Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ՀՀ քաղաքացու. հայտնի է` ովքեր են նրանք․ Sputnik Արմենիա

Հայկական կողմին փոխանցված երկու անձնացից մեկը վիրավոր է, գրում է Sputnik Արմենիան։
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել երկու ՀՀ քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ այս լուրը հաստատել է գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: Այսպես, հայկական կողմին են փոխանցել Արին Արամյանին, որը նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ էր վիրավորվել և գերեվարվել։
Նշվում է, որ Արինին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

Բացի այդ, նոյեմբերի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյանին են հանձնել հայկական կողմին, որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Աղդամի տարածք։

«Իրականացված նախաքննության արդյունքում պարզվել է, որ Միհրան Մուսայելյանը քաղաքացիական անձ է և, մոլորվելով, անցել է այն տարածք, որտեղ ծառայություն են իրականացնում ադրբեջանցի զինծառայողները»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։