«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը
– Պարո՛ն Հակոբյան, Արցախի ներկայացուցչության շենքում տեղի ունեցածն ինչո՞վ էր պայմանավորված, եթե նման դեպք նորից կրկնվի, հետևանքները որո՞նք կարող են լինել:
– Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Արցախի ներկայացուցչությունում, զգացվում էր, որ այնտեղ ակնհայտ սադրանք կա, և որոշակի ուժերի կողմից է կազմակերպված: Կոնկրետ ասել, թե ի՛նչ ուժերի, կարծում եմ, դեռ վաղ է, բայց այն ամենը, ինչ եղավ, որևէ դրական ազդեցություն չի կարող ունենալ ոչ միայն արցախահայության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, այլ նաև ընդհանրապես Արցախի հարցի հետ կապված:
Նմանատիպ դեպքերը պետք է բացառեն ցանկացած քաղաքական ուժ ու անհատներ, որոնք իսկապես մտահոգված են Արցախի հարցով, քանի որ հարցերը նման կերպ չեն լուծվում: Կատարվածն ինձ համար շատ բացասական է իր բոլոր հետևանքներով հանդերձ:
– Այդ ենթադրյալ ուժերն ի՞նչ նպատակով են նման սադրանքներ հրահրում, ինչպես ասում եք:
– Հիմնական նպատակը՝ փակել Արցախի հարցն ընդհանրապես, երկրորդ՝ ուղղակի մեղավորներ գտնել և ամբողջ մեղքը բարդել նրանց վրա: Այո՛, շատ կարևոր է մեղավորներին գտնել, պարզել՝ ինչո՛ւ այսպես եղավ, բայց մտքի առողջ հատիկն այն է, որ մենք կարողանանք հասկանալ և ունենանք հստակ տեսլական, թե ի՛նչ պետք է անել հետո, ի՛նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի Արցախի հարցը չփակվի:
Զուտ քավության նոխազ գտնել ու ամբողջ մեղքը բարդել այդ քաղաքական անձի կամ քաղաքական ուժի վրա, որևէ արդյունք չի տալու, դրա համար մենք այսօր պետք է մտածենք, թե ի՛նչ պետք է անել հետագայում, այլ ոչ թե նման սադրանքների միջոցով փորձենք շեղել հասարակությանը, քանզի շատ հարցեր, որոնք առաջնային են, մասնավորապես, արցախահայերի սոցիալական վիճակը, պահանջում են հրատապ լուծումներ, իսկ նման սադրանքները դրանց, ինչպես արդեն ասացի, որևէ ձևով չեն օգնի:
– Պարո՛ն Հակոբյան, նկատի ունեք, որ Սամվել Շահրամանյանի՞ն են փորձում քավության նոխազ դարձնել:
– Կարծում եմ՝ այո՛, ամենաառաջին թիրախում այսօր Արցախի Հանրապետության գործող նախագահն է, ինչը ոչ մեկի համար նորություն չէ: Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ Շահրամանյանը նույնիսկ չի խուսանավում այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելուց, բայց, կրկնում եմ, որ ամեն ինչ պետք է այնպես լինի, որ և՛ պահանջողները, և՛ պատասխանողները ազնիվ լինեն իրենց մղումներում: Այն ամենը, ինչ կատարվում է, պետք է միտված լինի մի բանի՝ ինչպես պետք է շարունակել հետագայում: Իսկ եթե այդ ամենի հիմքում դրված են այլ քաղաքական նկրտումներ կամ այլ շահեր, որոնք որևէ աղերս չունեն հայկականության, հայկական պետությունների ապագայի հետ, դրանք միանշանակ պետք է բացառել:
– Իսկ Արցախի նախագահը, կառավարության անդամներն ու խորհրդարանական ուժերն արդեն գիտե՞ն հետագա անելիքները, ի՞նչ են պատրաստվում անել:
– Դեռևս այնպիսի լարված իրավիճակ է, որը թույլ չի տալիս այդպես հրատապորեն հասնել դրան: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պաշտոնյաները խոր ուսումնասիրություն անեն, վեր հանեն պատճառները, հասկանան՝ ինչո՛ւ այդպես եղավ, ու ի՛նչ պետք է անել, որպեսզի կարողանան առաջ գնալ: Իսկ այս պահին մի կողմից այս իրավիճակը, մյուսից՝ 150000 արցախահայերի սոցիալական բեռը, որն օր օրի ծանրանում է, թույլ չի տալու, որ կարողանան հստակ որոշումներ կայացնել:
Ահա թե ինչու կարծում եմ՝ դեռևս վաղ է խոսել այդ մասին, բայց դա պետք է նկատի ունենալ միշտ, ու ամեն բան պետք է պրոյեկտվի՝ հենց այդ նպատակից ելնելով: Արցախահայության ցանկացած հարց լուծելիս մեր առաջ պետք է ունենանք այն տեսլականը, որ մեզ անհրաժեշտ են ուժեղ Հայաստան ու Արցախի չփակված թեմա:
– Այդ հնարավոր քայլերը, որպեսզի Արցախի թեման չփակվի, պետք է անել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, քանի որ կա հրամանագիր, ըստ որի Արցախի Հանրապետությունն այդ օրվանից դադարում է գոյություն ունենալուց, թեև Շահրամանյանը երեկ հակասեց իր իսկ ստորագրած այդ թղթին, թե՞ հունվարի 1-ից հետո էլ է հնարավոր ինչ-որ բան անել:
– Արցախի գոյամարտը սկսել են մեր նախորդ սերունդները, այն շարունակվել է մեր ժամանակ, ու այդ պայքարը շարունակվելու է ինչպես մեր, այնպես էլ գալիք սերունդների օրոք, ու որևէ քաղաքական գործիչ ի զորու չէ ըստ իր ցանկության փակելու Արցախի հարցը: Այս պայքարը դեռևս առջևում է, այստեղ գլխավորն այն է, որ ոչ ոք չհրաժարվի Արցախի հարցը բաց պահելուց ու դրա համար պայքարելուց:
Որևէ ժամկետ, ինչպես նաև որևէ իրադարձություն ու հրամանագիր մեզ չեն կարող սահմանափակել: Արցախի հարցը համայն հայության հարցն է, հայ ազգի բաց նյարդն է, որն այժմ վնասված է, ու այն պետք է բուժել, ու որևէ ժամկետի մասին խոսելը, կարծում եմ, տեղին չէ:
– Հայաստանի ու Արցախի գործող իշխանությունների միջև համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք:
– Անկեղծ ասած, ես մտածում եմ, որ առանց դրա անհնար է, բայց չեմ կարող ասել, թե այսօր այդ աշխատանքը որքանով է օպտիմալ ու կառուցողական, որովհետև տեղեկություն չունեմ, բայց այս երկու իշխանությունները պարտավոր են իրար հետ համագործակցել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am