«Ոչ մի քաղաքական ուժի կողմից այս պահվածքն ընդունելի չէ, առավել ևս՝ վարչապետի դեպքում»․ Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արա Պապյանը:

– Պարո՛ն Պապյան, նախընտրական քարոզարշավի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծես կոշտացրել է իր հռետորաբանությունը: Վերջին երկու օրերին մենք ականատես ենք լինում, որ նա նախընտրական հանդիպումների ժամանակ իր ելույթներում կոշտ պատասխաններ է տալիս մյուս քաղաքական ուժերի հայտարարություններին: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը:

– Բոլոր քաղաքական ուժերն էլ ավելի զուսպ հայտարարություններ պետք է անեն քարոզարշավի շրջանակում, և ավելի գործնական քննադատություն պետք է լինի: Այսինքն՝ պետք է խոսվի կոնկրետ ծրագրերի կամ հիմնադրույթների մասին: «Սասնա ծռեր» կուսակցությունն ունի ծրագրային հիմնադրույթ, ըստ որի՝ պետք է Սահմանադրությունը փոխվի: Բնականաբար, եթե Սահմանադրություն է փոխվում, պետք է նաև խորհրդարան փոխվի, ընտրություններ տեղի ունենան: Այսինքն՝ դա բնական քաղաքական երևույթ է:

Եթե որևէ մեկը դեմ է դրան, դա իր կարծիքն է: Բայց պետք է փաստարկներ ներկայացնեն մարդիկ և ասեն, որ նպատակահարմար չէ երկու տարի անց ընտրություններ անել, որովհետև… և փաստարկներ պետք է լինեն: Ցավոք, արդեն երկու օր է՝ տեղի ունենում ընտրապայքարը, այն ավելի անձնավորված է:

Ոչ թե իրավիճակն է վերլուծվում, այլ միանգամից գնահատականներ են տրվում, պիտակավորում է լինում: Ոչ մի քաղաքական ուժի կողմից այս պահվածքն ընդունելի չէ, առավել ևս՝ վարչապետի դեպքում: Վարչապետը բարձրագույն պետական անձ է, և նրա ասած ցանկացած միտք արտացոլվում է արդեն ընտրապայքարի մեջ: Այսինքն՝ եթե ինքն ավելի զուսպ է վարում ընտրապայքարը, մյուսները հարմարվում են դրան, եթե ինքը սրում է, մեղադրանքներ է ներկայացնում, մյուսներն էլ հակադարձ մեղադրանքներ են ներկայացնելու, ինչը ցանկալի չէ: Ես բոլորին դիմում եմ կոչով, որ ավելի շատ գործնական լինի քննադատությունը:

– Այսինքն՝ ավելի շատ ծրագրայի դրույթնե՞ր ներկայացվեն:

– Այո՛, ծրագրային դրույթներ և հակադրույթներ: Եվ եթե որևէ մեկը մի տեսակետ է ասում, որը չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի տեսակետին, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ այս ազգի կամ պետության թշնամին են: Մարդիկ ունեն տարբեր տեսակետներ, ինչպես ժամանակին Նիկոլն ուներ տարբեր տեսակետ իր ժամանակի իշխանության հետ: Նույն Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ հարցականի տակ է դրել նախորդ խորհրդարանների և կառավարությունների գործունեությունը: Մյուսներն էլ նույնկերպ իրավունք ունեն տեսակետ հայտնելու:

– Նկատելի է, որ քարոզարշավի շրջանակներում նաև Արցախի հարցն է շահարկման թեմա դարձել: ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ծրագիրը տարածքներ հանձնելն է: Նիկոլ Փաշինյանն էլ նրան կոշտ պատասխան տվեց:

– Նախ ասեմ, որ ես բնավ համաձայն չեմ Դավիթ Շահնազարյանի հետ: Ես վստահ եմ, տարբեր աղբյուրներից բավական ինֆորմացիա ունեմ և կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկի հետ չի քննարկում որևէ բան հանձնելու հարցը: Այլ հարց է, որ ինքն իր վրա պատասխանատվություն չի վերցնում, ասում է, որ դա պետք է ժողովուրդը որոշի:

