Շանթ Հարությունյանի որդին սպառնացել է անհնազանդության ակցիաներով, վարչապետի խոսնակն արձագանքել է

Շանթ Հարությունյանի որդին սպառնացել է անհնազանդության ակցիաներով, վարչապետի խոսնակն արձագանքել է
Շանթ Հարությունյանի որդին սպառնացել է անհնազանդության ակցիաներով, վարչապետի խոսնակն արձագանքել է

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը տարածել է պարզաբանում՝ ի պատասխան նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ դատապարտված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հնչեցրած դժգոհության և նախազգուշացումների:

Շահեն Հարությունյանը, մասնավորապես, ասել էր, որ պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին քաղաքական բանտարկյալ է համարել, իսկ հիմա չի զբաղվում նրա հարցով:

«Ես սպառնում եմ իշխանություններին՝ դուրս գալ եւ խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,- նշել է Շահեն Հարությունյանը՝ ժամանակ տրամադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր հոր հարցով մինչեւ նոյեմբերի 7-ը, երբ նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, այլապես ինքը անհնազանդություն կիրականացնի ու հոր քաղբանտարկյալ լինելու մասին կհայտարարի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու մյուս ղեկավարների մոտ:

Նա նաեւ հայտարարել է, որ իր հայրը բանտում շատ վատ պայմաններում է պահվում:

Այս առնչությամբ Արման Եղոյանի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու հետ կապված հարկ եմ համարում ընդգծել.

Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել է այդ հարցով եւ պարզել, որ Շանթ Հարությունյանի եւ խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է:

Կայացվել է որոշում Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի եւ Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը եւ Լիպարիտ Պետրոսյանը:

Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել:

Վարչապետը դրանից հետո խնդրել է Շանթ Հարությունյանին հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ եւ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, պարզաբանելով, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ դատարաններին հրահանգ արձակել, որովհետեւ դա կլինի նախորդ իշխանության գործելակերպի շարունակություն, եւ Շանթ Հարությունյանին խնդրել է ստորագրել փաստաթղթերը եւ դուրս գալ բանտից, եւ ազատության պայմաններում պայքարել իր արդարացման համար:

Վարչապետը ընդունել է նաեւ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին եւ պարզաբանել, որ նաեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը մինչեւ օրս համարվում է դատապարտված (հանցավոր արարք թույլ տված) 2008 թվականի մարտի 1-ի գործով, շարունակում է պայքարել իր արդարացման համար, բայց նաեւ համոզված է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական հրահանգներով, այլ օրինականության խստիվ պահպանմամբ:
Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահպան ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»:

Նշենք, որ «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Նրա պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները ակտիվիստներին բերման էին ենթարկել: Նրանց առաջադրել էին խուլիգանության մեղադրանք և դատապարտել ազատազրկման: