Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն աճում են․ ինչ են ցույց տալիս թվերը․ Factor.am

Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման և դրանով պայմանավորված մահվան դեպքերի աճ է նկատվում։ Ամսվա սկզբի համեմատ` վերջին օրերին վարակման դեպքերը գրեթե կրկնապատկվել են, գրում է Factor.am-ը։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համեմատությունից։

Այսպես․ hուլիսի առաջին օրերին կորոնավիրուսով վարակման օրական դեպքերը տատանվում էին  100-ից 140-ի սահմաններում։ Հուլիսի 20-ին արդեն մեկ օրում 220 վարակման դեպք էր հաստատվել։ Այսօր հրապարակված տվյալներով՝ հուլիսի 29-ին հաստատվել է 264 դեպք։

Մահվան դեպքերը ևս աճել են։ Եթե հուլիսի առաջին 7 օրերին գրանցվել էր վիրուսով պայմանավորված 19 մահվան դեպք, ապա վերջին 7 օրերի ընթացքում 29 մահվան դեպք է գրանցվել։

Վարակման և մահվան դեպքերն աճել են նաև նախորդ ամսվա՝ հունիսի համեմատ։ Հունիսի 1-29-ը վարակման 2317 դեպք է հաստատվել, մահվան՝ 69 դեպք։ Իսկ հուլիսի 1-29-ը կորոնավիրուսով վարակման դեպքերը 4646-ն են եղել, մահվան՝ 90 դեպք։

Նշենք, որ Հայաստանում նախորդ տարվա մարտ ամսվանից մինչ այժմ հաստատվել է  կորոնավիրուսով վարակման 229 հազար 867 դեպք, որից 4608-ը մահվան ելքով։ Կորոնավիրուսով վարակված ևս 1121 մարդ մահացել է այլ պատճառներից։

Կառավարության վերջին նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Covid-19-ի դեմ պատվաստումների նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Մինչև այժմ իրականացվել է 163 հազար պատվաստում, ինչը, սակայն, բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Նախարարի խոսքով՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստման ցուցանիշը հասցնել բնակչության 75 %-ի, քանի որ Covid-19-ի նոր՝ «դելտա» շտամի տարածելիությունը բարձր է։