Դա էլ կարող ենք ասել, որ բանակցային տակտիկա է՝ լավ իմանալով, որ ժողովուրդը չի համաձայնի ինչ-որ տարածք զիջելու: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է այն առումով, որ, ի վերջո, նույն ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ից առաջ էլ ՀՀՇ-ն են դրել այսօրվա գործընթացի սկիզբը, այն է՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևը: Այսինքն՝ երբ նույն Դավիթ Շահնազարյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր և բանակցում էր Ղարաբաղի հարցով, ինքը հենց բանակցում էր այդ բանաձևի շուրջ՝ մենք տալիս ենք ինչ-որ հողեր և դիմացը ստանում ենք ենթադրյալ կարգավիճակ: Եվ դա հետագայում ամրագրվեց արդեն Մադրիդյան սկզբունքներում: Հիմա Նիկոլ Փաշինյանն այս ամբողջը ժառանգել է:

– «Սասնա ծռերն» ասում են, որ դեմ են արտահայտվելու տարածքներ հանձնելու ծրագրին, եթե իշխանությունները որոշեն նման քայլի գնալ: Հիմա ասում եք՝ չկա նման ռիսկ, հետագայում կարո՞ղ է լինել:

– Ես չասացի՝ նման ռիսկ չկա, ես ասացի՝ Նիկոլ Փաշինյանը չի բանակցում որևէ բան տալու շուրջ: Բայց քանի որ բանակցային հիմքը ի սկզբանե հենց Տեր-Պետրոսյանից գալիս է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևով, իսկ հիմա դա ամրագրված է Մադրիդյան սկզբունքներում, իսկ Մադրիդյան սկզբունքները բանակցությունների հիմքն են, վաղը դա գալու է մեր դեմ: Վաղը Նիկոլ Փաշինյանին դեմ են տալու այդ փաստաթուղթը, ասելու են՝ նայի՛ր, քո նախորդները համաձայն էին սրան, համաձայն չէր Ալիևը:

Հիմա Ալիևը համաձայն է, արի սկսիր իրականացնել արդեն: Երբ ես ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի ավելի հեղափոխական, և Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն այսօր պետք է բանտ նստեին, խոսքը միայն կոռուպցիայի մասին չէր: Խոսքն այն մասին է, որ եթե նրանք այսօր բանտում լինեին, Նիկոլ Փաշինյանը վաղը կարող էր ասել, որ նրանք մարդիկ են, ովքեր անօրինական են իշխանությունը զավթել: Իսկ անօրինական զավթման դեպքում նրանք իրավասու չեն պետության անունից հանդես գալու:

Դա կլիներ հիմնավորում՝ խուսափելու որոշակի բանակցային գործընթացից: Իսկ եթե մենք այսօր Սերժ Սարգսյանին թոշակ ու տուն ենք տալիս, օրինականացնում ենք նրա իշխանությունը, հրաժարվել նրա բանակցած գործընթացից դժվար է: Հատկապես որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինելու: Այո՛, այսօր էլ սեղանին կան Մադրիդյան սկզբունքները, որոնք 7 շրջանի հանձնում են նախատեսում: Արդեն ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ոնց է դրանից պլստալու:

– Նկատելի է, որ քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը շեշտը դնում է հենց ՀՀԿ-ին պատասխանելու վրա, անընդհատ ՀՀԿ-ականներին է սպառնում ու վիրավորում: Արդյոք դա չի՞ շեղում քարոզարշավը հիմնական նպատակից:

– Այն, որ ՀՀԿ-ն պետք է քննադատվի, միանշանակ է, որովհետև ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում այսօրվա մեր երկրի խնդիրների մեծ մասի համար: Այն, որ քննադատության թիրախը ՀՀԿ-ն է, էլի հասկանալի է, որովհետև ՀՀԿ-ն հակահեղափոխական ուժն է: Բայց ես ինքան հասկանում եմ, խնդիրը միայն ՀՀԿ-ն չէ, Մարտի մեկի կոալիցիոն ուժերի նկատմամբ է դա նկատվում: Կա մեղավոր, և կան մեղսակիցներ, նրանց էլ պետք է գնա քննադատությունը: Պարզապես ինձ համար այս ամենում արտառոցն այն է, որ Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի փորձառության պակաս է նկատվում:

Ավելի շատ հրապարակախոս-լրագրողի և պատգամավորի փորձն է նա կիրառում: Ինքը հիմա վարում է այս ամբողջ ընտրապայքարը՝ որպես պատգամավոր, այն էլ՝ որպես ընդդիմադիր պատգամավոր: Ինքն այդ նույն ոճի ու հռետորաբանության մեջ է: Բայց այն, ինչ ընդունելի էր ապրիլ-մայիսին, այսօր արդեն ընդունելի չէ, քանի որ նոյեմբեր ամիսն է: Նիկոլ Փաշինյանն արդեն կես տարի է՝ վարչապետ է, իրեն պետք է պահի որպես վարչապետ, ինչը նշանակում է պատասխանատվություն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am