«Մենք հիմա հնազանդ, քայլ առ քայլ կատարում ենք մեզ հրահանգված ընթացքը». Հրանուշ Խառատյան

«Մենք հիմա հնազանդ, քայլ առ քայլ կատարում ենք մեզ հրահանգված ընթացքը». Հրանուշ Խառատյան
«Մենք հիմա հնազանդ, քայլ առ քայլ կատարում ենք մեզ հրահանգված ընթացքը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացն անշրջելի երևույթ է լինելու:Նրա խոսքով, անխուսափելի է դառնում Հայաստանի անկախության լիակատար կորուստը:

«Անդառնալի է դառնում այն, որ երկրների նոր վերաձևավորումների և նոր կայսրությունների հավակնություններ ունեցող կամ իրենց կայսրությունների տարածքը փոխելու հավակնություն ունեցող երկրների ակտիվության պարագայում մեր վախեցած ու հնազանդ դիրքորոշումն անխուսափելի է դարձնում Հայաստանի անկախության լիակատար կորուստը»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով, եթե Հայաստանում տնտեսական միությանն անդամակցելը անվանում են ռազմական անվտանգության խնդրի լուծում, ապա անհասկանալի է, թե ի՞նչն ենք համարում ռազմական համագործակցություն:

«Ռազմական համագործակցությունն էլ տնտեսական անվտանգությո՞ւն պետք է անվանել: Այսինքն՝բոլոր  շեշտերը փոխված են, բայց ակնհայտ է մի բան, որ մենք հիմա հնազանդ, քայլ առ քայլ կատարում ենք մեզ հրահանգված ընթացքը: Երրորդ քայլն արդեն վերջնական է և անշրեջելի»,- ասում է ազգագրագետը:

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ «անշրջելի չէ այն, որ հայ ժողովրդի ամբողջ գոյության ընթացքում կարող ենք  ռուսական կազմում կամ ինչ-որ գրողի ծոցի կազմում լինել: Անշրջելի է այն, որ մեր նոր սկսվող վերջին պետականությունը այդպես էլ ձեռք չի բերում նոր ավանդույթ, և ամեն անգամ մեզ կցելով՝ նորից կանգնում ենք նույն փակուղու առաջ»:

«Երկու տարի տևեց առաջին Հանրապետությունը, հետո խորհուրդների մեջ մենք ապրեցինք: Բոլոր տեսակի պրոբլեմները տեսանք, այդ թվում՝ Ցեղասպանությունը որպես խնդիր բացարձակապես վերացնելու պարտադրանքը, այդ թվում՝ ստալինիզմի ռեպրեսիաները, այդ թվում՝ մեր ավանդական մշակույթի ժառանգության խեղումը»,- ասում է նա:

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ սրանք բոլորն անշրջելի և անդառնալի երևույթներ են: Մոտավորապես նման մի ճակատագիր մեզ առաջիկայում է սպասվում:

Հրանուշ Խառատյանը չի բացառում Եվրասիական տնտեսական միության փլուզումը:

Նրա խոսքով, դա քաղաքական ռեժիմ է, և սուտ են այն խոսքերը, որ ԵՏՄ-ն տենտեսական միություն է:

«Հնարավոր է, որ Բելառուսն ու Ղազախստանն ինտենսիվ դիմադրեն իր քաղաքական ռեժիմ դառնալու պրոցեսին: Կարծում եմ, Պուտինը տանելու է դրան: Իմ կարծիքով՝ դա նշանակում է, որ Ղազախստանը և Բելառուսը ուղղակի բոյկոտելու և ի վերջո դուրս են գալու Եվրասիական տնտեսական միությունից»,- ասում է նա:

Արդյունքում, ազգագրագետի խոսքով, այդտեղ մնալու են Ռուսաստանն ու Հայաստանը:

Հրանուշ Խառատյանը հիշեցնում է, որ այդ մասին դեռ մեկ տարի առաջ էր ինքն ասում: Նրա խոսքով՝ այն պարագայում, երբ Ռուսաստանն ու Հայաստանն ընդհանուր սահման չունեցող երկրներ են, անհասկանալի մի կառույցի հետ գործ կունենանք:  

«Անհասկանալի մի կառույց, որտեղ ոչ մի հորիզոնական կապ չկա, ոչ աշխարհագրական, ոչ սահմանային, ոչ մի: Մնացած բոլորն  էլ թելադրվող է լինելու: Այսինքն՝ կստացվի, որ մենք արդեն միության մեջ չենք, արդեն կցորդ ենք»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ համաձայնագրի քվերակության արդյունքերին՝ Հրանուշ Խառատյանն ասաց, որ չի բացառվում, որ կողմ քվերակած ուժերը իրոք հավատում են ԵՏՄ լավ ապագային:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ համաձայնագիրը, որին դեմ քվեարկեց ընդամենը 7 պատգամավոր:

Ոչ իշխանական ուժերից ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կողմ քվերակեցին համաձայնագրին: Դեմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցությունն ու անկախ պատգամավորներ:

Հրանուշ Խառատյանի խոսքով, դա վկայեց, որ կամ այդ ուժերի մոտ կա կարճատեսություն, կամ կա իշխանության հետ համագործակցություն, կամ իշխանության գոյության ընթացքում մասաբ իրենց բաժինն իշխանության հետ ապահովելու քայլ էր:

«Կամ գուցե իրենք իսկապես ԵՏՄ-ն համարում են Հայաստանի միակ հնարավոր ապագան, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, ինչպես Դաշնակցությունը հայտարարեց»,- ասում է նա:

Միաժամանակ ազգագարագետը քիչ հավանական է համարում այն, որ այդ ուժերի քվեարկությունը Ռուսաստանի թելադրանքով էր պայմանավորված կամ այս ուժերը աջակցություն են փնտրում ՌԴ-ում:

«Ես չգիտեմ՝ նրանք այդպիսի բան փնտրում են, թե ոչ: Ես կարծում եմ՝ իրենց իշխանության բաժինը ներսի իրենց վիճարկումներում, կամ զոհաբերություններում, կամ առուծախի մեջ են տեսում: Ի՞նչ պակաս է դրսի համար Սերժ Սարգսյանը, որ նրան փոխեն, իրենց իշխանության մարդն է»,- ասում է Հրանուշ Խառատյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am