«Այսօր հայհոյախոսության ալիքը նվազել է, և պատճառը բնավ էլ այդ օրենքի հոդվածը չէ». Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներից ահազանգ է ստացել, որ Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը խանգարում է իրենց աշխատանքին, քաղաքացիները հրաժարվում են հարցազրույցներ տալուց։ Նման դժգոհություններ դուք ստացե՞լ եք։

– Ի սկզբանե մենք դեմ ենք եղել այդ հոդվածի ընդունմանը և դեռ քննարկումների փուլում ասում էինք, որ սա հետընթաց է։ Օրենքի այդ դրույթի խոցելի մասն այն է, որ ակնհայտ է խտրական մոտեցումը հասարակության տարբեր շերտերի նկատմամբ, մասնավորապես՝ այնտեղ թվարկվում են խմբեր, որոնք առավել պաշտպանված են ծանր վիրավորանքից, քան շարքային քաղաքացին։

Սա, իհարկե, լուրջ բացթողում է և որևէ կերպ չի համապատասխանում միջազգային մոտեցումներին։ Մենք մեր հայտարարություններում և մեկնաբանություններում ընդգծում էինք, որ սա շատ խնդրահարույց հոդված է և կարող է նոր բարդություններ առաջացնել, այս առումով ես համամիտ եմ ՄԻՊ-ի գնահատականներին։ Ինչ վերաբերում է այս գրառման հիմք հանդիսացած առիթներին․ կարծում եմ, սա ևս մեկ առիթ է, որ Սահմանադրական դատարանը որոշումը փոխի և օրենքի այս հոդվածի կիրառումը կասեցնի։

Ինչ վերաբերում է լրագրողների դժգոհություններին․ քանի որ ես այդպիսի փաստեր չունեմ, այնուամենայնիվ, ասեմ, որ եթե ճիշտ է, որ մարդիկ հրաժարվում են մեկնաբանություններ տալ՝ վախենալով հետևանքներից, շատ մտահոգիչ է։

Իմ խորին համոզմամբ՝ խոսքի ազատությունը վախկոտների համար չէ, և այդ իրավունքից օգտվելու համար բավականին մեծ խիզախություն է պետք, որևէ իշխանություն սկուտեղի վրա խոսքի ազատությունը չի մատուցում։

Եթե հարցազրույցում հնչեցված մտքերի համար կանչում են բացատրություններ տալու, հետապնդումներ են լինում, իհարկե այդ մասին պետք է բարձրաձայնել ու շարունակել պայքարը, սա է ակտիվ քաղաքացու մոտեցումն ու վարվելակերպը։ Վախենալով հետապնդումներից՝ հղում կատարելով այդ հոդվածին, լռելը լավ բանի չի բերի, ու այդ պարագայում իշխանությունները կարող են էլ ավելի զսպող մեխանիզմներ կիրառել։

– Կիսո՞ւմ եք լրագրողների այն մտավախությունը, որ որոշ ժամանակ անց գուցե նաև լրագրողներին կանչեն բացատրություններ տալու՝ հարցազրույցում հնչած այս կամ այն մտքի համար։

– Ոչինչ բացառել չի կարելի, որովհետև մենք ինֆորմացիոն ոլորտում ակնհայտորեն հետընթաց ենք նկատում, և նոր օրենսդրական նախաձեռնությունները, փաստորեն, իրենց էությամբ ռեգրեսիվ, իսկ ավելի շուտ՝ պատժիչ բնույթ են կրում։

Չեմ կարծում, որ այն քաղաքացիները, որոնք հրաժարվել են լրագրողներին հարցազրույցներ տալուց, չէին կարող ձեռնպահ չմնալ վիրավորանքներից, այսինքն՝ եթե մարդն ուզում է իր կարծիքն արտահայտել, պարտադիր չէ, որ դա համեմված լինի հայհոյանքներով, բայց եթե նույնիսկ օգտագործում է սուր խոսք, ու դրա համար նրան փորձում են պատասխանատվության ենթարկել, կարծում եմ՝ բավական մեխանիզմներ կան պաշտպանվելու համար։

Կհետևենք հետագա զարգացումներին, ու թե ի՞նչ որոշում կկայացնի ՍԴ-ն, երբ երկրորդ անգամ նրան դիմի ՄԻՊ-ը, որովհետև իրոք կարծում ենք, որ այդ հոդվածը հակասում է խոսքի ազատության սկզբունքներին։ Լրագրողների համար գլխավոր զինանոցը վիրավորանքն ու հայհոյանքը չեն, ու, կարծում եմ, որ լուրջ մտավախության անհրաժեշտություն չկա։

