«Իսկ իշխանությունը մուրճի համար ներողություն կխնդրի՞». խորհրդարանական ընդդիմությունն արձագանքում է Փաշինյանին

Նոր ձևավորված Ազգային ժողովի ընդդիմությունը դժվար է պատկերացնում, որ կառավարող մեծամասնությունը, որի ղեկավարը մուրճը ձեռքին սպառնալից քարոզարշավ է վարել, կարող է կառուցողական մթնոլորտում ատելության խոսքից զերծ գործունեություն ծավալել։

«Հետաքրքիր է, քարոզարշավի ժամանակ մուրճ թափ տվող, մուրճով սպառնացող, ընտրություններից հետո այդ սպառնալիքներն իրականացնող, անօրինական ձերբակալություններով, դատավարություններով գործընթացներ շարունակող իշխանական թիմն արդյոք այդ մուրճը հրապարակային հալեցնելո՞ւ է ու այդ մուրճի համար ներողությո՞ւն է խնդրելու»,- «Մեդիալաբին» ասում է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ արձագանքելով այսօր Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Փաշինյանը, հիշեցնենք, այսօր շնորհավորել էր խորհրդարանական ընդդիմությանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին, խորհրդարան անցնելու համար ու ասել․

«Որպես խորհրդարանական ընտրություններում հաղթած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող և ժողովրդի կողմից ընտրված վարչապետ՝ ուզում եմ ասել հետևյալը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում և Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման: 

Մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպես գիտեք, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունն ինստիտուցիոնալ տեսք է ստանում այս օրերին, իսկ խորհրդարանական ուժերի հետ հարաբերություններն ինստիտուցիոնալացված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով։

Ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում են Սահմանադրական դատարանի ուղերձը, և ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական և իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ Հայաստանը և նրա ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված խոսույթից զերծ պահելու համար»:

Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրա՞ստ են կառուցողական, առանց վիրավորանքների ու ատելության խոսքի համատեղ աշխատելու խորհրդարանում։ Ի պատասխան նորընտիր պատգամավորը նախ հիշեցրեց, որ անցնող ամիսներին ընդդիմությունը չէ, որ վիրավորական արտահայտություններով և հայհոյանքներով էր հանդես գալիս, հետո հավելեց․ 

«Ուղղակի զարմանալ կարելի է, որ հայրենիք կորցնելուց հետո մեր երկրում կյանքը շարունակվում է նույն հունով, կարծես ոչինչ չի եղել, կարծես հազարավոր զոհեր չեն եղել, դրա համար մեղավորություն չունեն, կարծես մինչև հիմա էլ թշնամին չի գտնվում ՀՀ սուվերեն տարածքում, կարծես չի շարունակում կազմաքանդվել Հայաստանի անվտանգային համակարգը, զինված ուժերը, չեն շարունակվում աննպատակ կադրային նշանակումները: Այս ամենը կարծես տեղի չի ունենում, և իշխանությունը թիթեռ նկարելու մթնոլորտում է պատկերացնում հետագա ընթացքը»:

«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը «Մեդիալաբին» ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել․ 

«Եթե խոսքը հայհոյախոսության մասին է, մենք ասել ենք, որ չենք ձգտում դրան, դա առաջին անգամ քաղաքական ասպարեզ է բերվել իշխանության կողմից, և, ըստ էության, մեր կողմից մշտապես եղել է պատասխան, բայց, բնականաբար, քաղաքական հարաբերություններն ու նշաձողը այդ աստիճանի չպետք է նսեմացնել»: 

Ինչ վերաբերում է կառավարող ուժի հետ համագործակցությանը, Հակոբյանն ասաց, որ դա բացառում են։

«Կոալիցիաներ կազմելու, ընդհանուր նախագծերի և այլնի մասով համագործակցությունը միանշանակ բացառում ենք, բայց դա չի նշանակում, որ օտարերկրյա պետություններում՝ պառլամենտական կազմով գնալիս՝ գերակայությունը չի լինելու Հայաստանի շահը»,- ասաց Հակոբյանը:

Նա համակարծիք չէ վարչապետի պաշտոնակատարի այն մտքին, թե արտահերթ ընտրությունների միջոցով ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է:

«Այսպիսի ընտրություններով ներքաղաքական ճգնաժամերը չեն լուծվում, որովհետև այդ ճգնաժամն առաջացել է հատկապես պատերազմի հետևանքներից և դրանից հետո ստեղծված անվտանգային սպառնալիքներից: Թե՛ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ չկան որևէ բարելավում, հստակեցում, թե՛ ՀՀ սահմանների պաշտպանությունն է օր օրի խոցելի դառնում, իսկ դրանք ճգնաժամ հարուցող օջախներ են, որոնք այս ընտրությունների արդյունքները չեն կարող չեզոքացնել»,- հավելեց Սոս Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ավելին, պնդում է՝ ներքաղաքական ճգնաժամն ավելի է խորացել:

«Մեր դաշինքը մի քանի անգամ առիթ է ունեցել հայտարարելու, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի լուծվել ու նոր հանգրվան է մտել»,- նշեց դաշնակցական գործիչը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am