Ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքն ու նրա կիրառումը

Ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքն ու նրա կիրառումը
Ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքն ու նրա կիրառումը

Մեկ տարի առաջ՝ 2017 թվականի դեկտեմբերին, Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որը, սակայն, ուժի մեջ է մտել միայն այս տարվա հուլիսի 1-ից։

Թե ինչպե՞ս է Հայաստանում գործելու այս օրենքը և ի՞նչ արդյունքներ է ունենալու՝ դատել դեռևս վաղ է։ Մշտադիտարկում իրականացնելու և այդ մշտադիտարկման արդյունքներով հետևություններ անելու համար առնվազն վեց ամիս է պետք, սակայն ոլորտի հարցերով զբաղվող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» կազմակերպությունը հետևում է գործընթացներին և ակտիվ մասնակցություն ունենում դրանց։

Մասնավորապես, կոալիցիան իր 2018 թվականի հունվար-հուլիս կիսամյակային լրաթերթում նշում է, որ ընտանեկան բռնությունը կանխարգելող և պատժող համապատասխան օրենսդրական կարգավորումների ընդունման ուղղությամբ աշխատանքները 2018թ.-ին նոր թափ են ստացել։ Ըստ կազմակերպության լրաթերթի, այդ աշխատանքները հիմնականում կենտրոնացած են եղել  օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Կոալիցիան 2018 թվականի փետրվարից ակտիվորեն ներգրավված է եղել վերոնշյալ օրենքի ենթաօրենսդրական ակտերի մշակման և վերանայման աշխատանքներում՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ինչ վերաբերում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին, ապա հարկ է նշել, որ թեև այն ողջունվել է ոլորտում հետաքրքրված կազմակերպությունների կողմից, այնուամենայնիվ, գործընթացն ինքնին եղել է շատ երկար ու խրթին, իսկ օրենքի բուն բովանդակությունը դեռևս բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Ընտանիքում բռնության կանխարգելման օրենսդրական նախաձեռնություն Հայաստանում սկսվել է դեռևս 2007 թվականին, որի հեղինակներից մեկը եղել է Կանանց իրավունքների կենտրոնը։ Այս նախաձեռնությունը, սակայն, հաջողության չի հասել։ 2013 թվականին նմանատիպ գործընթաց է սկսել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որը, սակայն, ևս ձախողվել է։

2017 թվականին, Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների շրջանակում, ՀՀ այն ժամանակվա կառավարությունը մշակել և ԱԺ է ներկայացրել վերոնշյալ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը, որը և ընդունվել է։

Չնայած օրենսդրական ոլորտում դրական տեղաշարժին՝ ընտանեկան ու կանանց դեմ բռնության դեպքերի վիճակագրությունը մտահոգիչ է, թեև 2018 թվականին ընտանեկան բռնության դեպքերի թիվը 2017 թվականի հետ համեմատած նվազել են։ Այսպես, ինչպես հունիսի 28-ին հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, 2018-ի 5 ամիսների ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որից 40-ը՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են, 223-ը ընտանեկան բռնության դեպքերն են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 842 բռնության դեպք, որից 41-ը՝ սեռական անձեռնմխելիության, 241-ը՝ ընտանեկան բռնության դեպք:  Չնայած առերևույթ նկատվում է դրական միտում և այս թվերից կարելի է եզրակացնել, որ ընտանեկան բռնության դեպքերը նվազում են, այնուամենայնիվ պատկերը, ընդհանուր առմամբ, մտահոգիչ է։

Նախ՝ ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեպքերի այսպիսի առատությունն ինքնին չի կարող լինել ընդունելի։ Եվ երկրորդ՝ կան օբյեկտիվ պատճառներ կարծելու, որ սույն վիճակագրությունը չի արտացոլում ոլորտում տիրող պատկերն ամբողջությամբ։

Այսպես, ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի՝ «Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի և նախաձեռնությունների  արդյունավետության բարձրացմանն ուղղված» զեկույցի, չկա ընտանեկան բռնության վերաբերյալ այնպիսի փաստա-վիճակագրական հենք, որի վրա  կարելի է հիմնվել համապատասխան քաղաքականություն մշակելիս։ Ըստ այս զեկույցի, կան ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին հետազոտություններ, հատվածական, գերատեսչական վիճակագրական տվյալներ, սակայն միասնական, համապարփակ համակարգ առկա չէ, իսկ հատվածական տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ոստիկանությունից, Քննչական կոմիտեից, սոցիալական ծառայություններ մատուցող կառույցներից և հասարակական կազմակերպություններից։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»