– Պարո՛ն Մելիքյան, կոնկրետ այս դպքում սա խոսքի ազատության սահմանափակո՞ւմ է, որովհետև, ինչպես նշեցիք, մարդը կարող է իր մտքերն արտահայտել նաև առանց վիրավորանքի ու հայհոյանքի։

– Լրագրողների բերած փաստարկումներին ծանոթ չեմ, բայց չեմ բացառում նաև, եթե, իհարկե, այդպիսի դեպքեր եղել են, որ հրաժարվել են խոսել առանց սուր խոսքի, այդ թվում նաև՝ հայհոյանքի, ենթադրում եմ, որ այդպես է եղել: Բայց ամեն դեպքում, որ այս հոդվածը կարող է կաշկանդող նշանակություն ունենալ լրագրողական աշխատանքում՝ միանշանակ է, որովհետև օրենքում ձևակերպումները հստակ չեն, ու ցանկացած սուր խոսք կարող է դիտարկվել իբրև վիրավորանք։

Այս օրենքի նախագիծը պատրաստվեց էմոցիոնալ ֆոնի վրա, երբ հետպատերազմյան իրավիճակում ու արտահերթ ընտրությունների ժամանակ բավականին շատ էին հնչում հայհոյանքն ու վիրավորանքը, բայց նույն այդ ժամանակ էր, որ մենք պնդում էինք, որ սա ընդամենը ալիք է, այն կմարի, ու նման օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն չի լինի։ Մենք այսօր տեսնում ենք, որ այդ հայհոյախոսության ալիքը նվազել է, և պատճառը բնավ էլ այդ օրենքի հոդվածը չէ։

– Պարո՛ն Մելիքյան, վերանալով օրենքներից ու արգելքներից, ձեր համոզմամբ՝ ճիշտ է, որ լրագրողը հարցազրույցը հրապարակի առանց խմբագրմա՞ն՝ թողնելով զրուցակցի հնչեցրած վիրավորական խոսքերը, թե՞ ամեն դեպքում պետք է նյութից հեռացնել հայհոյանքն ու վիրավորանքը։

– Մենք մշտապես ընդգծել ենք, որ ամենևին էլ չենք պաշտպանում հայհոյախոսողներին ու թույլատրելի ենք համարում հայհոյախոսությունը, ամենևին ո՛չ։ Իհարկե, այնտեղ, որտեղ զրուցակիցը կիրառում է հայհոյանք կամ վիրավորանք, ապա լրագրողի և կոնկրետ խմբագրության առաքելությունն է հեռացնել դրանք։ Այդպիսի գործելաոճ որդեգրել են հայկական մի քանի լրատվամիջոցներ, օրինակ՝ «Առավոտը», Factor․am-ը և այլն։

Եթե լրատվամիջոցը հարազատ է մնում լրագրողական էթիկային ու լրագրությանը՝ որպես մասնագիտության, ապա ինքը ձևեր գտնում է մաքրելու իր արտադրանքը հայհոյախոսությունից, իսկ եթե լրատվամիջոցը քաղաքական պատվեր է կատարում և սպասարկում ինչ-որ քաղաքական ուժի շահերը, այդ պարագայում գործում է այն բառապաշարով, ինչով հանդես է գալիս իրեն հովանավորող քաղաքական ուժը։ Այստեղ, իհարկե, խախտվում է լրագրողական էթիկան, ու առաջանում են խնդիրներ, բայց այս ամենը չի նշանակում, որ նոր ընդունված այս հոդվածը պետք է շարունակի կիրառվել։

Ակնկալում եմ, որ ՍԴ-ն կհարգի խոսքի ազատությունը և պատնեշ կստեղծի այն սպառնալիքների համար, որոնք պարունակում է այդ հոդվածը։

Ինֆորմացիոն դաշտը առողջացնելու համար շատ կարևոր է և օրենսդրական ողջամիտ մոտեցումներ ցուցաբերել և, մյուս կողմից՝ լայնորեն տարածել լրագրողական էթիկայի սկզբունքների կիրառումը, մեդիագրագիտությունը ու հետևել քաղաքակիրթ գործելաոճին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am