«Իտալացիները էմոցիոնալ ազգ են, և դժվար էր ղեկավարել նրանց,այստեղ չինական կարգապահություն չի կարող լինել». Վիգեն Ավետիս

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է օրերս Ֆլորենցիայից Հայաստան վերադարձած քանդակագործ Վիգեն Ավետիսը

– Իտալիայից նոր եք վերադարձել։ Կպատմե՞ք՝ ի՞նչ վիճակ էր այնտեղ։ Ի վերջո, ինչո՞ւ է այդքան մահ, ի՞նչ վիճակ է, ու ի՞նչ դասեր կարելի է քաղել։

– Իտալիան 60 միլիոն բնակչություն ունեցող ամենաերկարակյաց պետություններից է։ Այստեղ ապրում են շատ տարեց մարդիկ։ Խաղաղ պայմաններում, առանց որևէ վիրուսի, Իտալիայում օրական մահանում է 500-600 հոգի, և այդքան էլ նորածիններ են լույս աշխարհ գալիս։ 

Այսօր Իտալիայում մահացության դեպքերն ամբողջովին վերագրել վիրուսին, կարծում եմ՝ մակերեսային մոտեցում է։ Ամբողջ աշխարհը տեսնում է, որ այդքան մարդ է մահանում, բայց ես վստահ չեմ, որ գոնե 50%-ը իր բնական մահով չի մահանում. այսօր կառավարությունը խառնված է, այն փոխանցված է ոստիկանությանը և զինվորականությանը։ 

Այսօր թաղումները կազմակերպվում են զինվորական մեքենաներով և փակ։ Ոչ ոք չգիտի՝ այնտեղ քանի հոգի կա, և քանիսն են իրոք վիրուսից մահացել։ Ինչպես գիտենք՝ մահվան ելքը երիտասարդների մոտ շատ ցածր է։

Հիմնականում մահանում են տարեցները՝ 70-80 տարեկան, որոնց համար նույնիսկ հարբուխը կարող է վտանգավոր լինել։ Երբ ես Իտալիայում էի, դեռ համաճարակը չէր սկսվել, և ոչ մի քաղաք փակ չէր։ 

24 ժամ հեռուստացույցով բարձրաձայնում էին այս խնդրի մասին, տեղեկատվությունը շատ ուռճացված էր, շատ ագրեսիվ հարձակում էր ժողովրդի վրա, դեռ մինչև այս ամենը սկսվելը։ Իմ կարծիքով՝ կա վտանգ, քանի որ վարակվելու բոլոր հնարավորությունները կան։ Աշխարհում բոլորն են վարակված։ 

Հարբուխի պես է, որը դուրս է գալիս, ուղղակի մեկը թեթև է տանում, մյուսը՝ անկողնային։ Ցավոք, այս ամենը պետություններին պարալիզացրեց, ինչը, իմ կարծիքով, քաղաքական որոշում է, ոչ թե համաճարակային։ 

Քաղաքական որոշում է, որ մոբիլիզացնեն տարբեր ուժեր։ Ես չհասկացա՝ ինչու Գերմանիայի, Ֆրանսիայի մուտքը արգելվեց ԱՄՆ, իսկ անգլիացիների մուտքը շարունակվեց։ Սա քաղաքական որոշում է։ 

Այսօր պետք է շատ զգույշ, շատ ուշադիր լինել և թացը չորի հետ չխառնել։ Թող ամեն մարդ իր համար որոշում կայացնի, ուշադիր լինի քաղաքական այս կազմակերպման իրավիճակում, ճիշտ դրսևորի իրեն։ Հիմա այսպես է որոշել աշխարհը, որ մարդիկ պիտի մնան իրենց տներում, այլընտրանք չեն թողել։ 

Պետք է սպասենք, մինչև նորից քաղաքական որոշում կայացվի։

Տարբեր երկրների ղեկավարներ այս օրերին դիմում են ժողովրդին, բազմաթիվ հուզիչ ելույթներ ու ուղերձներ են հնչում: Համեմատում են ստեղծված իրավիճակը պատերազմի հետ: Փոխվել է աշխարհի ռիթմը, մոտեցումները՝ կրթությունից մինչեւ կենցաղ: Ի՞նչ է կատարվում ըստ ձեզ:

Սա համընդհանուր խնդիր է։ Օրինակ՝ դպրոցները, համալսարաններն անցնում են հեռավար ուսուցման, որը խաղաղ պայմաններում ոչ մեկի չէին կարող պարտադրել։ Այսօր ես մտահոգ եմ, որ դասավանդման այդ ձևը կշարունակվի նաև հետագայում, որովհետև աշխարհն անցնում է նոր օրենքների։ 

