործիք կդառնա Հայաստանի դեմ գործողությունների համար։ Ես վստահ եմ, որ իրենք այդ կետն ավելացրած ուղարկում են, հավանաբար, Հայաստանը չի ընդունում այդ կետը դեռևս ու հետ է ուղարկում: 

Դրանով Ադրբեջանը մի կողմից ժամանակ է ձգում, որովհետև ես ասել եմ, որ ձեռք բերվածը բավարար չէ Ադրբեջանի համար, ինչ-որ թուղթ ստորագրելու առումով Ադրբեջանը պետք է այդ թղթի մեջ կարևոր ռումբեր տեղադրի, որպեսզի իր հետագա գործողությունները դրանով պայմանավորի, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը հասկացել է, որ ինքը ժամանակի ընթացքում ամենաանհավանական թվացող դրույթները կարողանում է առաջ մղել։ 

Եթե մեկ-երկու տարի առաջ Հայաստանի իշխանություններն ասում էին, որ մինչև Արցախի հայերն իրավունքների ու անվտանգության ապահովում չունենան, ոչ մի թուղթ չի ստորագրվի, հիմա ասում են, որ եթե Արցախի հայերը բարձրաձայնում են իրենց իրավունքների և անվտանգության հարցը, վտանգում են Հայաստանը, դրա համար էլ Ալիևը հասկանում է, որ այնպիսի իշխանության հետ գործ ունի, որն արագորեն փոխում է իր մոտեցումներն ու դիրքորոշումը, ու ինքը փորձում է ժամանակի ընթացքում այդ վտանգավոր դրույթներն առաջ տանել։ 

– Միլլի մեջլիսի այդ հայտարարությունը միայն «Արևմտյան Ադրբեջանի» թեզի՞ն է վերաբերում։

– Այո՛, նախաբանում հիմնականում խոսվում է, թե իբրև հայերը վայրագություններ են արել ադրբեջանցիների նկատմամբ, որ ադրբեջանցիներն են այս տարածքի հիմնական տերերը, ու իրենք պետք է վերադարձի հնարավորություն ունենան։ 

Ուշագրավն այն է, որ հարցն այստեղ ինչ-որ փախստականների վերադարձի հարց չէ, այնտեղ ամեն բառն ընտրված է, այսինքն՝ նրանք փորձում են իրենց համար ստեղծել հալածյալի ու այս տարածքի տերերի կերպարը, որոնց հալածել ու դուրս է մղել այստեղից ինչ-որ ժողովուրդ՝ հանձին մեզ, և դրանից հետո իրենք պետք է վերադարձի իրավունք ունենան, որի համար պետք է պայքարեն և այլն։ 

Այդ ամբողջ կերպարը ստեղծելով՝ իրենք հետագայում փորձելու են սեփականատիրոջ կարգավիճակ սահմանել իրենց համար, այսինքն՝ իրենք են այս տարածքի տերերը, մենք որևէ իրավունք մեր տարածքի, երկրի, պետության հանդեպ չունենք, ու սրանով իրենք հետագայում արդեն իրենց խնդիրներն են առաջ մղելու: 

Այն, որ իրենք մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան», ևս մեկ տարածքային հավակնության արձանագրում է մեր երկրի հանդեպ։ Այս ամբողջի հետ մեկտեղ, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ «խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել», ապա կա՛մ խաղաղության մասին այլ պատկերացում ունեն, կա՛մ ոչ մի աղերս չունեն իրականության ու Հայաստանի շահերի հետ։

– Հայկական կողմը չբացառեց, որ Ադրբեջանի այն առաջարկը, որ սահմանազատումն ու սահմանագծումը կարող են կապ չունենալ խաղաղության պայմանագրի հետ, կարող է ընդունելի լինել իրենց համար։ Առանց սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու՝ խաղաղության պայմանագիր կնքելը ի՞նչ արդյունք կամ հետևանք է ունենալու, տիկի՛ն Հայրապետյան։

– Առհասարակ, այդ թղթի ստորագրումը որևէ լավ բանի չի բերելու։ Հիմա այն փուլն է, որ Հայաստանի իշխանությունները, որպեսզի արդարացնեն Արցախի հանձնումն ու փորձեն սեփական ժողովրդի վրա ինչ-որ թուղթ ծախել՝ որպես երաշխիք, պատրաստ են ցանկացած զիջման այդ թղթի բանակցման շրջանակում: Սա շատ վտանգավոր փուլ է, որովհետև իրենք ամեն ինչ անում են, որ ինչ-որ թղթի կտոր բերեն ու հանրությանն ասեն՝ տեսեք, խաղաղության պայմանագիր ենք բերել, ու կապ չունի, որ դրանից մեկ կամ երկու ամիս հետո մենք կարող ենք բախվել նոր պատերազմի հետ։ 

– Այսինքն՝ իշխանությանը այդ պայմանագիրը պետք է, որ Արցախի հանձնո՞ւմը արդարացնեն։

– Իհարկե, որովհետև Արցախի հանձնումից հետո ակնհայտ էր, որ իրենք ոչինչ չեն ստացել՝ բացի նոր պատերազմի ռիսկից, ու հիմա որպեսզի մարսեն, այդ ամբողջը բարդեն նախկինների, ռուսների, Տիգրան Մեծի ու Հայկ նահապետի վրա, պետք է նաև բերեն ինչ-որ թուղթ ցույց տան, որ իրենք ձեռքբերումն ապահովողն են, ու կապ չունի, որ այդ թուղթը լինելու է ռումբ Հայաստանի պետականության տակ, այսինքն՝ Ադրբեջանն այսօր հասել է մի իրավիճակի, որ իր պայմանների և՛ կատարումը, և՛ չկատարումը կործանարար են Հայաստանի համար։ 

– Այդ դեպքում ի՞նչ է պետք անել։

– Իշխանությունների հեռացումն ուղղակի անխուսափելի է, կարևոր քայլերից մեկն է, որպեսզի Հայաստանը չկործանվի, որովհետև նրանց ամենօրյա մնալը փաստացի շատ թանկ է արժենում։

– Տիկի՛ն Հայրապետյան, այս ամենին զուգահեռ, նաև չե՞ք բացառում, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ճանապարհով էլ կգնա։

– Իսկ Ալիևն ինչո՞ւ պետք է խուսափի պատերազմական քայլերից, այսինքն՝ եթե ինքն ամեն անգամ կարող է հարձակվել ու ստիպել իշխանություններին նոր զիջման գնալ, իշխանություններն էլ այդ խաղի կանոնն ընդունել են ու դրանով առաջ են գնում, ապա ո՞րն է Ադրբեջանի շահագրգռվածությունը խուսափել նոր պատերազմից, ի՞նչն է իրեն հետ պահում։ 

Եթե իշխանություններն այսօր երկկողմ ձևաչափով բանակցություններ են փորձում սկսել Բաքվի հետ ու ամբողջությամբ հրաժարվել են նախկին տրամաբանությունից, որ արևմտյան գործընկերները ներկա լինեն, զսպիչ մեխանիզմներ լինեն, հիմա, եթե Ադրբեջանը հարձակվի, Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ է զանգելու բողոքի, եթե որևէ միջնորդ չկա այդ բանակցային սեղանի շուրջ՝ ումի՞ց է ինչ ուզելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am