«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գաբրիելյանը նշեց, որ նախագծի առաջարկվող օրենսդրական կարգավորումները կկարգավորեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը եւ կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը:
Գաբրիելյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առկա բացը կարգավորելու անհրաժեշտությամբ, մասնավորապես, գործող իրավակարգավորումներով իրավասու խմբակցությունն անընդհատ կարող է առաջադրել մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում:
«Սրա հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել այս խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարել լրացումներ, որով սահմանվում է՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը»,- ասաց Գաբրիելյանը:
Պատգամավորը նշեց, որ գործնականում պարզ է դարձել, որ այս մասով Օրենքն ունի բաց. մասնավորապես, 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ:
«Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում:
Այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- եզրափակեց Գաբրիելյանը: