Ալիևը կրկին հայտարարել է, որ Արցախյան հակամարտությունն «ավարտված է» և կարգավիճակի քննարկմանը «վերադարձ չկա»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում կրկին ադրբեջանական հայտնի թեզն է հնչեցրել՝ նշելով, որ, իբր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն «ավարտված է» և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին «վերադարձ չկա»։

«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և պարզ։ Մենք խաղաղություն ենք ցանկանում, մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հաղթել ենք պատերազմը, և այդ իրականության հետ պետք է հաշվի նստել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ղարաբաղի կարգավիճակի կամ դրա նման որևէ բանի շուրջ քննարկումներին վերադարձ չկա»,- ասել է Ալիևը։

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը «ռազմաքաղաքական ճանապարհով լուծել է հակամարտությունը»՝ նշելով, որ ներկայում Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայված, և իրավիճակն ավելի կայուն է, քան հայ-ադրբեջանական սահմանին։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահը, որը պարբերաբար հանդես է գալիս հայ ժողովրդի հասցեին թշնամական հայտարարություններով, ասել է, որ, իբր, Հայաստաը պետք է «զերծ մնա ցանկացած թշնամական գործողություններից ու տարածքային պահանջներից՝ աշխատելով խաղաղության պայմանագրի վրա»։

«Մենք հարևաններ ենք, մեզնից ոչ մեկն այլ մոլորակ չի թռչելու։ Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի և աստիճանաբար հիմք ստեղծենք հարաբերությունների կարգավորման համար։ Մենք բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան, սակայն դեռ դրական ազդակներ չենք ստացել»,- ասել է Ալիևը։

Աղբյուր՝ Factor.am