Ամենայն հավանականությամբ, դպրոցական, համալսարանական պարապմունքները կտեղափոխվեն համացանցային տիրույթ։ Երեխաները չեն գնա դպրոց կամ համալսարան։ 

Սրանք փորձարկումներ են, թե ինչպիսին կլինի աշխարհը։ Այսօր վերահսկողության տակ է պահվում համացանցը, թե ով ինչ խոսեց։ 

Պատերազմական վիճակում ենք գտնվում, որտեղ թշնամին համաճարակն է։ Բայց այդ համաճարակը ով է ղեկավարում՝ ոչ ոք չգիտի։ Այնպիսի օրենքներ են ուղարկում, որ բոլոր պետությունները պետք է փակեն իրենց ժողովրդին իրենց տներում։ Իրավիճակը շատ տարօրինակ է, բայց այս պահին պետք է լսել՝ ինչ է կատարվում և ենթարկվել օրենքներին։

– Ի՞նչ դասեր կարելի է քաղել ստեղծված իրվիճակից։

– Դասեր քաղելու շատ քիչ հնարավորություն են թողել մեզ։ Կարծես թե մեր մասին արդեն մտածում են, գիտեն՝ ինչ պիտի անենք։ Պետական այրերն իրենք են ղեկավարում, ստիպված ենք նրանց ենթարկվել։ 

Ռազմական, ոստիկանական համակարգ է ստեղծվել ամբողջ աշխարհում, հետևաբար դաս քաղելու բան չկա այստեղ։ Ես այս իրավիճակում ապրում եմ այնպես, ինչպես միշտ եմ ապրել։ Ամբողջ աշխարհն այժմ ապրում է իմ կյանքով. ես ու իմ արվեստանոցը, իմ տունն ու հարազատը։ Ինձ համար սա նորմալ մշակութային, հոգևոր իրավիճակ է։ 

Այսօր ժողովուրդը միգուցե դրա մասին պիտի մտածի, որ այս վազքից հետո կյանք կա։ Վազքից առաջ էլ կյանք կար։ Ամեն մարդ կսկսի վերանայել իր արժեքային համակարգը, բայց այն, ինչ կատարվում է աշխարհում այսօր, ժողովուրդներին ղեկավարում են քաղաքական ամբիոններից, որը վտանգավոր իրավիճակ է։

Ես վստահ եմ, որ համաճարակից հետո քաղաքական ուժերը իրենց ձեռքում կպահեն որոշ լծակներ։ Շատ վտանգված է մարդու ազատությունը, քանի որ իշխանություններին դուր են գալիս հլու-հնազանդ քաղաքացիներ։ Սրանից հետո կշեռքը կթեքվի դեպի տոտալ ղեկավարություն։

– Երբ այնտեղ էիք, ինչպիսի՞ն էր իրավիճակը, որքանո՞վ էր խուճապային։ Ֆլորենցիայում ի՞նչ մթնոլորտ էր այս առումով։ Ինչպե՞ս էիք ամեն օր պաշտպանվում վիրուսից։

– Իտալացիները էմոցիոնալ ազգ են, և դժվար էր ղեկավարել նրանց կարգապահությունը։ Այստեղ չինական կարգապահություն չի կարող լինել, հետևաբար տարածում գտավ այս վիրուսը։ 

Իմ անձնական տվյալները հավաքելով՝ կարող եմ ասել, որ այն, որ այսօր համաճարակ է, ձեռնտու է համաշխարհային ուժերին, որը կօգտագործվի որոշ փոփոխություններ անելու համար, որովհետև եթե ցանկություն լիներ, շատ ավելի լավ կպաշտպանվեին մարդիկ։ Ես տեսնում եմ այդ ցանկության բացակայությունը։ 

Տներում պահելն ընդամենը քաղաքական ռեժիմային որոշում է, ոչ թե առողջապահական։ Իտալիան, լինելով այդքան հզոր և հարուստ պետություն, անգամ դիմակներ չունի։ Մի խոսքով՝ ինչ-որ ուժերի ձեռնտու էր, որ տարածվեր այս համաճարակը։ Ես, ցավոք, այս մտքին եմ եկել։

– Խուճապ չկա՞ր…

Խուճապ սերմանվեց։ Մեդիան 24 ժամ խուճապ էր սերմանում։ Սա ես ինքս եմ տեսել։ Բարկանում էի, թե ինչպես կարելի է խուճապի մեջ պահել մի ամբողջ ժողովրդի։ Այստեղ խուճապն ավելի շուտ եկավ, քան իրական վտանգը, որն ինձ շատ զարմանալի թվաց։

Մանե Հարությունյան

MediaLab.am