Քաղաքական «թմրամոլները»

Վահրամ Թոքմաջյան

Հռետորաբանության մակարդակում շատ հաճախ կարող ենք լսել արտահայտություններ, երբ որոշ գործիչներ խիզախ արտաբերում են՝ «պետությունը հո որբի գլուխ չէ»։

Այդ արտահայտությունն անելուց հետո նրանք խիզախ տեսքով բարձրախոսը փոխանցում են մեկ այլ, ավելի հայրենանվեր կռինչով աչքի ընկնողի, որի պատկերացումները հայրենիքի սիրո մասին չեն անցնում մի երկու կենսական «օբյեկտ» ունենալու ընկալումից։ 

Այժմ, հրապարակային արձագանքելով այդ գործիչներին, վստահ կարող ենք պնդել՝ պետությունը որբի գլուխ է։

Ոչ միայն պետությունն է որբի գլուխ, այլ նաև հայրենիքը և այն նույն ժողովորդը, որին բոլորն այդքան շատ են սիրում հղում անել, հատկապես՝ քաղաքական սեռահասունացման ինքնախաբեության փուլում։

Հայաստանի քաղաքական կյանքը, գործընթացների տիրույթը որևէ վերլուծության չեն դիմանում։ Չկա մի բանական տրամաբանություն, որը կարող է վերլուծել այս վիճակը և ռացիոնալ ելքեր հուշել։ Վիճակը պատային է, քան երբևէ։

Իսկ պետությունը դարձել է որբի գլուխ, քանի որ չունի տեր։ Երբ ես ժամանակին խոսում էի քաղաքական դաշտի ամլացման մասին, ապա հենց այս ծայրահեղ իրավիճակը նկատի ունեի։

Իրավիճակներ, երբ ընդդիմությունը հակակշռում է իշխանությանը, իսկ իշխանությունը՝ հակառակը։ Սա պետությունների կենսունակության աքսիոմ է։ Հայաստանում, ցավոք, բոլորովին այլ տրամաբանություն է։

Այդ հակակշիռների մեխանիզմը վաղուց վերացած է։ Իշխանությունը և ընդդիմությունը զբաղված են ոչ թե միմյանց հակակշռելով, այլ ամենաբիրտ ձևով հակադրվելով, որի անխուսափելի ողբերգական հարվածները կրելու է պետությունը։

Թվացյալ, բայց ոչ հիմնազուրկ տպավորություն է, որ երկու կողմն էլ թքած ունի պետության վրա։ Երկու կողմն էլ չունի ըստ էության պատկերացում, թե ինչպես դուրս գալ այս վիճակից։ Երկու կողմն էլ չի ընկալում, որ որբ է մնում «երեխան»՝ Հայաստանի Հանրապետությունը։

Կողմերը նմանվում են քաղաքական «թմրամոլների»։ Թմրամոլները հերթական չափաբաժինը ստանալուց հետո, երբ կարճատև հեշտանքի, թմբիրի վիճակում են, կարծում են, թե ունեն կամքի ուժ այդ արատավոր երևույթից հրաժարվելու։ Նրանք կարծում են, թե հեշտությամբ կհրաժարվեն հերթական չափաբաժնից, երբ ավարտվի թմբիրի վիճակը։

Իհարկե նման բան տեղի չի ունենում, և հերթական չափաբաժնից հետո նրանք ավել խորն են ընկղմվում այդ արատավոր չարիքի մեջ։ 

Ճիշտ նույն իրավիճակում է ներկայիս քաղաքական դաշտը։ Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը քաղաքական «թմրամոլի» մոլագարությամբ տենչում են իշխանական բարձունքներ։

Նրանց ոչինչ հետաքրքիր չէ, բացի իշխանությունից։ Իսկ որպես թմրանյութ օգտագործում են «ժողովուրդ» և «կործանում» հասկացությունները։

Երկու կողմի մոլագար մխրճումն այս պայքարի մեջ այնքան է խորացել, որ կողմերից որևէ մեկը չունի պատվավոր նահանջի գեթ փոքրիկ միջանցք։

Թմրանյութը մի օր կվերջանա, իսկ պետությունը կմնա որբի գլուխ։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am