«Բարև Երևանը» պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը . ակցիաները շարունակվում են

«Բարև Երևանը» պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը . ակցիաները շարունակվում են
«Բարև Երևանը» պահանջում է ուղեվարձի թանկացման իրավական ակտերը . ակցիաները շարունակվում են

Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Խմբակցությունը, մասնավորապես, ակնկալում է պատասխաններ ստանալ այն մասին, թե 

  1. Քանի՞ միկրոավտոբուսային, ավտոբուսային և տրոլեյբուսային երթուղի է գործում այս պահի դրությամբ և ո՞ր երթուղիները կոնկրետ ո՞ր ընկերությունների կողմից են շահագործվում: 
  1. Ո՞ր տնտեսվարողների կողմից և ե՞րբ է ուղեվարձի թանկացման հայտ ներկայացվել:
  1. Ուղեվարձի թանկացման վերաբերյալ ի՞նչ իրավական ակտեր են ընդունվել քաղաքապետարանում և ու՞մ կողմից: Խմբակցությունը պահանջել է տրամադրել ուղեվարձի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ու դրանց հիման վրա կայացված իրավական ակտերի պատճենները:

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը հայտարարել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ ընդունված իրավական ակտերը վարչական դատարանում բողոքարկելու մտադրության մասին, ինչի համար պահանջվում են վերընշված փաստաթղթերը:

Մինչդեռ մինչ օրս քաղաքապետարանը ո՛չ իր պաշտոնական կայքի միջոցով, ո՛չ էլ այլ եղանակով հանրությանն ու ավագանու անդամներին չի տրամադրել ուղեվարձի թանկացման վերաբերյալ իրավական ակտերը:

Տեղեկացնենք, որ հուլիսի 20-ից Երեւանի հասարակական տրանսպորտի գինը 50 տոկոսով բարձրացվել է, ինչը բողոքի ալիքի առիթ է դարձել: Երեւանի տարբեր թաղամասերում, ակտիվիստները, հայտնի մարդիկ, եւ սովորական քաղաքացիները բողոքում են թանկացման դեմ` հորդորելով մարդկանց վճարել այնքան, որքան մինչ թանկացումն էր` 100 դրամ եւ ոչ թե 150:

Արդեն երկու օր է, քաղաքացիական բողոքին միացել են շոու հայտնի մարդիկ, ովքեր կամավորների հետ առաջարկում են քաղաքացիներին անվճար տեղափոխել իրենց մեքենաներով` ընդդեմ անհիմն թանկացումների:

© Medialab.am