Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստանյան ժողովրդավարության եւ դրա զարգացմանը նպաստող անհրաժեշտ պայմանների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսեւորման հետեւանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով, որ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Նորվեգիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար երկիր, հետեւողական կլինի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների դատապարտման, դրանց արդար դատաքննության ու մեղավորների պատժման հարցում:

Նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունից, ինչի շնորհիվ երկրներին հաջողվում է քաղաքական եւ միջազգային հարթակներում բարձրաձայնել շուտափույթ լուծումներ պահանջող խնդիրներ:

«Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ: Առաջնահերթ եմ համարում միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը: Տեղյակ եմ, որ Նորվեգիայի խորհրդարանում բարեկամական խմբերի ձեւավորման ավանդույթ չկա: Սակայն, կարծում եմ, կարելի է գտնել համագործակցության այլ ձեւաչափեր»,-նշել է Ալեն Սիմոնյանը: Ի պատասխան Նորվեգիայի արտգործնախարարը հավելել է, որ կարելի է  խթանել երկկողմ խորհրդարանական համագործակցության մեխանիզմները, տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը, ակտիվացնել փոխայցերը: