Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը կալանավորվեց. Factor.am

Անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը մեկ ամսով կալանավորվեց. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին անհետ կորածների մի խումբ հարազատներ հավաքվել էին ՊՆ շենքի դիմաց: Նրանք պահանջում էին հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Կամո Վարդանյանի, հետախուզության նախկին պետի հետ։ Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվել էր և քաշքշուկ էր տեղի ունեցել ռազմական ոստիկանների և անհետ կորածների հարազատների միջև: Ակցիայից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել էր։

«Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,- երեկ FactorTV-ին հայտնել էին Քննչական կոմիտեից։