Միջազգային լեզվակռիվ. Իրանը եւ Ադրբեջանը մեղադրանքներ են փոխանակում

Միջազգային լեզվակռիվ. Իրանը եւ Ադրբեջանը մեղադրանքներ են փոխանակում
Միջազգային լեզվակռիվ. Իրանը եւ Ադրբեջանը մեղադրանքներ են փոխանակում

Իրանա-ադրբեջանական լեզվակռիվն ընթանում է ցանկացած թեմայի շուրջ`պետությունների ղեկավարներից, մինչեւ Եվրատեսիլը:
Իրանա-ադրբեջանական առանց այն էլ սառը հարաբերություններն ավելի լարվեցին վերջին շաբաթների ընթացքում, երբ Բաքուն թույլ չտվեց իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին մուտք գործել իր տարածք, իսկ Թեհրանը հետ կանչեց Ադրբեջանում իր դեսպանին:

Երբ Ադրբեջանը պատրաստվում էր հյուրընկալել Եվրատեսիլ երգի մրցույթը, Իրանի իշխանությունները երկրի հասցեին քննադատական ելույթների տարափ տեղալու առիթը բաց չթողեցին`հայտարարելով, որ այս միջոցառումն անբարոյական է, եւ մահմեդական երկրին հարիր չէ այն անցկացնելը:

Բաքուն քննադատությանն արձագանքեց իրանական դեսպանատան առջեւ կազմակերպած բողոքի ցույցով, որի մասնակիցների ձեռքերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ծաղրող պաստառներ կային:

Բողոքի ցույցին հետեւեց Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բահրամիի հետկանչը, ինչը պատճառաբանվում էր վերջինիս հետ խորհրդակցելու անհրաժեշտությամբ: Իսկ Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին ստիպել էին ներկայանալ Իրանի արտաքին գործերի նախարարություն, որից հետո վերջինս վերադարձել է Բաքու`պաշտոնապես անձնական պատճառներով:

Այս իրադարձություններից մեկ շաբաթ հետո`մայիսի 29-ին, Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Համենեի անձնական ներկայացուցիչ Ֆարիդ Ասիրիին Բաքվի օդանավակայանում թույլ չտվեցին մուտք գործել Ադրբեջան:

Մեկնաբանելով տեղի ունեցածը`Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլման Աբդուլլաեւը հայտարարեց, որ Ասիրիի մուտքի անցաթղթերում սխալմունք է եղել:

Աբդուլլաեւը նաեւ անդրադարձել է Թեհրանի հնչեցրած ագրեսիվ հայտարարություններին եւ հատկապես այն մեղադրանքին, թե Եվրատեսիլի ընթացքում նախատեսվում էր նաեւ նույնասեռականների իրավունքներին նվիրված շքերթ անցկացնել:

«Իրանը պնդում էր, որ Ադրբեջանում պատրաստվում են նույնասեռականների շքերթ անցկացնել: Հակա-ադրբեջանական բողոքի ցույցի մասնակիցները նսեմացուցիչ արտահայտություններ են օգտագործել մեր ազգի եւ նախագահի մասին: Դա անընդունելի է: Ոչ ոք չի կարող Ադրբեջանին պայմաններ թելադրել: Մենք պետք է պատշաճ պատասխան տայինք», – հայտարարել է նա:

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները լարված են եղել վերջինիս`1991-ին Խորհրդային Միության կազմից դուրս գալուց հետո: Բաքուն այն կարծիքին է, որ Իրանը սատարում է իրենց ոխերիմ թշնամիներին`հայերին, մինչդեռ Իրանը կասկածում է Ադրբեջանին Արեւմուտքի հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ: Կողմերը հակասություններ ունեն նաեւ Կասպից ծովի սահմանազատման հարցի եւ Իրանի մեծաթիվ ադրբեջանական համայնքի իրադրության շուրջ:

