Նախընտրական առաջին աղմկոտ պատմությունը. «Ժառանգություն»-ը կդիմի դատախազություն

Նախընտրական առաջին աղմկոտ պատմությունը. «Ժառանգություն»-ը կդիմի դատախազություն
Նախընտրական առաջին աղմկոտ պատմությունը. «Ժառանգություն»-ը կդիմի դատախազություն

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վաղը՝ մարտի 30-ին հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու կուսակցության անունից ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլոց:

 

«Դեռ չեմ կարող հստակ բովանդակության մասին ասել, բայց այն վերաբերելու է ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրողների վերաբերյալ տվյալները ուռճացված լինելուն»,- «Մեդիալաբին» հայտնեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանույթունը պաշտոնապես հայտարարել է, որ ընտրողների թիվը Հայստանում 2.485.844 մարդ է կազմում, որը գերազանցում է 2008թ.-ի ընտրողների թվին 170,000-ով:

«Եթե վերջին տարում Հայաստան եկողների ու Հայաստանից մեկնողների սալդոն բացասական է, ինչպես կարող էր ընտրողների թիվը ավելանալ: Հայաստանում հազիվ այդքան մարդ լինի, բայց այդ դեպքում ստացվում է, որ ՀՀ բնակչությունը բացառապես կազմված է 18 տարեկանից բարձր մարդկանցից»,- երեկ, անդրադառնալով այս թեմային, Սաֆարյանը գրել էր ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական պատին:

Նշենք, որ «Մեդիալաբն» արդեն անդրադարձել է այն փաստին, որ Երեւան քաղաքի 11/15 ընտրատեղամասի բնակարաններից մեկում պաշտոնական տվյալներով 100 մարդ է գրանցված:

Ֆեյսբուք սոցիալական կայքում մի հայ քաղաքացի՝ Էդգար Թամարյանը, այդ 100 մարդու մեջ նույնիսկ բարեկամ է գտել:

«Քանի որ Թամարյան ազգանունը եզակի է, և բոլորը մեր բարեկամներն են, պարզվեց, որ Թամարյան Աիգազը.., Վրաստանի Նարդևան գյուղի բնակիչ ա…այդ ցուցակը էլ ավելի մանրամասն նայելուց հետո տեսա, որ բոլոր այս 100-ը 1 բնակարանում իրականում Նարդևան գյուղից են..իմ մամաս ծնունդով Վրաստանի նարդևան գյուղից ա և ճանաչեց նույնիսկ իր դասարանցուն և շատ ու շատ մեր գյուղացիններին… »,- գրել է Թամարյանը:

Դեպքի կապակցությամբ, «Մեդիալաբը» դիմել է ԿԸՀ եւ ոստիկանություն:

ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյան «Մեդիալաբին» տեղեկացրել է, որ իրենք պատասխանատու չեն նման անճշտությունների համար, քանի որ թվերը իրենց է տրամադրել ՀՀ ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Շենգավիթի անձնագրային բաժանմունք «Մեդիալաբի» զանգերն անպատասխան են մնացել:

Կարինե Իոնեսյան

© Medialab.am