Երկու երկրների առանց այն էլ լարված հարաբերություններում լուրջ ճգնաժամ սկսվեց տարեսկզբին, երբ ադրբեջանական անվտանգության ծառայությունները հայտարարեցին, որ բացահայտել են Բաքվում Իսրայելի դեսպանի եւ մի շարք այլ հրեա պաշտոնյաների սպանության ծրագիրը: Թեհրանից հետեւեց պատասխան մեղադրանքը, թե Ադրբեջանն աջակցում է իր թշնամու`Իսրայելի գաղտնի ծառայություններին (տե´ս «Ադրբեջանը ժխտում է «Մոսսադ»-ի հետ ունեցած կապի վերաբերյալ մեղադրանքները» հոդվածը):

Այս փոխադարձ մեղադրանքներն արտացոլում են հիմնականում շիա մահմեդական բնակչություն ունեցող երկու հարեւան երկրների լարված հարաբերությունները վերջին շրջանում, սակայն փորձագետները տարբեր կարծիքներ են արտահայտում բոլորովին վերջերս իրադրության կտրուկ վատթարացման մասին:

Ինչպես նշում է Ահմեդ Քազեմին`«IRIB» իրանական պետական հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի ղեկավարը, ներկայիս լարվածությանը, ի լրումն հին հակասությունների, նոր պատճառներ են գումարվել. «Ադրբեջանը համագործակցում է Իսրայելի հետ Իրանի դեմ, սատարում է Իրանի դեմ սահմանված բեռնարգելքի քաղաքականությանը եւ արհեստականորեն մի շարք խնդիրներ է ստեղծել որոշ իրանական կառույցների դեմ: Ադրբեջանի տարբեր շրջաններում «Embad» իրանական հումանիտար գործակալության առաքելությունները փակվեցին, իսկ «IRIB»-ի Բաքվի թղթակից Ռեզա Ռահիմփուռին առանց որեւէ բացատրության արտաքսել են երկրից հունվարին»:

1994-98 թթ. ընթացքում Իրանում Ադրբեջանի դեսպան Ալիյար Սաֆարլին, սակայն, միանգամայն այլ կարծիքի է: Նա նշում է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վատթարացան այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսեց լրջորեն հանդես գալ միջազգային ասպարեզում:

Ակնարկելով անկախության առաջին տարիները`նա նշում է. «Մենք փոքր երկիր էինք, որն ի վիճակի չէր անկախ քաղաքականություն ձեւավորել Իրանի նկատմամբ: Այժմ իրադրությունը փոխվել է: Այսօր Ադրբեջանը համագործակցում է ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հետ եւ կարող է ուղղորդել սեփական քաղաքականությունը»:

Բաքվում գործող «Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն կարծում է, որ Թեհրանին ամենից շատ անհանգստացնում է իր իսկ տարածքում բնակվող ադրբեջանական ազգային փոքրամասնության շրջանում արեւմտամետ գաղափարների «վարակի» ներթափանցման հեռանկարը:

«Իրանի կառավարությունը կարծում է, որ իր տարածքում բնակվող էթնիկական ադրբեջանցիները կարող են աշխարհիկ արժեքների եւ ժամանակակից մոտեցումների ներմուծման պահանջով հանդես գալ», – ասում է նա:

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի ներկայացուցիչ Արիֆ Յունուսը իր հերթին նշում է, որ Ադրբեջանի որդեգրած պաշտոնական դիրքորոշման մեջ հաշվարկի որոշակի տարրեր կան: Պարզապես իշխանություններին խոցել է երկրում մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ Արեւմուտքի հնչեցրած քննադատությունը, այդ պատճառով նրանք որոշել էին դիտավորյալ իրենց դրական կողմից ցուցադրել`ի հակադրություն Իրանի:

«Իշխանություններն օգտագործում են Իրանը, որպեսզի ընդգծեն սեփական կարեւորությունն Արեւմուտքի աչքերում: Նրանք գիտեն, որ Արեւմուտքը լավ հարաբերություններ չունի Իրանի հետ եւ կաջակցի Ադրբեջանին: Այս լարվածությունը դիտավորյալ են ստեղծել, որպեսզի կարողանան Արեւմուտքի ուշադրությունը հրավիրել նրան հուզող խնդիրների վրա», – նշում է Յունուսը:

Շահլա Սուլթանովա

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):